Եվրոպան կարող է պատժամիջոցներ սահմանել Հայաստանի նկատմամբ
Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը, որն այս օրերին քննարկվելու է Ազգային ժողովում, իրականում շատ ավելի վտանգավոր է, քան միայն մտահոգությունները` որ այդ համաձայնագրով Հայաստանի հակաօդային պաշտպանության բնագավառում որոշումների կայացման իրավունքը փոխանցվելու է Ռուսաստանին:
Նախ՝ գրեթե չի խոսվում այն մասին, որ այս համաձայնագրի ընդունմամբ Հայաստանն այլևս չի կարողանալու իր հակաօդային պաշտպանության ուժերն օգտագործել Լեռնային Ղարաբաղին սպառնացող վտանգի դեպքում: Այս համաձայնագրով Հայաստանի հակաօդային պաշտպանության ուժերի իրավասությունը տարածվելու է միայն Հայաստանի Հանրապետության օդային տարածքի վրա, իսկ ՀՕՊ ուժերի միասնական համակարգմամբ զբաղվող Ռուսաստանը, բնականաբար, թույլ չի տալու դրանք օգտագործել Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի դեպքում՝ Ղարաբաղի պաշտպանությունն իրականացնելու նպատակով: Այսինքն` այս համաձայնագիրն ուղղակիորեն վնասելու է Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը, որի երաշխավորն է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը:
Բայց համաձայնագիրն ունի ավելի լայն, զուտ հայկական պետությունների անվտանգության շրջանակից դուրս գտնվող վտանգներ: 168.am–ի տեղեկություններով՝ այս համաձայնագրի ընդունումը խիստ դժգոհություն է առաջացրել Իրանի իշխանությունների շրջանում, և հենց այդ դժգոհություններով է պայմանավորված ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի` օրերս Իրան կատարած այցը:
Այցի մասին պատմող պաշտոնական հաղորդագրություններում, բնականաբար, ՀՕՊ-ի միասնական համակարգի առնչությամբ Իրանի մտահոգությունների մասին ոչինչ նշված չէ: Սակայն իրանական կողմը Հայաստանին հորդորել է ձեռնպահ մնալ այդ համաձայնագրի ստորագրումից, քանի որ դրանից հետո Հայաստանին սահմանակից Իրանի օդային տարածքը դառնալու է ոչ թե՝ Հայաստանի, այլ՝ միասնական հակաօդային պաշտպանության համակարգին սահմանակից տիրույթ` դրանից բխող բոլոր հետևանքներով:
Արևմտյան շրջանակներում Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծվող այս ՀՕՊ-ի համակարգը դիտարկվում է՝ որպես ՆԱՏՕ-ի դեմ ուղղված քայլ, և առայժմ՝ ոչ պաշտոնական, սակայն այլ խողովակներով փոխանցվում է, որ դրա նպատակը ՆԱՏՕ-ի համակարգերի վերահսկողությունն է: Այսինքն՝ ՆԱՏՕ-ի հետ մի շարք ձևաչափերով համագործակցող Հայաստանը (ընդ որում, մինչև օրս այդ համագործակցությունը շատ բարձր է գնահատվում հենց ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից) ներքաշվում է հակա-ՆԱՏՕ-ական ավանտյուրայի մեջ, ինչը չի կարող չանհանգստացնել նաև Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորել փորձող Իրանին: Էդվարդ Նալբանդյանի այցի շրջանակներում հայտարարվել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին մոտ ժամանակներս կայցելի Հայաստան, սակայն կոնկրետ ժամկետ չի նշվել: Բացառված չէ, որ այդ այցի կայացումը պայմանավորված է հենց ՀՕՊ միասնական համակարգի հետ կապված և տարածաշրջանային խնդիրներով:
Այս համաձայնագրի հետ կապված՝ Հայաստանը կարող է խնդիրներ ունենալ ոչ միայն՝ Իրանի, այլև՝ Եվրոպայի հետ:
168.am-ի նույն աղբյուրների համաձայն՝ եվրոպական դիվանագիտական շրջանակներից Հայաստանին փոխանցվել է, որ համաձայնագրի ընդունման դեպքում Եվրամիությունը կարող է վերանայել Հայաստանի հետ հարաբերությունները, ընդհուպ` կարող են պատժամիջոցներ սահմանվել Հայաստանի նկատմամբ: Այսինքն` ի տարբերություն մեր պաշտոնյաների, իշխանական ու ընդդիմադիր քաղաքական գործիչների, ովքեր կամ չեն հասկանում, կամ, որ ավելի վատ է, հասկանալով` փորձում են մոլորեցնել հասարակությանը, թե ՀՕՊ-ի միասնական համակարգի մեջ որևէ սպառնալիք չկա, որ այն ընդամենն «ամրապնդում է մեր անվտանգությունը» և այլն, աշխարհում շատ լուրջ են վերաբերվում այդ նախաձեռնությանը:
Ակնհայտ է, որ այդ համակարգի ստեղծումից հետո համաշխարհային ու տարածաշրջանային բաժանարար գծերը շատ ավելի խիստ են արտահայտվելու, և Հայաստանը, որը դեռևս գոնե փորձում է խուսանավել Ռուսաստան-Արևմուտք, Ռուսաստան-ՆԱՏՕ առճակատումից, ուղղակիորեն հայտնվելու է գծի այն կողմում, որում Ռուսաստանն է: Դրանից բխող բոլոր հետևանքներով: Ու պատժամիջոցներով: Եվ այս տեսանկյունից՝ ինչպես՝ Իրանից, այնպես էլ՝ Եվրոպայից Հայաստանին ուղղված ուղերձները պետք է ընդունել ոչ թե՝ որպես սպառնալիքներ, այլ՝ որպես բարեկամական զգուշացումներ` Հայաստանը վերջնականապես խորտակվող նավի կցորդ չդարձնելու համար:
Առաջիկա օրերին պարզ կդառնա` «և-և»-ի մասին տարիներ շարունակ թմբկահարող Հայաստանի իշխանությունը կկարողանա՞ խուսափել բաժանարար գիծ դառնալուց, թե՞ վերջնականապես կընտրի «կամ»-երից ամենավատը: