«Ինքս 2010 թվականից սկսած աբորտ չեմ անում. Ոչ պլանավորված հղիությունից խուսափելու լավագույն միջոցը պահպանակների օգտագործումն է». Գեորգի Պողոսյան

Մանկաբարձ-գինեկոլոգ Գեորգի Պողոսյանի պնդմամբ՝ հղիության արհեստական ընդհատման ոլորտում պատժիչ մեթոդների կիրառմամբ հնարավոր չէ արդյունքի հասնել: Ապագա երեխայի սեռը որոշելու եղանակները գնալով շատանում են և դրա հետևանքով ավելանում է նաև հղիության ընդհատման դեպքերը: Նրա խոսքով՝ միայն բժիշկների բարեխղճությունից է կախված ցանկալի արդյունքի հասնելը: Բժիշկները` մինչև հղիության արհեստական ընդհատումը պետք է փորձեն ետ պահել, բացատրել թե ինչ հետևանք կարող է ունենալ աբորտը:

«Բժիշկները բացասական են վերաբերում աբորտներին: Ինքս 2010 թվականից սկսած աբորտ չեմ անում: Հայաստանում շատ հաճախ հղիության արհեստական ընդհատումը պայմանավորված է լինում պտղի սեռով: Պետք է պայքարել այս երևույթի դեմ: Կարելի է արգելել ուլտրաձայնային ստուգումը կամ բժիշկների նկատմամաբ պատժամիջոցներ կիրառել, բայց այս մեթոդներն արդյունավետ չեն: Բժիշկները պետք է փորձեն խոսել, համոզել, որ օրինակ 3 աղջիկ ունենալուց հետո կարելի է նաև չորրորդ աղջիկը ունենալ»,- այսօրվա ասուլիսում ասաց Գեորգի Պողոսյանը:

Միաժամանակ նա նշեց, որ կան մի քանի դեպքեր, երբ պետք է դիմել աբորտի, նախ` եթե երեխան ծնվելու է հիվանդ, կամ եթե մոր մոտ կան առողջական այնպիսի խնդիրներ, որի ժամանակ չի կարելի թույլ տալ, որ կինը ծննդաբերի:

Կանայք ոչ պլանավորված հղիությունից խուսափելու համար պետք է օգտագործեն ներարգանդային պարույրներ, հակաբեղմնավորիչներ, սակայն մի շարք դեպքերում հակաբեղնավորիչները անվնաս չեն, դրանց օգտագործումը կարող է հանգեցնել անոթային հիվանդությունների: Ոչ պլանավորված հղիությունից խուսափելու լավագույն միջոցը պահպանակների օգտագործումն է:

Կարդացեք նաև

«Հղիության ընդհատման պրոցեսը ընդհանուր առմամբ բարդություններ է առաջացնում: Բնության դեմ կատարած ցանկացած քայլ չի կարող անհետևանք մնալ: Չկա հղիության ընդհատման անվնաս մեթոդ: Հղի կնոջ օրգանիզմը ենթարկվում է փոփոխությունների, փոխվում է նույնիսկ կնոջ մտածելակերպը և հղիության արհեստական ընդհատման սթրեսը միշտ հետևանքներ է ունենում»,- ասաց Պողոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս