Բաժիններ՝

«Մեր գործը շատ բարդ է լինելու». Վահագն Պապյան

Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային մրցույթն առաջին անգամ անցկացվում է դիրիժորություն մասնագիտությամբ: «Արմենպրես»-ն այս մրցության վերաբերյալ զրուցել է ժյուրիի անդամ, դիրիժոր և դաշնակահար Վահագն Պապյանի հետ:

-Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային մրցույթն ունի՞ ինչ-որ առավելություններ` համեմատած մյուս դիրիժորական մրցույթների:

-Այն առանձնահատուկ է, քանի որ մերն է: Մրցույթի արդյունքն ու առավելությունը հաշվվում են հաղթողների համար առաջընթացով: Եթե մրցույթը հնարավորություն է տալիս շփվել նվագախմբերի հետ, կազմակերպել նոր համերգներ ու ճանաչում ձեռք բերել, ապա այն կարող է համարել ստացված: Այս մրցույթն ունի շատ հզոր ժյուրի, որը ծանոթանում է մասնակիցների հետ և աջակցում նրանց:

-Ինչպե՞ս կբնութագրեք մասնակիցներին:

-Նրանց պատրաստվածության մակարդակը շատ բարձր է, դա ուրախացնում է: Բավականին փորձված դիրիժորներ են, որ մասնակցել և հաղթել են այլ մրցանակաբաշություններում: Նրանք արդեն ունեն գրանցած արդյունքներ ու պրակտիկա: Մեր գործը շատ բարդ է լինելու այդ իմաստով, քանի որ հավակնորդները բավականին «զինված» են:

-Իսկ հաջողությունների հասնելու համար դիրժորը պե՞տք է օժտված լինի հատուկ գծերով և ունակություններով:

-Անշուշտ, դիրիժորությունը շատ երիտասարդ, բայց բարդ մասնագիտություն է: Այն անընդհատ զարգանում է` համեմատ դաշնակահարների, ջութակահարների կամ երգիչների: Քանի որ դիրիժորությունն իր մեջ շատ ունակություններ է պարունակում, մենք չենք կարող այսօր գնահատել երիտասարդ երաժշտին իր ամբողջ հեռանկարով.կարող ենք միայն տեսնել այսօրվա մակարդակն ու պատրաստակամությունը, որ բնորոշ է դիրիժորին: Այս մասնագիտության մեջ ճանապարհը շատ երկար է:

-Բացի մասնագիտական փորձից` ի՞նչ կտա այս մրցույթը մասնակիցներին և ի՞նչն է նրանց համար ամենադժվարը լինելու:

– Մրցույթը կտա նաև կյանքի փորձ և մոտիվացիա, որ շատ հարկավոր է երիտասարդ երաժշտին: Նրանք կսովորեն և հաղթել, և պարտվել, որ շատ դժվար է: Ամենաբարդը լինելու է մրցության ավարտից հետո: Հաջորդ օրը վերսկսելու է կյանքի առօրեական ճանապարհը, և ամեն օր երիտասարդ դիրիժորը ստիպված է լինելու քիչ-քիչ սովորել և համառորեն առաջ շարժվել, որովհետև դիրիժորները շատ են, իսկ նվագախմբերը` քիչ:

-Իսկ ի՞նչ կտա այս մրցույթը հայ մշակույթին:

-Նախ և առաջ` սա շատ լավ իրադարձություն է Հանրապետության մակարդակով: Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային մրցույթն ավանդական է դարձել, և դրա միջոցով մենք առաջին հերթին պրոպագանդում ենք նրա անունն ու ստեղծագործույթունները: Մի սերունդը գնում է, և նրա տեղը գալիս է նոր ունկնդիր, որ պետք է իմանա և սիրի այդ երաժշտությունը:

-Ելնելով ձեր կենսափորձից` ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ դիրիժորներին:

-Երկար տարիների ընթացքում երաժշտություն դասավանդելով և հետևելով իմ կոլեգաների կյանքի ճանապարհին` ես նկատել եմ, որ նրանց չի հերիքում համբերատարությունը: Նրանք իրենց սկսում են զգալ չգնահատված ու փոխում են ճանապարհը: Այդ դիրիժորները պետք է համբերեն մինչ այն օրը, երբ պետք կգան. դիրիժորն ու իր փայտիկը ձայն չեն հանում, նրան երկար ժամանակ է հարկավոր ապացուցելու, որ իր կարիքը կա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս