Ի՞նչ է Սերժ Սարգսյանը տարել Ստեփանակերտ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնոդրությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների սանկտպետերբուրգյան հանդիպման ընթացքում, ըստ ամենայնի, ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնք տեղ չեն գտել երեք նախագահների ամփոփիչ հայտարարություններում: Դժվար է ասել՝ կոնկրետ ինչ համաձայնությունների մասին է խոսքը, սակայն դատելով հանդիպմանը հաջորդող տեղեկատվական-քարոզչական արտահոսքերից, ինչ-որ հարցի շուրջ, այնուամենայնիվ, Սանկտ Պետերբուրգում համաձայնություն է ձեռք բերվել:

«Սանկտ Պետերբուրգում պայմանավորվածություն է ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլային կարգավորման շուրջ,- այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը՝ մանրամասնելով,- Հանդիպման ժամանակ նախապատվությունը տրվել է հակամարտության փուլային կարգավորմանը, այսինքն՝ հակամարտությունն անհրաժեշտ է լուծել փուլային եղանակով. նախ՝ ազատվում է 5 շրջանը, ապա՝ ևս 2 շրջանը, և հստակեցվում է միջանցքը: Ապա հստակեցվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Կողմերը համաձայնություն են ձեռք բերել այդ ուղղությամբ»: Դրան անմիջապես հետևել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հերքման տեքստը, որում վերջինս, իհարկե, ասել է, որ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծմանը վերաբերող որևիցե պայմանավորվածություն ձեռք չի բերվել:

Բայց Նալբանդյանի հերքումն ավելի շատ այն մասին է, որ Մամեդովը չէր կարող տեղեկացված լինել ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: «Այդ պաշտոնյան՝ Նովրուզ Մամեդովը, երբեք չի մասնակցել որևէ բանակցությունների։ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովը բացառություն չէր։ Վերջին հանդիպման ժամանակ նա ներկա է գտնվել միայն աշխատանքային ճաշին, որի ընթացքում քննարկվել են բացառապես միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ավելացման հարցը։ Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրի փաթեթային կարգավորմանը, ապա առաջին հերթին՝ դրա հիմքում, ինչպես բազմիցս հայտարարվել է, պետք է ընկած լինի Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման ճանաչումը…»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը։ Հասկանալի է, որ Մամեդովն այդ հայտարարությունն արել է ոչ թե՝ իր անունից, և ոչ թե՝ հիմնվելով իր՝ բանակցություններից ստացված տպավորության, այլ իր ղեկավարի՝ Ալիևի կողմից:

Ընդ որում, հնարավոր է, որ Նալբանդյանն իրավացի է այն առումով, որ Մամեդովի ներկայացրած տեսքով առարկայական համաձայնություն ձեռք չի բերվել: Խնդիրը, սակայն, այն է, որ դա, այսինքն՝ ազատագրված շրջանների փուլային հանձնումը՝ Լեռնային Ղարաբաղի անորոշ կարգավիճակի դիմաց, Ադրբեջանի անխախտ մոտեցումն է, որը, ըստ ամենայնի, պահպանվել է նաև վերջին հանդիպման ժամանակ: Այլ կերպ ասած՝ փուլային տարբերակը, որին, ի դեպ, ինչպես հայտարարել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, համաձայնել է նաև ինքը՝ 2011 թվականին, Կազանում, այն պայմանն է, որն Ալիևը ներկայացնում է պատերազմ չսանձազերծելու համար:

«Տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» բանաձևն այսպիսով տրանսֆորմացվել է «տարածքներ կամ պատերազմ» երկընտրանքին, որը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բարձր հովանու ներքո, ըստ ամենայնի, դարձել է սանկտպետերբուրգյան բանակցությունների հիմնական կետը: Հայտնի է, որ ղարաբաղյան հարցի լուծման այդ տարբերակը ենթադրում է նաև որևէ ձևաչափով ռուս խաղաղապահների մուտք Լեռնային Ղարաբաղ, ինչը լրացուցիչ շահագրգռվածություն է հաղորդում Ռուսաստանին՝ ալիևյան ծրագրի իրագործման համար:

Որքանո՞վ են Մամեդովի հայտարությունները կամ Նալբանդյանի հերքումները համապատասխանում իրականությանը, այս պահին դժվար է ասել: Այս տեղեկատվական հոսքի մեջ, սակայն, շատ ուշագրավ է պաշտոնական հակիրճ հաղորդագրությունն այն մասին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ի՞նչ է իր հետ տարել Սերժ Սարգսյանը Ստեփանակերտ: Ակնհայտ է, որ նրա այդ այցն ուղղակիորեն կապված է սանկտպետերբուրգյան հանդիպման հետ:

Ընդ որում, դատելով հաղորդագրության հակիրճ ոճից, դա նախապես չծրագրված այց է: Այսինքն՝ ըստ ամենայնի, Սանկտ Պետերբուրգում Պուտինի մասնակցությամբ խոսվել է ինչ-որ քայլերի մասին, որոնց իրականացումն առանց Լեռնային Ղարաբաղի համաձայնության հնարավոր չէ: Ուշագրավ է, որ հենց երեկ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը դեմ է ռուսական խաղաղապահների մուտքին:

Տեսանյութեր

Լրահոս