Բաժիններ՝

8.5 միլիոն դոլար կտրամադրվի ատոմակայանին, 21.5 միլիոն դոլար՝ Երևան ՋԷԿ-ին

Ազգային ժողովը քննարկում է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր» վարկային համաձայնագիրը, որը միտված է էլեկտրաէներգետիկական համակարգի ֆինանսական առողջացմանը:

Հիմնական զեկուցողը՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանի խոսքով՝ վերջին տարիների ընթացքում Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական վիճակի վատթարացման վրա լուրջ ազդեցություն են գործել մի շարք գործոններ: Մասնավորապես, համակարգի ընկերությունների գործունեության հետ չկապված ծախսերի կրումը և փոխառությունների տրամադրումը, սակագների հիմքում դրված ոչ իրական էներգահաշվեկշիռները և դրա արդյունքում Հայաստանի էլեկտրական ցանցերի կողմից արտադրող կայաններին և հաղորդողին թերվճարումները:

«Սկսած 2014 թ.՝ Հայաստանի կառավարությունը իրականացնում է միջոցառումներ, որոնք միտված են էներգահակամարգի ընկերությունների ֆինանսական առողջացմանը: Կառավարության 2016 թ. փետրվարի 18-ի արձանագրային որոշմամբ հավանության արժանացավ «էլեկտրաէներգետիկական համակարգի պետական ընկերությունների ֆինանսական առողջացման» ծրագիրը: Ծրագրով նախատեսված միջոցառումները կայուն ազդեցություն կունենան էլեկտրաէներգետիկական ոլորտի պետական արտադրող ընկերությունների՝ Հրազդան ՋԷԿ-ի և «Հայաստան» էլեկտրական ցանցի ֆինանսական վիճակի վրա»,- ասաց Գալստյանը:

Նրա խոսքով՝ նախատեսված միջոցառումները կնպաստեն երկարաժամկետ հատվածում համարժեք և հուսալի էլեկտրաէներգիայի ապահովմանը: «Կառավարությունը սահմանել է նաև հանձնարարականներ՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ պետական ընկերությունների բարձր տոկոսադրույքով առևտրային վարկերը ցածրատոկոս և երկարաժամկետ միջոցներով վերակառուցելու համար, խնդրի լուծման նպատակով բանակցել դոնոր կազմակերպությունների հետ՝ հաշվի առնելով, որ ներգրավվող վարկային միջոցները չպետք է գերազանցեն 30 միլիոն ԱՄՆ դոլարը, և դրանց վերադարձը պետք է լինի 25-30 տարվա ընթացքում»,- մանրամասնեց փոխնախարարը:

Նա հավելեց, որ այդ հանձնարարականները կատարելու համար կառավարությունը դիմել է դոնոր կազմակերպություններին և արդյունքում 2016 թ. մայիսի 12-ին ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել է քննարկվող վարկային համաձայնագիրը:

«Բանկի կողմից Հայաստանին տրամադրվում է 30 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ: Վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից 14.5 տարին՝ արտոնյալ: Մայր գումարի մարումը կատարվում է 2030-2040 թթ. ընթացքում հավասար կիսամյակային վճարումներով: Տոկոսադրույքը 1.8 տոկոս է»,- ասաց Գալստյանը:

Վարկային միջոցները տրամադրվելու են Հայաստանի ատոմային էլեկտրակայանին և Երևան ՋԷԿ-ին: «8.5 միլիոն դոլար կտրամադրվի ատոմակայանին, որը կազմում է ընդհանուր գումարի 28.5 տոկոսը, 21.5 միլիոն դոլարն էլ կտրամադրվի Երևան ՋԷԿ-ին: Նրանք այդ գումարով վերաֆինանսավորելու են առևտրային բանկերից իրենց ներգրաված բարձր տոկոսադրույքներով վարկերը: Բացի այդ, Երևան ՋԷԿ-ը կմարի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հանդեպ բնական գազի իր պարտքերը»,- եզրափակեց Արեգ Գալստյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս