«Մեզ դիտողություն անելու փոխարեն՝ մի հատ նայեք ձեզ». Հրանտ Բագրատյան

«Այս որոշման կապակցությամբ, եթե պետությունը ՏԻՄ-երին գույք է տալիս, դրանց գրանցման վրա փող չի ծախսում, կատեգորիկ դեմ եմ: Գոյություն չունի կառավարման տեսություն, որը չասի` եթե դուք պայքարում եք կոռուպցիայի դեմ, կառուցվածքային առումով բոլորին պետք է թողնել նույն դաշտում: Նույն խնդիրներն ունենք հարկային ծառայության հետ, որ, եթե պետական ծառայություն են մատուցում, ազատված են ԱԱՀ-ից:

Ճիշտ հակառակը պետք է անել` ստեղծել միասնական տարածք: Տարբեր հարթություններ չպետք է ստեղծել: Եթե պետությունը մի գրպանից փողը տալիս է, մյուսով՝ ստանում, ի՞նչ տարբերություն: Եթե պետությունն իր համար արտոնություն է սահմանում, նա առանձնանում է տնտեսվարող սուբյեկտներից: Սա կոռուպցիայի հիմքերից մեկն է, ինքն ինքնըստինքյան, ուզի-չուզի, կոռուպցիա կստեղծի»,- այսօր ԱԺ նիստում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Նախագծով, հիշեցնենք, կարգավորվում են համայնքներին կամ պետությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ իրավունքի փոխանցումը պետությանը կամ համայնքին՝ առանց միջանկյալ գրանցումների: Հ.Բագրատյանը հիշեցրեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրինակն ու հայտարարեց, որ հիմա այդպես է` ինչքան վատ, այնքան լավ:

Նա նշեց, որ Տ.Սարգսյանը հայտարարում էր, թե 800 հազար մարդ է երկրից գնացել 90-ականներին. «Ասում էինք` ա´յ տղա, 400 հազարը Բաքվից եկածներն են, որոնց մուտքը չի ֆիքսվել, ելքը ֆիքսվել է, 250 հազարն աղետի գոտուց գնացածներն են: Իրականում այն ծանր տարիներին ավելի քիչ են գնացել, քան վերջին 8 տարիներին, որ գնացել է 290 հազար մարդ պաշտոնական տվյալներով»:

Հ.Բագրատյանն անդրադարձավ նաև սեփականաշնորհման գործընթացին ու նշեց, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ձեռնարկությունների պարտքը մտցնում էր արժեքի մեջ, որ բարձր թիվ ցույց տա, իսկ իր ժամանակ անվճար են տվել հողը, և դրա արդյունքը, ոլորտի աճն այսօր երևում է: Հ.Բագրատյանի խոսքով` 90-ականներին սեփականաշնորհվել են նաև խանութները, և այդ ամենի արդյունքում՝ 107 մլրդ դրամի պարտք է փակվել:

Նա նշեց, որ ՀԲ զեկույցի համաձայն՝ 94 թ. ՀՀ-ի 7% աճը պայմանավորված էր նրանով, որ սեփականաշնորհման արդունքում խելամտորեն կրճատել են պարտքը, չնայած մինչև մայիս պատերազմ էր գնում: «Ես կարող էի թիթիզավարի այդ պարտքը մտցնել գույքի մեջ»,- ասաց Հ.Բագրատյանը` հավելելով, որ այն ժամանակ սեփականաշնորհման հանձնաժողովի նախագահը հանրապետական է եղել, իսկ ինքն իրեն թույլ չի տվել մի կրպակ վերցնել` հանուն պետության: Բագրատյանը նկատեց, որ պատմություն է գրվում, իրենց մասին չի նշվում. «Մեկը մի 3 ամիս վարչապետ է եղել, կատարյալ մի ապուշ, նրա անունը կա: Ժողովուրդը կյանքում ինֆորմացիա չի ստանում, տենց էլ անցած դարերի պատմությունն է: Մեզ դիտողություն անելու փոխարեն՝ մի հատ նայեք ձեզ: Այսօրվա սեփականշնորհումները բոլորը քրեական բաներ են»:

Տեսանյութեր

Լրահոս