Վաղը պատերազմ էր

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց 2016-ի առաջին եռամսյակի սոցիալ-տնտեսական հիմնական տվյալները: Մեր տնտեսական կյանքի վերջին ցուցանիշներն ապրիլյան պատերազմից առաջ: Խաղաղության կամ, եթե ավելի ստույգ կուզեք՝ զինադադարի շրջանի վերջին եռամսյակն ահագին պերճախոս ցուցանիշներ ունի: Տվյալներ կան, որոնք երկրի տնտեսական ու քաղաքական իշխանություններին պիտի սթափեցնեին: Բայց դրանք պատշաճ ուշադրության չարժանացան:

Ու հիմա հետահայաց հետաքրքիր է զննել ու վերլուծել զինադադարի մեր նինջը: Երբ բակունցյան բզեզի նման օրորվում էինք ալպիական մանուշակի ծաղկի մեջ: Վիճակագիրներն իրենց իսկ հորինած կանոնների համաձայն՝ մեր սոցիալ-տնտեսական կյանքին օրորոցային էին երգում: Պաշտոնական վիճակագրության համաձայն, ամեն ինչ աճում էր: Թե՛ տնտեսական ակտիվության ցուցանիշը, թե՛ արդյունաբերությունը, թե՛ ծառայությունների ոլորտը, թե՛ աշխատավարձերը:

Գյուղատնտեսության մասին՝ էլ չասենք: Այն նույնիսկ ձմեռային ամիսներին նախորդ տարվա համեմատ 3 տոկոսանոց աճ էր գրանցել: Ամենակատաղին աճել էր ծառայությունների ոլորտը: Հաճելի է զննել մոռացված, բայց սիրելի երկնիշ թվով՝ 10 տոկոսանոց աճը: Վիճակագիրներին հաջողվել էր երկնիշ ցուցանիշի մոտեցնել նույնիսկ արդյունաբերության աճը՝ 9 տոկոս: (Եթե ապրիլյան պատերազմը չլիներ` երկրորդ եռամսյակում հաստատ արդյունաբերության երկնիշ աճին ականատես կլինեինք):

Այլ կերպ, կամ պարսկահայի բառապաշարով ասած՝ «մե քեֆ, մե ուրախութուն»: Բայց վիճակագիրներն ամենազոր չեն: Հաճելի թմբիր ծնող այս ցուցանիշների կողքին նրանց աչքից որոշ մանրամասներ սպրդել էին: Նախազգուշացնող մանրամասներ: 2016թ. ապրիլի 1-ի դրությամբ պաշտոնապես առաջին անգամ արձանագրվեց, որ երկրի բնակչությունը երեք մլն-ից նվազել է: Այն մինչ այսօր էլ լուրջ վերաբերմունքի և ուսումնասիրության չի արժանացել: Պատճառը երևի այն է, որ ժողովրդագրական ցուցանիշները վերջին տարիներին կտրուկ չէին տատանվում: Այս տարի էլ վիճակագիրներն արձանագրել են, որ 2015թ. ապրիլի 1-ի համեմատ մեր երկրի բնակչությունը պակասել է 12 հազար 300 մարդով: Թիվն ինքնին կարծես մեծ չէ: Այն նույնիսկ կես տոկոս չի կազմում:

Բայց այս անգամ բնակչության 0,4 տոկոս կրճատումը «մանրեց» երեք մլն ցուցանիշը: Իսկ դրա հետևանքները տնտեսության հիմնական գործակիցների վրա չեն կարող բացասական ազդեցություն չթողնել: Օրինակ՝ նշվում է, որ առաջին եռամսյակի ընթացքում առևտուրը նվազել է մեկ տոկոսով: Բայց երբ դիտարկում ես առևտրի ոլորտի ցուցանիշները, միանգամից աչքի է զարնում այն, որ մանրածախ առևտուրը նվազել է հինգ տոկոսով: Իսկ դա արդեն էական թիվ է, որն առաջին հերթին՝ կարելի է բացատրել բնակչության թվի պակասելով: Ընդ որում, բնակչության նվազումը բավական կայուն ցուցանիշներ ունի: Աճում է միայն մայրաքաղաքային բնակչության թիվը:

Աճում է չնչին չափով: Փոխարենը` պակասում է երկրի մյուս քաղաքների ու մարզերի գյուղական բնակչությունը: Մեր իշխանությունները մշտապես անտեսել են այս գործընթացները: Այս թեմայով երբեք քննարկումներ ու վերլուծություններ չեն եղել: Եթե, իհարկե, մոռանանք նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությունը, որ իշխանությունները արտագաղթը չեն կանխում, որպեսզի դժգոհող զանգված կրիտիկական ծավալով չկուտակվի երկրում: Մեր վիճակագիրներն առաջին եռամսյակի թվերի մեջ մի հաճելի ցուցանիշ էլ էին ապսպրել: Խոսքն այն մասին է, որ 2016-ին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ինը տոկոսով աճել էր արդյունաբերությունը: Եթե ապրիլյան պատերազմը չլիներ, այս ցուցանիշը երկար ժամանակ լինելու էր պաշտոնական լրատվության ու քաղաքական ելույթների հիմնական թեման: Ոչ ոք ուշադրություն չէր դարձնելու այն փաստի վրա, որ արդյունաբերության աճ կոչվածն ապահովվել էր հիմնականում հանքահումքային արդյունաբերության հաշվին:

Այն 29 տոկոսանոց «ցատկ» է արձանագրել: Երևի հենց սրանով է բացատրվում, որ տնտեսական իրական ու համեստ թվերի կողքին՝ նկատելի՝ 5 տոկոսանոց աճ է արձանագրել էլեկտրական էներգիայի արտադրությունը: Այլ կերպ ասած՝ պատերազմի նախօրեին իշխանություններն անդարդ ու հանգիստ տոնով պատրաստել էին տնտեսական առաջընթացի հերթական ու նույնքան անդարդ հաշվետվությունը: Այն նույնիսկ կարող էր փոքրիկ տոնական միջոցառումների առիթ դառնալ: Բայց պատերազմն ահագին բան ճշգրտեց: Նույնիսկ իշխանությունները բաց տեքստով խոսեցին այդ մասին: Խոսելուց բացի, դանդաղ քայլեր էլ են կատարում՝ խոստանալով շտկել իրավիճակը: 2016թ. առաջին եռամսյակի մակրոտնտեսական ամփոփ թվերի մեջ ներառված է նաև իրավախախտումների պատկերը: 2015թ. առաջին եռամսյակում Հայաստանում արձանագրվել է 4 հազար 144 հանցագործություն:

Այս տարի թիվն աճել է 601-ով: Բայց չշտապեք եզրակացնել, թե դա տեղի է ունեցել մեր Ոստիկանության վատ աշխատանքի արդյունքում: Բոլոր ուղղություններով իրավախախտումները նվազել են: Բացառություն են կազմել միայն «Պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները»: Հենց դրանք են 617-ով ավելացել:

Մեկ դար առաջ պետություններն ավելի անկեղծ էին՝ այս բնույթի հանցագործությունները քրեական ու մյուս օրենսգրքերում անվանվում էին «քաղաքական», հիմա միամիտ պետություն չկա: Հետևաբար՝ ոչ մի երկրում էլ քաղբանտարկյալ չկա: Բայց ընդունեք, որ նույնիսկ ժամանակակից ձևակերպումների դեպքում այդ ոլորտի «հանցագործությունները» հիմնականում սոցիալ-տնտեսական պայմանների հետևանք են: Ահա այսպիսին էին մեր մակրոտնտեսական ցուցանիշները պատերազմի նախօրեին:

Տեսանյութեր

Լրահոս