«Հայկական» լոլիկի ռեկորդը
Անկեղծ ասած, այս հոդվածն ի սկզբանե ոչ թե լոլիկի մասին պետք է լիներ, այլ՝ Հայաստանի արտաքին առևտրի ու, մասնավորապես, Եվրասիական տնտեսական միության հետ մեր առևտրային հարաբերությունների մասին։ Սակայն վիճակագրական տվյալների հպանցիկ դիտարկումը բավական էր՝ հասկանալու համար, որ հոդվածի հերոսը դառնալու է լոլիկը։ Բայց ամեն ինչ՝ հերթով։
Ուրեմն այսպես, 2016 թվականի հունվար-ապրիլին Հայաստանից արտահանումը կազմել է շուրջ 514.5 մլն դոլար, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 22,2%-ով։ Արդեն նշել ենք, որ արտահանման այս թիվը՝ տարվա առաջին 4 ամիսների համար, ռեկորդային է։
Այդ թվում, դեպի ԵՏՄ երկրներ արտահանումը կազմել է 100.4 մլն դոլար։ Սա ընդհանուր արտահանման 1/5 մասից էլ քիչ է։ Սակայն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ դեպի ԵՏՄ երկրներ արտահանումը կրկնապատկվել է։
100.4 մլն դոլարի մեծ մասը՝ 97.4 մլն-ը, բաժին է ընկել Ռուսաստանին (աճը՝ 2 անգամ)։ Հայաստանից Բելառուս արտահանման ծավալն աճել է 3.1 անգամ, սակայն ծավալը դեռ քիչ է՝ 2.2 մլն դոլար։ Դեպի Ղազախստան արտահանումը նվազել է 60%-ով և հունվար-ապրիլին կազմել ընդամենը 617 հազար դոլար։ Ղրղըզստան արտահանել ենք ավելի քիչ՝ 120.9 հազար դոլարի ապրանք-ծառայություններ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից բարձր է 2.4 անգամ։
Այս տվյալները նորություն չեն և մայիսի 31-ին հրապարակվել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից։ Այն ժամանակ էլ հետաքրքիր էր՝ իսկ կոնկրետ ո՞ր ապրանքների հաշվին է աճել արտահանումը, սակայն տվյալները հասանելի չէին։
Ազգային վիճակագրական ծառայությունը, ինչպես հայտնի է, արտաքին առևտրի տվյալներն ապրանք-երկիր կտրվածքով չի հրապարակում։ Դա անում է մաքսային ծառայությունը, սակայն ՀՀ մաքսային ծառայության կողմից հրապարակված ամենաթարմ ցուցանիշը վերաբերում է 2015 թվականին։
Սակայն նման տվյալներ հրապարակում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։ Հենց նրանց տվյալների բազայից մենք փորձեցինք հասկանալ՝ ի՞նչ ենք արտահանում ԵՏՄ երկրներ, և ինչի՞ հաշվին է գրանցվել այս աճը։
Պարզվեց, Հայաստանից ԵՏՄ ամենից շատ արտահանվում է թունդ ալկոհոլային խմիչքներ։ Արտաքին առևտրի դասակարգման մեջ դա նշվում է 2208 կոդով, և կոնկրետ մեր դեպքում այս կոդի տակ պետք է հասկանալ, առաջին հերթին, կոնյակը։
Ըստ ԵՏՀ տվյալների՝ 2016 թվականի հունվար-ապրիլին Հայաստանից ԵՏՄ երկրներ արտահանվել է մոտավորապես 2.7 մլն լիտր բացարձակ սպիրտի պարունակությամբ թունդ ալկոհոլային խմիչք՝ 29.6 մլն դոլար մաքսային արժեքով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ այս ապրանքախմբի արտահանումն աճել է բնեղեն արտահայտությամբ՝ 2.4 անգամ, արժեքային արտահայտությամբ՝ 2.3 անգամ։
Կրկնակի աճել է նաև պանրի և կաթնաշոռի արտահանումը։ 2016 թվականի հունվար-ապրիլին Հայաստանից ԵՏՄ երկրներ արտահանվել է 1930 տոննա պանիր և կաթնաշոռ՝ մոտավորապես 6.2 մլն դոլար մաքսային արժեքով։ Ընդ որում, այստեղ պետք է նկատի ունենալ հիմնականում պանիրը, քանի որ կաթնաշոռի կշիռն այս խոշորացված ապրանքախմբում չնչին է։
Սակայն աճի չեմպիոնը, ինչ խոսք, լոլիկն է, որը ներկայացվում է 0702 կոդով։ 2016 թվականին Հայաստանից ԵՏՄ երկրներ արտահանվել է 20366 տոննա լոլիկ՝ ավելի քան 14 մլն դոլար մաքսային արժեքով։ Լոլիկը դարձել է երկրորդ խոշոր արտահանման հոդվածը՝ կոնյակից հետո։
