![](/banners/BeFunky-design.jpg)
«Ծանոթանալով Հայաստանի պատմությանը՝ զգացողություն է, թե ծանոթանում ես Ավետարանի պատմությանը». Գոնսալո Գուարչ
![](https://168.am/wp-content/uploads/2016/05/Gonsalo-1.jpg)
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ իսպանացի գրող, հրապարակախոս, ճարտարապետ Գոնսալո Գուարչին Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչման վկայագրի հանձնման հանդիսավոր արարողությունը:
Հայտնի է, որ Գոնսալո Գուարչը հեղինակ է Հայոց ցեղասպանության մասին երեք մեծածավալ վեպերի՝ «Հայկական տոհմածառ», «Հայոց կտակ» և «Սպիտակ լեռը» եռագրության, ինչպես նաև մի քանի տասնյակ գիտական հոդվածների, որով հեղինակը լուրջ ավանդ է ներդրել 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրի՝ Ցեղասպանության ճանաչման ու միջազգային դատապարտման հարցում:
«Իմ վերջին գիրքը, որ նմանապես պատմում է Ցեղասպանության ու դրա հետևանքների մասին, կոչվում է «Հակոբյանի գործը», որի հրատարակումից հետո, կարծում եմ՝ շատերը պետք է ցնցվեն՝ կարդալով այն: Ես շարունակում եմ գրել ցեղասպանության թեմայով և շարունակելու եմ մինչև կյանքիս վերջ», – լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց իսպանացի գրողը:
168.am-ի հարցին՝ ի՞նչն է իսպանացի հեղինակին այդքան հետաքրքրել խորամուխ լինելու հայկական ցեղասպանության թեմայի մեջ, Գոնսալո Գուարչը պատասխանեց. «Սա չափազանց արդար թեմա ու հարց է, հասնելու նրան, որպեսզի ամբողջ աշխարհն ընդունի դարասկզբի այդ մեծագույն ողբերգությունը: Երբ որևէ մեկը խորապես սկսում է թափանցել այս խնդրի խորքերը, ապա արդեն շատ դժվար պետք է լինի նրան դրանից հետ պահելը: Այնպիսի զգացողություն ունեմ, որ ես իմ ներսում, իմ հոգում երկատվածության զգացում ունեմ, որովհետև ինձ զգում եմ և´ հայ, և´ իսպանացի»:
Հայաստանի մասին առաջին անգամ Գոնսալո Գուարչը լսել է ջանադիր մի ընթերցասերից, որը նրան խորհուրդ է տվել ընթերցել «Իմ անունը Արամ է» գրական ստեղծագործությունը. «Այդ պահից սկսած ես հասկացա, որ այստեղ կա մի բան, որն ինձ շատ հարազատ է: Եվ եթե կուզեք իմանալ՝ Վիլյամ Սարոյանին ես համարում եմ իմ գրական կնքահայրը: Այսօր ես եղա Երևանի կենտրոնում տեղադրված նրա արձանի մոտ և սեղմեցի նրա ձեռքը: Գուցե չհավատաք, բայց ես ձեզ հավատացնում եմ, որ ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, թե ինքն էլ իմ ձեռքն էր սեղմում, զգացողություն էր, թե նա ինձ ինչ-որ բան է ուզում հաղորդել: Եվ ընդհանրապես, ծանոթանալով Հայաստանի և հայկական պատմության հետ, զգացողություն է, թե ծանոթանում ես Ավետարանի պատմությանը»:
Հայտնի գրող, հրապարակախոսը խոստովանում է, որ այստեղ՝ Հայաստանում, ինքն իրեն ավելի հայ է զգում, քան իսպանացի. «Իհարկե, սա չափազանց տարօրինակ զգացողություն է, հավանաբար ինչ-որ նմանություններ կան մեր լեզուների տեմպերամենտի միջև, և հետո, երբ գիտնականների մի խումբ ստուգեցին իմ գեները, նրանք գտան, որ, ամենայն հավանականությամբ, իմ նախնիներն անցել են Հայաստանով, և ես դա հստակ զգում եմ: Ես այստեղ եմ տիկնոջս, եղբայրներիս և նրանց կանանց հետ, և այստեղ անցկացրած յուրաքանչյուր րոպե մենք հուզված ենք, երջանիկ ու հոգեպես բավարարության զգացումով առլեցուն: Ես պետք է ասեմ նաև, որ բացի ցեղասպանության թեմայից, հիմա արդեն ինձ շատ հուզում է այն ամենը, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, որի զարգացումներին ես պարբերաբար հետևում եմ»:
Իսպանացի գրողը ծնվել է 1945 թվականին Բարսելոնայում: Իր գրեթե բոլոր ստեղծագործություններում նա արտահայտում է խորը վրդովմունք ու ընդվզում մարդկության դեմ թույլ տրվող դաժան ոճիրների՝ ցեղասպանությունների, պատերազմների և բռնությունների դեմ:
Հայոց ցեղասպանությանը նվիրված իր եռագրության առաջին գրքում՝ «Հայկական տոհմածառը» վեպում, որը 2005թ. հայերեն հրատարակվել է նաև Երևանում, հեղինակն իր ցասումն է արտահայտում թուրքական կառավարության իրականացրած հրեշավոր ծրագրի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Պատմավեպի համար Գոնսալո Գուարչին շնորհվել են ՀԲԸՄ «Կարպիս Փափազյան» մրցանակ, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում ու ՀՀ մշակույթի նախարարության բարձրագույն պարգևը՝ Ոսկե մեդալ:
Հեղինակի երկրորդ՝ «Հայոց կտակ» վեպն ընդգրկում է պատմական այն ժամանակահատվածը, երբ Օսմանյան կայսրությունում երիտթուրքերն ամենազազրելի կերպով դավեր նյութեցին, հորինեցին, ծրագրեցին ու հրահրեցին Հայոց ցեղասպանությունը: Գրքում հիշատակված հիմնական փաստերը, իրադարձություններն ու վայրերն իրական են:
Երրորդ գիրքը՝ «Սպիտակ լեռը», նվիրված է Լիբանանի պետության ստեղծմանը՝ 1909- 1935թթ., որն ընթերցելով՝ մեկ անգամ ևս համոզվում են, որ թուրքի անցած վայրերն ավերակի են վերածվում, իսկ տեղաբնակ ժողովուրդները՝ ոչնչանում: