«Սա հենց Հայաստանի շահերից է բխում, այլ ոչ թե՝ արտաքին ինչ-որ պահանջ է». Ստյոպա Սաֆարյան

Միացյալ Նահանգները կօգնի Հայաստանին բարելավել տնեսական իրավիճակը և ինտեգրվել Հարավային Կովկասի էներգետիկ համակարգի մեջ: Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայնը»՝ այս մասին Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ղեկավարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Թոմաս Մելիան՝ նշելով, որ Հայաստանին ուղղվող օգնությունը թույլ կտա նվազեցնել տնտեսական կախվածությունը Ռուսաստանից. «Այն Հայաստանին նաև թույլ կտա ինտեգրվել տարածաշրջանային էներգետիկ համակարգերի մեջ: Օգնության մի մասը միտված է լինելու նաև երկրի ներսում տեղական ինքնակառավարման ամրապնդմանը»:

168.am-ն այս թեմայով զրուցեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հետ

– Պարոն Սաֆարյան, ԱՄՆ-ի կողմից այս աջակցությունն ի՞նչ է ենթադրում:

– Սա ավելի շատ Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման աջակցություն է: Ռուսաստանի տնտեսության հետ կատարվածից հետո, երբ ակնհայտ դարձավ, որ Հայաստանը նույնպես էապես տուժում է Ռուսաստանում կիրառված պատժամիջոցներից, հասկանալի էր, որ Հայաստանը պատժվող երկիր չէ, բայց անխոհեմ և անխելամիտ քաղաքականություն վարելու արդյունքում մեծ կախվածության մեջ է հայտնվել Ռուսաստանից, այնտեղից ուղարկվող տրանսֆերտներից: Եվ եթե վերընթերցենք Եվրամիության կողմից անցած տարի հրապարակված մոնիտորինգի զեկույցը, ապա կտեսնենք, որ Հայաստանի նպատակներից մեկն ամրագրվել է ՝ Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացումը: ԱՄՆ-ը կարծես փոխհատուցում է Հայաստանին այն պատժամիջոցներից կրած վնասների համար, որոնք կիրառվել են Ռուսաստանի նկատմամբ: Բայց միաժամանակ, քանի որ Միացյալ Նահանգները տարածաշրջանում լուրջ շահեր ունի, և, ըստ էության, նրա համար Հայաստանի տնտեսական, քաղաքական և այլ կայունությունը չափազանց առաջնային է, բնականաբար, դրա համար, դրա հետ միասին, դրվում է խնդիր՝ օգնելու Հայաստանի դիվերսիֆիկացմանը: Քանի որ դա եղել է Եվրամիության զեկույցի շրջանակներում, փաստացի կարելի ասել, որ երկու գործընթաց միմյանց են փոխկապակցվում ու գումարը չի տրվում՝ որպես անհատույց փոխհատուցում, այլ աջակցություն՝ ՀՀ տնտեսությունը դիվերսիֆիկացնելու պայմանով: Այս կտրվածքով, իհարկե, այն կարող է իրապես մեղմել Հայաստանի տնտեսական անվտանգության խնդիրները:

– ԱՄՆ-ի կողմից այս քայլն էլ ավելի չի՞ մեծացնի հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածությունը:

– Իհարկե, լարվածությունը կմեծացնի, բայց թերևս պետք է խոստովանենք, որ այդ լարվածությունն արդեն վաղուց կա: Հայաստանում էլ արտացոլվում է այն, որ Ռուսաստանն ավելի շատ խնդիր ունի ոչ այնքան՝ Եվրամիության հետ, որքան՝ հենց Ամերիկայի: Եվ սկսած այն հայտարարություններից, որ ամերիկյան կազմակերպությունները ֆինանսավորում են Հայաստանի հ/կ-ներին՝ հակառուսական տրամադրություններ սերմանելու համար, և այլ տարատեսակ զրպարտությունները, թերևս, հենց այդ ճնշումների արդյունք էին: Երևի հիշում եք Ռուսաստանի դեսպանի այն հայտարարությունները, թե կան 100-ից ավելի կազմակերպություններ, որոնք սեպ են խրում հայ-ռուսական հարաբերությունների մեջ:

Փորձ է արվել հենց իշխանության քաղաքական կամքի վրա ճնշումներ գործադրել և նրան դրդել հակաամերիկյան գործողությունների: Մի բան, որ Իլհամ Ալիևի պարագայում մեծ հաջողությամբ արեցին ոչ միայն՝ Թուրքիայի, այլև՝ Ռուսաստանի իշխանությունները, և բավական ընդգծված դարձրին հակաամերիկյան տրամադրություններն այդ երկրում: Բայց քանի որ Հայաստանում իշխանությունը չգնաց նման քայլերի, ինչին գնաց Ալիևը, բնականաբար, այժմ ճնշումն այլ դաշտեր է տեղափոխվում: Այս կոնտեքստում չենք կարող չհիշատակել նաև ՌԴ ԱԳՆ խոսնակի հանկարծակի հիշելը Նժդեհի արձանը, և այլն: Այս կտրվածքով՝ իշխանությունների նկատմամբ ճնշումները կարծես թե ամբողջական են դառնում, և, բնականաբար, ԱՄՆ-ի կողմից այս քայլը պատկերը լրացնելու է, և մենք ավելի բարդ իրավիճակ ենք տեսնելու՝ Հայաստանի հետ կապված:

Իսկ դա կարո՞ղ է արտահայտվել Արցախում՝ ռազմական գործողությունների տեսքով:

– Կարող ենք ակնկալել, որ ոչ միայն այդ կտրվածքով կարող է դրսևորումներ ունենալ, այլ նաև՝ ներքաղաքական զարգացումների առումով, որովհետև այս կտրվածքով՝ իշխանության քաղաքական կամքի վրա կօգտագործվեն նաև Հայաստանի՝ ռուսական կողմնորոշման ուժերն ու շրջանակները: Ներքաղաքական լարումներ առաջացնելու և այդ կերպ իշխանություններին որոշակի քայլերի դրդելու համար:

– Պարոն Սաֆարյան, ՌԴից ժամանած քաղաքագետ Կարինե Գևորգյանը վերջերս նշեց, որ Ռուսաստանում խառնաշփոթ է, և լուրջ խոսակցություններ են գնում այն մասին, որ բոլոր օրգանները չեն աշխատել Հայաստանում, արդյունքներ չկան. նույնը, ինչ եղել է Ուկրաինայում: Այսինքն՝ նրանք աշխատել են միայն էլիտայի հետ, իսկ հասարակության մեջ ձևավորվել են հակառուսական տրամադրություններ: Ռուսաստանում առկա այս տրամադրություններն ինչի՞ կարող են հանգեցնել:

– Այն, որ Լավրովի այցից անմիջապես հետո «Կոմերսանտը» տպագրում է ՌԴ դեսպանության դժգոհությունը, որ Հայաստանում աշխատելը գնալով դժվարանում է, և այն, որ անանուն հոդվածին արձագանքում է ԱՄՆ դեսպանոթյունը և հերքում մեղադրանքները, թերևս, նշանակում է, որ՝ այո, մենք այս դաշտում ունենք լուրջ դրսևորումներ, որոնց ոչ բոլոր շերտերն են տեսանելի: Հետևաբար՝ սկսած ռուս քաղաքագետների կողմից հայ-ռուսական հարաբերությունների վերլուծություններից, վերջացրած Հայաստանում այդ հարաբերությունների հետ կապված հանրային բանավեճով, անշուշտ, մենք խնդիր ունենք: Թերևս, Ռուսաստանը հետո կհասկանա այն, ինչը ժամանակին ասվում էր իրենց, և իրենք դա նույնպես համարում էին հակաուսականություն: Երբ ասվում էր, որ հայ-ռուսական հարաբերությունների ամենամեծ թշնամիները պարզապես բաժակաճառերով բավարարվողներն են, որոնք փորձում էին չնկատելու տալ խորացող ասիմետրիան, խորացող դժգոհություններն ու աղճատումը հարաբերությունների, որոնք վաղ թե ուշ բերելու են իրենց խնդիրներին, Ռուսաստանին թվում էր, թե ինքն ամեն ինչ ճիշտ է անում, և Հայաստանը որևէ դժգոհություն չունի իր վարած քաղաքականությունից: Բայց ապրիլյան պատերազմը երբ արդեն շոշափեց բոլորի անվտանգության խնդիրները, բնականաբար, ավելի սթափ սկսեցին նայել Ռուսաստանի՝ Հայաստանի նկատմամբ վարած քաղաքականությանը: Ռուսաստանը ոչ թե պետք է փնտրի այլոց ականջներ կամ հետքեր, այլ հասկանա, որ ինքը Հայաստանի նկատմամբ իր վարած քաղաքականությունը վերափոխելու խնդիր ունի, և որքան ինքը շարունակի Հայաստանին շանտաժելու ու Հայաստանի համար զգայուն խնդիրներում անտարբեր լինելու իր քաղաքականությունը կամ դրանց հաշվին սակարկելու իր քաղաքականությունը, այնքան պրոբլեմները խորանալու են:

Վերադառնանք մեր թեմային. Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կօգտագործի Հայաստանն ԱՄՆ-ի տված այս հնարավորությունը, քանի որ սրանով ԱՄՆ-ը կարծես փորձում է Հայաստանին հասկացնել, որ Ռուսաստանն իրեն տանում է տնտեսական կործանման:

– Դրա մասին բավականին շատ է խոսվել, և այս կտրվածքով նկատելի է, որ նույն ամերիկյան այս ֆինանսական աջակցության հետ կապված խնդիր է դրված, որ այն չի տրվում պարզապես ծախսելու կամ գրպանելու համար: Պատահական չէ, որ դրվել է կոռուպցիայի դեմ պայքարի հարցը, տնտեսության դիվերսիֆիկացման խնդիրը: Այսինքն՝ այդ աջակցությունը լինելու է միայն այն դեպքում, երբ Հայաստանը շատ հստակ երաշխիքներ տա, որ ինքն այդ քաղաքականությունն իրականացնելու է: Հետևաբար՝ մենք գործ ունենք մի երևույթի հետ, երբ ֆինանսական հատկացումը պայմանավորվում է որոշակի քայլեր անելու հետ: Սա նաև իր մեջ մեսիջ է պարունակում, որ, ի վերջո, սա մի բան է, որ հենց Հայաստանի շահերից է բխում, և ոչ թե՝ արտաքին ինչ-որ պահանջ:

Տեսանյութեր

Լրահոս