«Կարիք չկա դուռը շրխկացնել և գնալ, դա դեմարշ կլինի»

«Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ է, և առաջին անգամ չէ, որ համանախագահներից մեկի սեփական նախաձեռնությամբ, օգտվելով, որ այդ ժամանակ այլ միջոցառում էլ կա, հանդիպում է նախաձեռնվում: Որևէ տարաձայնություն չկա: Նման հանդիպում ժամանակին եղել է և՛ ֆրանսիական կողմի, և՛ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Եվ այդ իմաստով՝ ես չեմ կարծում, որ այստեղ որևէ անհանգստանալու կամ տարաձայնությունների խնդիր կա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Ռուսաստանի նախաձեռնությամբ կայանալիք՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

Ըստ նրա` մեկ անգամ չէ, որ եռանախագահ երկրներն ամենաբարձր մակարդակով նշել են, որ ղարաբաղյան հիմնահարցում ունեն միասնական դիրքորոշում` խնդրի լուծման համապարփակ երեք սկզբունքների հիման վրա, և թե՛ Լավրովը, թե՛ Քերին, երբ խոսում էին, միշտ խոսում էին իրենց գործընկերների անունից:

Դիտարկմանը, որ Վիեննայի պայմանավորվածությունները դեռ չեն կատարվել, Է.Շարմազանովը պատասխանեց, որ կյանքի չեն կոչվել, որովհետև ադրբեջանական կողմը շարունակում է ոչ կառուցողական հայտարարություն անել նախագահների մակարդակով, և, իր կարծիքով, նման էմոցիոնալ գնահատականները չեն օժանդակում բանակցային պրոցեսի մերձեցմանն ու առաջընթացին. «Եթե ուզում ենք առաջնթաց, պետք է հավատարիմ լինենք ընդունված սկզբունքներին»:

Շարմազանովը դժվարացավ նշել, թե ինչ է ակնկալում առաջիկա հանդիպումից. «Բայց բանակցություններն ավելի լավ են, քան չբանակցելը, ամեն դեպքում, ամենավատ բանակցությունն ավելի լավ է, քան իրար վրա կրակելը: Յուրաքանչյուր բանակցություն, թեկուզ վատ, հույս է, որ խաղաղ ճանապարհով խնդիրը կլուծվի: Կարիք չկա դուռը շրխկացնել և գնալ, դա դեմարշ կլինի, պետք է աշխատել և աստիճանաբար հասնել այն փուլին, երբ ԼՂ-ն կդառնա լիարժեք կողմ: Պատահական չէ, որ համանախագահները նշել են, որ համաձայնագրի վերջնական կարևորագույն փուլում ԼՂ պետք է դառնա բանակցային կողմ: Մի բան պարզ է, առանց Ղարաբաղի՝ անհնար է լուծել այս խնդիրը, որովհետև, եթե եռանախագահները խոսում են զինադադարի անժամկետ լինելու վերաբերյալ, ապա 94 թ. զինադադարի պայմանագիրը կնքել են նախևառաջ՝ Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանը և Հայաստանը»:

Կարդացեք նաև

Շարմազանովը հրաժարվեց մեկնաբանել սահմանային տեսանյութը. «Դա զինվորականների խնդիրն է: Իսկ տեսանյութի տեղադրումը համացանցում, կարծում եմ, ճիշտ չէ»:

Տեսանյութեր

Լրահոս