Սակայն լոլիկի հմայքը երևում է, երբ թվերը համեմատում ենք նախորդ ժամանակահատվածների հետ։ Ինչպես տեսնում եք, ԵՏՀ տվյալների բազայից վերցված այս աղյուսակում նշված չէ, թե 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ լոլիկի արտահանումը որքանով է աճել։ Ինչո՞ւ։ Որովհետև նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը չափազանց փոքր է եղել։
Որպեսզի ավելի հասկանալի լինի՝ ինչ տարբերության մասին է խոսքը, 2 տվյալ նշենք. 2014 թվականին (ամբողջ տարվա կտրվածքով) Հայաստանից արտահանվել է ընդամենը 217.7 տոննա լոլիկ, իսկ 2015 թվականին՝ 1254 տոննա։ Սա ոչ թե դեպի ԵՏՄ երկրներ, այլ ամբողջ արտահանման թիվն է։ Ու հիմա՝ տարվա 4 ամիսներին՝ ավելի քան 20 հազար տոննա՝ միայն ԵՏՄ երկրներ։ Այսինքն՝ միայն այս տարվա առաջին չորս ամիսներին միայն ԵՏՄ երկրներ 16 անգամ ավելի շատ լոլիկ է արտահանվել, քան նախորդ ամբողջ տարվա ընթացքում՝ բոլոր երկրներ։
Այս աստղաբաշխական աճն այնքան տարօրինակ է, որ թույլ չի տալիս հավատալ թվերի իսկությանը։ Ու այս առումով միանգամից հիշեցինք «չար լեզուների» տարածած լուրերը, որ Թուրքիայից Հայաստան է ներկրվում մեծ քանակությամբ լոլիկ, պիտակները փոխարինվում են հայկականով, ու հայկականի անվան տակ թուրքական լոլիկն արտահանվում է Ռուսաստան։
Նշվում էր նաև, որ ռուսական կողմն ի վերջո գլխի է ընկել այս մասին, և լոլիկը փորձաքննության ենթարկելուց հետո ետ են ուղարկել՝ նշելով, որ այն մեծ քանակությամբ թունաքիմիկատներ է պարունակում։
Հետո, իհարկե, ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հերքեց այս տեղեկությունները՝ պնդելով, որ Ռուսաստանը հայկական լոլիկի անվան տակ ներկրվող թուրքական լոլիկ չի վերադարձրել Հայաստանին։ Ինչ վերաբերում է Թուրքիայից լոլիկի ներկրմանը, ՍԱՊԾ-ն տեղեկացրել էր, որ ընթացիկ տարում Թուրքիայից Հայաստան է ներմուծվել ընդամենը 120 տոննա լոլիկ։ 120 տոննան՝ ուր, 20366 տոննան՝ ուր։
Մի խոսքով, պաշտոնական վիճակագրությունը մեզ համոզում է, որ պոմիդորագործությունը 2016 թվականի սկզբին Հայաստանում ճեղքում է գրանցել։
Ի դեպ, հայկական լոլիկի սխրանքի մասին մեկ շաբաթ առաջ ակնարկել էր նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հունիսի 20-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ նա հարկ էր համարել հատուկ ուշադրության արժանացնել այս հարցը՝ ասելով. «Մեր հանդիպման սկզբում կցանկանայի նշել, որ մենք արձանագրում ենք ապրանքաշրջանառության աճ` չնայած մեր և միջազգային տնտեսություններում առկա բոլոր դժվարություններին։ Մի քանի անգամ, կարելի է ասել, աճել է հայկական կողմից գյուղատնտեսական ապրանքների մատակարարումը ռուսական շուկա, ինչը մեզ շատ է ուրախացնում։ Հուսով եմ, որ, ընդհանուր առմամբ, այս միտումը լիովին կամրապնդվի թե՛ ապրանքաշրջանառության զարգացման, թե՛ մեզ համար զգայուն ապրանքախմբերի տեսակետից»։
Ճիշտ է՝ Սերժ Սարգսյանն այն ժամանակ թույլ չէր տվել հանգամանորեն կանգ առնել այս հարցի վրա՝ հիշեցնելով, որ հանդիպումը հիմնականում նվիրված է Լեռնային Ղարաբաղին։ Ու թերևս այդ պատճառով էլ շատերի մոտ թյուր կարծիք էր ձևավորվել, որ խոսքը վերաբերում է վարունգին։
Սակայն, ինչպես ասում են, ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում։ Հիմա մենք գիտենք, որ մեծ ծավալի պանիր ու պոմիդոր ենք արտահանում Ռուսաստան։ Այնպես որ, մեր ռազմավարական դաշնակիցները կարող են հանգիստ խղճով հաց-պանիր-պոմիդոր ուտել՝ հայկական թունդ ալկոհոլային խմիչքներն օրգանիզմ ներմուծելուց հետո։