«Բայց ինչո՞ւ եք նիստը ռադիոյով լսում, հետո գալիս՝ վարման կարգով բովանդակային քննարկում սկսում. գայիք՝ դահլիճում քննարկեիք». Նաղդալյանը բարկացավ
Այսօր Ազգային ժողովում, մի շարք օրենքների նախագծերի հետ միասին՝ ընդունվեց նաև Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2016 թվականի մայիսի 12-ին ստորագրված «Էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր» վարկային համաձայնագիրը:
Քվեարկությունից առաջ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը բոլոր վարկային ծրագրերին դեմ է քվեարկել. «Եթե որևէ մեկը համարում է, որ իշխանությունը, կառավարություն կոռումպացված է, նշանակում է՝ չի կարելի է վստահել այդ միջոցների ծախսումը, համարում եմ՝ եթե որևէ մեկը կառավարությանը համարելով կոռումպացված՝ կողմ է քվեարկել, կա՛մ վստահության քվե է տալիս կառավարությանը, կա՛մ էլ հանդես է գալիս այդ միջոցները փոշիացնելու հանցակցի դերում»:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ նշեց, որ էլեկտրակայանների «հանցագործ» գործունեության բեռը պետությունը չպետք է վերցնի իր վրա. «ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու այդ նախագծին»:
Պատգամավոր Ստեփան Մարգարյանն էլ ասաց, որ վարկ վերցնելը պատասխանատու և կարևոր գործ է. «Ինչ վերաբերում է այս կարևոր հարցի քննարկմանը, ես երեկ հետևում էի ռադիոյով, շատ քիչ մարդ կար դահլիճում, լսել եմ մանրամասն պարզաբանումները, մեկնաբանությունները. ի՞նչ է նշանակում՝ «Նաիրիտի» պարտքն ենք փակել, ինչո՞ւ պետք է այդ պարտքը մենք մեր վրա վերցնենք, եթե նրանք վատ կառավարում են իրականացրել»:
«Բայց ինչո՞ւ եք նիստը ռադիոյով լսում, հետո գալիս՝ վարման կարգով բովանդակային քննարկում սկսում. գայիք՝ դահլիճում քննարկեիք»,- բարկացավ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: