ՆԱՏՕ-ՀՀ համագործակցության համար մթնոլորտը բարենպաստ չէ Հայաստանի նկատմամբ ռուսական ճնշումների հետևանքով». լեհ փորձագետ
ՆԱՏՕ-ն առաջիկայում պետք է փորձի առկա մարտահրավերներին դիմագրավելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել, ՆԱՏՕ-ի առաջիկա ծրագրերի, հարավկովկասյան հետաքրքրությունների շուրջ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված հարցազրույցի ժամանակ նման տեսակետ հայտնեցին Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի (Վարշավա) քաղաքական փորձագետ Կոնրադ Զաշտովտը և նույն կենտրոնի փորձագետ Արթուր Կասպրչիկը:
Արթուր Կասպրչիկը մեկնաբանեց, թե ինչպիսի մարտահրավերների առջև է կանգնած այսօր ՆԱՏՕ-ն: Նրա որակմամբ, ՆԱՏՕ-ն ներկայումս բախվում է մի շարք, հաճախ՝ փոխկապակցված մարտահրավերների, որոնցից մեկն անկայունությունն է Եվրոպայի հարավում, որը հանգեցրեց ահաբեկչական սպառնալիքի աճի ու մասսայական միգրացիայի: Մյուս մարտահրավերները, Կասպրչիկի դիտարկմամբ, Ռուսաստանի ռևիզիոնիզմն է, որը լուրջ սպառնալիք է դաշինքի ոչ միայն՝ արևելյան գործընկերների, այլև՝ ողջ Եվրոպայի կայունության համար:
Բացի դրանից, ՆԱՏՕ անդամ երկրները ենթարկվում են ավելի հաճախակիացող ու անորսալի կիբեր հարձակումների ոչ միայն՝ պետական, այլև՝ ոչ պետական խաղացողների կողմից: Եվս մեկ ռիսկ է բալիստիկ հրթիռների շարունակական տարածումը:
«Ըստ էության, այս սպառնալիքների դեմ պայքարելու շուրջ քաղաքական կոնսենսուսի ձեռքբերումն ամենաբարդ խնդիրն է: Դա բավարար ռեսուրսներ է պահանջում: Ուելսում գործընկերները պարտավորություն ստանձնեցին բարձրացնել պաշտպանական ծախսերը մինչև ՀՆԱ 2%-ի: Ներկայումս միայն 5 երկիր՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Լեհաստանը, Էստոնիան ու Հունաստանն են հասել այդ նպատակին: Որոշ ազդանշաններ խոստումնալից են, շատ գործընկերներ սկսել են մեծացնել իրենց ռազմական բյուջեները, 2015թ. Եվրոպայում ընդհանուր ծախսերն առաջին անգամ սառը պատերազմից հետո դադարեցին ընկնել, և կլինի որոշակի աճ այս տարի: Պաշտպանության ծախսերը կարևոր են ոչ միայն՝ ռազմական ներուժի, այլև՝ քաղաքական կոնտեքստի տեսանկյունից:
Ինչպես ԱՄՆ-ում շարունակվող նախագահական արշավն է ցույց տալիս, ամերիկացիներն ավելի ու ավելի են հիասթափվում եվրոպական այն երկրներից, որոնք բավարար պատրաստակամություն չունեն իրենց պաշտպանության համար վճարելու»,- նման կարծիք հայտնեց լեհ փորձագետը՝ հավելելով, որ այս առնչությամբ Եվրոպան պետք է ավելին անի, քան ԱՄՆ-ը: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն ռազմավարություն է մշակում այս մարտահրավերներին դիմագրավելու ուղղությամբ, որի ուրվագիծը որոշակիորեն կբացահայտվի առաջիկայում Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում:
Կոնրադ Զաշտովտը, անդրադառնալով Հարավային Կովկասի երկրների ու ՆԱՏՕ-ի համագործակցությանն, ասաց, որ մերձենալով եվրոատլանտյան հանրության՝ ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի հետ, Հարավային Կովկասի երկրները ավելի են մոտենում խաղաղությանն ու կայունությանը: Դրա այլընտրանքը, ըստ նրա, եվրասիական ինտեգրացիան է Ռուսաստանի առաջնորդությամբ կամ էլ ինչ-որ իզոլյացիոնիզմ՝ ամենալավ դեպքում դա ստատուս-քվոյի ամրապնդում է, սառեցված հակամարտությունների թեժ փուլի վերականգնման բարձր ռիսկի առկայությամբ կոռումպացված տնտեսական ու քաղաքական էլիտաներով, մարդու վատթարացող իրավունքներով, ընդլայնվող ավտորիտար միտումներով:
«Միայն կայունությունը տնտեսական բարգավաճման, ազատ շուկայական հարաբերությունների, օրենքի գերիշխանության, ժողովրդավարական չափանիշների հետ կարող են առաջ մղել այնպիսի երկրներին, ինչպիսին Հայաստանն ու Ադրբեջանն են, հակամարտության կարգավորման: Խաղաղության համար այս բոլոր պայմանները կարող են իրականություն դառնալ եվրոպական և եվրոատլանտյան կառույցներին տարածաշրջանի հետագա մերձեցման դեպքում»,-նման համոզմունք հայտնեց Կոնրադ Զաշտովտը:
Գնահատելով ՆԱՏՕ-Հայաստան համագործակցությունը՝ նա նշեց, որ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում Հայաստանն ու ՆԱՏՕ-ն համագործակցության բազմամյա փորձ ունեն, Հայաստանը նաև խաղաղապահ ISAF ծրագրին է մասնակցում: «Ցավոք սրտի, ներկայումս համագործակցության համար կլիման լավը չէ Հայաստանի նկատմամբ ռուսական ճնշումների հետևանքով: Ռուսաստանը ցանկանում է, որպեսզի ՀԱՊԿ անդամները գործեն, որպես հականատօյական ալյանս, որն իր հետևանքներն է ունենում նաև Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության վրա»,-ընդգծեց Զաշտովտը: