«Չքավորներին հանում են տներից, քանի որ իշխանությանը պետք է գեղեցիկ քաղաք». փարիզցիները՝ ընդդեմ Եվրո-2016-ի
Սիրո ու լռության քաղաք Փարիզում այս օրերին տարօրինակ աղմուկ է: Աղմուկի հեղինակները ոչ միայն 1.5 միլիոն երկրպագուներն են, ովքեր եկել են վայելելու ֆուտբոլային մեծ տոնը՝ Եվրոպայի առաջնությունը, այլև այն մարդիկ, ովքեր գտնում են, որ ֆուտբոլի համար նմանատիպ ծախսերը ավելորդություն են:
Փարիզի այգիներում այս օրերին շատ են դոլարի և եվրոյի նշաններով պաստառները, քաղաքական գործիչների պատկերները՝ դոլարից կարված հագուստով, դոլարի մեջ փաթաթված ֆուտբոլիստներ, իսկ այդ ամենի կենտրոնում Եվրո-2016-ի մեծ տարբերանշանը:
– Մենք այստեղ ենք, քանի որ Ֆրանսիայում շատ են խնդիրները: Հիմա մեկնարկել է Եվրո-2016-ը և մեդիան մոռացել է բոլոր սոցիալական խնդիրները: Ամենուր միայն ֆուտբոլ է, ֆուտբոլ, ֆուտբոլ,- պատմում է ակտիվիստներից մեկը:
– Մենք դեմ չենք ֆուտբոլին, մենք սիրում ենք այդ խաղը: Մենք ուրախ ենք, որ մեր երկիր են այցելել այսքան զբոսաշրջիկներ: Մենք դեմ չենք նրանց, մենք դեմ ենք ՈւԵՖԱ-ին, որը այստեղ շատ մեծ գումարներ է վաստակում, բայց չի վճարում հարկեր:
Մենք երկրպագելու ենք Ֆրանսիային: Մենք դեմ չենք առաջնության անցկացմանը, մենք դեմ ենք անցկացման կարգերին,-ֆրանսիական հեռուստատեսության եթերում պատմում է մեկ այլ ակտիվիստ:
Ցուցարարների շարքում է նաև ֆրանսահայ պատանի Մայքլը, ով իր պաստառով դեմ է արտահայտվում առաջնության հովանավորներին:
– Մենք դեմ ենք օրինակ ադրբեջանական Socar ընկերության հովանավորությանը, որը ողջ հասույթը ուղում է քաղաքական բռնաճնշումներին, զենքի գնմանը: Այդ զենքը հետագայում օգտագործվում է Ղարաբաղի բնակչության դեմ: Մենք դեմ ենք նաև Turkish Airlines-ին, որը աշխատում է ֆաշիստ նախագահ Էրդողանի հետ: Մենք սիրում ենք ֆուտբոլը, մենք դեմ չենք այս առաջնությանը, մենք դեմ ենք միայն կոռուպցիային և առաջնության խարդախ հովանավորներին,- պատմում է Մայքլը:
Ռուս լրագրող Վլադիսլավ Վորանինը պատմում է, որ ցուցարարները պաստառների վրա ցուցադրում էին ոչ թե հակաֆուտբոլային կոչեր, այլ կոչեր ուղված իշխանություններին:
– Խնդիրը բնավ սպորտ չէ: Ես սիրում եմ սպորտը, բայց այս առաջնությունը հասարակ մարդկանց դեմ է: Սեն-Դենի թաղամասում ապրում են շատ չքավոր մարդիկ: Նրանց պարզապես հանում են տներից, քանի որ իշանություններին պետք է գեղեցիկ քաղաք: Այս միջոցով դատարկվել է 150 բնակարան: Նրանց երեխաները չեն գնում դպրոց, քանի որ նրանք ապրում են իրենց տներից շատ հեռու գտնվող հոսթելներում:
Մենք դեմ ենք այս առաջնության անցկացման կարգին, այլ ոչ բուն առաջնությանը: Մեր պայքարը սոցիալական խնդիրների լուծմանն է ուղված: Մենք չենք ուզում, որ առաջնության պատճառով մարդիկ զրկվեն իրենց ունեցվածքից,- պատմում է ակտիվիստներից մեկը:
Սիրարփի Աղաբաբյան