«Տղաս չի թողնում լաց լինեմ. չեմ լացելու. Ասում է` պապան ինձ ասել է, որ ես պիտի ձեզ պահեմ. ես չեմ լացում…»
«Մեր հայրը զինվորական է: Խորհրդային բանակում էլ է ծառայել: Մանկուց միշտ սիրում էինք փորձել նրա համազգեստը: Չգիտես ինչու, Օնիկին այն ավելի էր սազում»,- Օլեգի խոսքի մեջ արդեն չի հնչում այն նախանձը, որ մանկության օրերին միշտ ուղեկցում էր իրեն, երբ փորձում էր համեմատվել եղբոր հետ: Եղբոր, փոխգնդապետ Օնիկ Գրիգորյանի համազգեստը համեստ հյուրասենյակում նրան նվիրված անկյունում է, աթոռի թիկնակին: Օլեգի հայացքի մեջ կա սեր, կարոտ, ցավ: Հպարտություն:
Հպարտութուն, որ եղբայրը նրան է նվիրել իր կյանքով ու մահով:
Փոխգնդապետ Օնիկ Գրիգորյանը զոհվեց ապրիլյան ագրեսիայի առաջին օրը:
Հայրենի գյուղում՝ Խրամորթում, հակասական լուրեր էին շրջում: Մի բան պարզ էր, որ հակառակորդը հարձակվել է: Նախկին զինորական հայրը շտապեց մոտակա զորամաս, կամավորագրվեց, զենք ստացավ, բայց դիրք չմեկնեց… ինչ-որ մեկն ասաց, որ Օնիկը վիրավոր է:
Մայրը` Լենորան, հիշում է ամուսնու տուն գալը, իրենց հոսպիտալ մեկնելը: Բաց, իրենց համար` փակ դռները, մարդկանց անցուդարձը եւ իրականության բացակայությունը. Օնիկը ոչ զոհերի մեջ էր, ոչ վիրավորների…
Սվետլանան Իվանյանում էր: Կրակոցները խլել էին սթափ դատելու կարողությունը: Ամուսինը զանգերին չէր պատասխանում: Ինքն անհանգիստ էր: Տասնամյա Հովիկը կատակում էր. «Էսա, պապան կասի` մի րոպե սպասեք` կնիկս է զանգում»: Մայրը նայում էր խրոխտ որդուն, որ թաքցնում էր անհանգստությունը եւ վանում վատ մտքերը:
Հետո…. հետոն ավելի մշուշված է:
Տաթեւը լաց եղավ. սոցիալական ցանեցերից մեկում ընկերուհին հարցրել էր` Ճիշտ է, որ…
Հետո եկան մարդիկ, ու ժամացույցի սլաքները կանգ առան, հայելիները պատվեցին սպիտակ սավանով:
Ճերմակ սպասումը դարձավ տան թագավորը:
Հովիկի երազը հուսադրող էր. «Մամ, մի լացի: Պապան ասաց, կգա ամսի 10-ին»:
Խոստման համաձայն եկավ ապրիլի 10-ին: Բերեցին:
«Իմ ուզածով չեկավ»,- ասում է Հովիկը:
«Եկավ դրոշով փաթաթված: Շատ զոհեր եմ տեսել, առաջին անգամ որդուս տեսա` դրոշով փաթաթված,- տիկին Լենորան ասում է անարցունք,-թող վերջինը լինի, ոչ մի մայր այդպիսի նվեր չստանա»:
Հայրը` Կարոն, չգիտի ինչից սկսի զրույցը: Ցավը մեծ է, բայց որդու կամքն ավելի մեծ է: Հակառակորդը չպիտի զգա իրենց կորստի մեծությունը:
Որդու զոհվելու մանրամասները պատմել են փրկված զինակիցները: Հինգ սպաներով օգնության էին շտապել դիրքում կանգնած զինվորներին. ընդունել մարտը: Վիրավոր որդին կռվել էր մինչեւ վերջ, հնարավորություն տալով զինակիցներին փրկվել: Փրկվածներից մեկն էլ Հովիկին փոխանցեց հոր վերջին կամքը, որ իր վրա վերցնի ընտանիքի պատասխանատվությունը:
Սվետլանան գրկել է որդուն, թե՞ կուչ է եկել որդու գրկում.
«Տղաս չի թողնում լաց լինեմ: Չեմ լացելու: Ասում է` պապան ինձ ասել է, որ ես պիտի ձեզ պահեմ: Ես չեմ լացում: Ես պիտի ուժեղ լինեմ: Բայց ինքը /Օնիկը/ ինձ պետք է օգնի, ուժ տա, որ կարողանամ մեր երեխաներին մեծացնել: Հետո տղաս մեզ կպահի»:
Տղան, 10-ամյա տղամարդը` Հովհաննեսը, ավելի ամուր է սեղմում մոր ուսերը:
Ընկերները հավաքվել են փոխգնդապետ Օնիկի համեստ տանը:
«Չեմ տեսել: Չեմ հավատում»։ Փոխգնդապետ Մանուկը, որ առաջնադիրքից նոր է վերադարձել, ընկերոջը վերջին հրաժեշտը տալու հնարավորություն չի ունեցել: Նայում է մանկական աչքերով, կարծես սպասում է, որ տանը հայտնված օտարս հաստատեմ իր չհավատը:
Ընտանիքի՞ն, թե՞ գործին էր ավելի շատ նվիրված: Պատմությունները մեկը մյուսին շարունակում են, ու չես կարողանում գտնել պատասխանը:
Ընկերները, հայրը, եղբայրը որերորդ անգամ վերլուծում են ապրիլի 2-ի իրադարձությունները, այն հանգամանքները, որ իրենց հաջողվել է պարզել: Հարցնում են բարձրաձայն: Մեկը մյուսին: Անհասցե: Օնիկին. «Կարո՞ղ էր չգնալ, չմնալ, չկռվել մինչեւ վերջին փամփուշտը, չզոհվել չ….»:
«Չէր կարող»,-ասում են միաձայն:
«Դա իր որոշումն էր»:
Հիշում են Նրան: Նա ուրիշ էր: Իրենցից յուրաքանչյուրի մասին կարելի է մի բան ասել, մի թերություն գտնել, կարող է մեկը բողոքի, քննադատի: Բայց ոչ Նրան: Նա ուրիշ էր:
«Ո՞վ, եթե ոչ ես»:
Հայրն անընդհատ որդու պատասխանն է հիշում, որ տալիս էր տարբեր առիթներով, տարբեր հանգամանքներում:
«Հիմա էլ կասեր` ո՞վ, եթե ոչ ես»,-ասում է Կարո Գրիգորյանը, խոստովանում, որ չնայած հույսին, համոզված էր, որ որդին եղել է այնտեղ, որտեղ ամենադժվարն էր. «Ինքն ինչ արել է, ճիշտ է արել: Այդ պահին երեւի ամենաճիշտ քայլը դա էր: Նա չէր կարող սխալվել»: Որդու`կյանքը, ընտանիքը հայրենիքին ու զինվորին ստորադասելու որոշման մասին ասում է հայրը:
Հիմա է վերլուծում որդու խոսքերը: Հիշում, թվում է աննշան, բայց կանխորոշող արտահայտությունները. մահվան մասին ասում էր. «Կարեւոր չէ թե երբ: Կարեւոր է`ինչպես»:
«Ամեն անգամ գյուղամիջով անցնելիս պատվի էր առնում զոհված համագյուղացիների հուշարձանին: Կարծես նախանձում էր նրանց: Ասում էր` ամեն հայ տղամարդ պետք է այդպես մահանա: Պետք է կյանքը հայրենիքին տա: Նրանք արդեն պատմություն են, նրանք իրենց գործը կատարեցին: Հերոսացան: Նրանց փառքը կհիշվի դարեդար: Ակնածանքով էր ասում: Այդպես էր նաեւ գյուղ վերջին այցելության ժամանակ: Կարծես կանխազգում էր»,- պատմում է հայրը:
«1990-ականներին մենք մտածում էինք, որ կվերջացնեք մեր գործը: Կիսատ պայքար չենք թողնի սերունդներին: Չհաջողվեց»:
Նախկին զինվորականը չի թաքցնում, որ թերահավատ էր այսօրվա զինվորների հանդեպ` կկռվե՞ն արդյոք: Որդին այդ թերահավատության վրա միայն ժպտում էր:
«Ապացուցեցի՛ն: Ապացուցե՛ց»:
Ինքն իր հետ հռիվ է տալիս հայրը:
Օրվա ռազմաքաղաքական իրավիճակից մտահոգ է: Որդին շփման գծի մասին ասում էր. «Թորքերը կրակելն են սովորում, մենք` դիմանալը»:
«Մինչեւ ե՞րբ»,-այս անգամ հոր հարցը որդուն չի ուղղված:
«Եթե ապագայում Ազատ հայրենիք չունենաք, էլ ո՞վ պիտի պահի նրանց հիշատակը: Պատրա՞ստ են բոլորը զավակ կորցնել հայրենիքը պահելու համար: Բայց հայրենիքը այլ կերպ չի պահվում: Հայրենիքը պահվում է արյամբ»:
Լուսինե Ավանեսյան