«Եթե TRIPP-ը դառնա ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական գործիքը՝ Մոսկվային և Թեհրանին Հարավային Կովկասից մեկուսացնելու նպատակով, այն ձախողվելու է». Հրայր Բալյան

Ամերիկահայ կոնֆլիկտաբան, միջազգային հակամարտությունների կարգավորման մասնագետ, իրավագիտության դոկտոր Հրայր Բալյանը moderndiplomacy.eu-ում հոդված է հրապարակել վաշինգտոնյան հանդիպման ընթացքում ստորագրված եռակողմ հռչակագրի, նախաստորագրված խաղաղության պայմանագրի վերաբերյալ՝ շեշտելով, որ երկարատև խաղաղությունը կմնա անիրագործելի, եթե ԱՄՆ-ը՝ որպես միջնորդ, անհապաղ չլրացնի հիմնական բացերը շարունակական դիվանագիտական աշխատանքի միջոցով։

Հոդվածում նա մատնանշում է երեք էական բացթողում, որոնք սպառնում են համաձայնագրերի կայունությանը․

ԱՄՆ-ին Հայաստանի հարավային Սյունիքում 43.5 կիլոմետրանոց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) կառուցելու համար տրված 99-ամյա հողային վարձակալության պայմանները, ինչպես նաև այն «փոխադարձ առավելությունները», որ Հայաստանն ակնկալում է Ադրբեջանի տարածքով, մնում են անորոշ։

Բաքվում պահվող 23 հայ գերիների ճակատագիրը՝ դատապարտված կեղծ դատավարություններով՝ առանց պատշաճ պաշտպանների և անկախ դիտորդների, անտեսված է։

Կարդացեք նաև

Լեռնային Ղարաբաղից 2023 թ. հոկտեմբերին Ադրբեջանի հարձակման հետևանքով բռնագաղթած բնիկ հայերի իրավունքները, այդ թվում՝ վերադարձի իրավունքը և պատմական ժառանգության պաշտպանությունը, չեն հիշատակվում։

Նա անդրադառնում է նաև ԵԱՀԿ ՄԽ լուծարման վերաբերյալ կողմերի համաձայնությանը, դա համարելով խորհրդանշական, քանի որ, ըստ Բալյանի՝ ՄԽ-ն փաստացի 2022 թվականից անգործունակ էր. «Այդ քայլը ծառայեց միայն Ալիևի անձնական փառասիրությանը»:

Հրայր Բալյանն ընդգծում է, որ երկու փաստաթուղթն էլ ենթակա են խորհրդարանական վավերացման, ինչը, ըստ նրա՝ հեշտությամբ իրագործվելի է՝ հաշվի առնելով երկու առաջնորդների բացարձակ մեծամասնություն ունենալու հանգամանքը։

«Սակայն Հայաստանի պարագայում կա հավելյալ խոչընդոտ․ Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանի Սահմանադրության որոշ կետեր պարունակում են «տարածքային հավակնություններ» իր նկատմամբ, և դրանք անուղղակիորեն հիշատակվում են Համատեղ հռչակագրի 1-ին հոդվածում։ Դրան ի պատասխան՝ Հայաստանին պարտադրվում է մշակել նոր Սահմանադրություն, որը պետք է հաստատվի հանրաքվեով՝ ստանալով ընտրողների ավելի քան կեսի, բայց ոչ պակաս, քան գրանցվածների մեկ քառորդի աջակցությունը (Սահմանադրություն, հոդ. 207)։

Այս պարտադրված սահմանադրական փոփոխությունը Հայաստանում ոչ պոպուլյար է։ Եթե դրան գումարենք Փաշինյանի հեղինակության անկումը, հնարավոր է, որ ընտրողները մերժեն այն, առավել ևս, եթե երեք հիմնական բացերը չլուծվեն»,- գրում է նա իր հոդվածում:

Նա անդրադարձ է կատարում նաև «Թրամփի ուղի» նախագծին՝ նկատելով, որ դրա մեխանիզմները պահանջում են անհապաղ հստակեցում, հատկապես՝ Հայաստանի վերահսկողության մակարդակի առումով, ինչպես նաև «փոխադարձ առավելությունները», այդ թվում՝ Իրանի և Ռուսաստանի հետ Հայաստանի անխոչընդոտ մուտքն Ադրբեջանի տարածքով։

Հոդվածագիրը շեշտում է, որ նախաստորագրված խաղաղության պայմանագիրը հաստատում է երկու երկրների միջև խորհրդային ժամանակաշրջանի սահմանները․ «Հայաստանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը՝ որպես Ադրբեջանի մաս, մինչդեռ Ադրբեջանը հրաժարվում է «Արևմտյան Ադրբեջանի» անվան տակ Հայաստանի տարածքների նկատմամբ իր կեղծ հավակնություններից։ Լավատեսությունը ցուցադրելու համար Ադրբեջանը պետք է անհապաղ դուրս բերի իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից՝ 2022-ից գրավված 215 քկմ հատվածից։

Այս ներխուժումներից հետո Հայաստանում տեղակայվել են ԵՄ-ի 166 անզեն դիտորդներ՝ սահմանային միջադեպերը կանխելու համար։ Համաձայնագրի 7-րդ հոդվածում նշվում է․ «Կողմերը չեն տեղակայի իրենց սահմանին երրորդ կողմի զորքեր»։ Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, սա կօգտագործի՝ պահանջելով դադարեցնել ԵՄ առաքելությունը, թեև այն չի համարվում ռազմական ուժ։ ԵՄ առաքելությունը պետք է մնա մինչև համաձայնագրի վավերացումն ու սահմանների հստակեցումը։ 6-րդ հոդվածը կոչ է անում իրականացնել սահմանազատման ու սահմանագծման բանակցություններ բարի կամքով։ Անհրաժեշտ է հստակ ժամկետ և երրորդ կողմի միջնորդ՝ վեճերի լուծման համար:

Համաձայնագրի խիստ խնդրահարույց 15-րդ հոդվածով երկու երկրները պարտավորվում են վավերացումից հետո մեկ ամսվա ընթացքում «հետ կանչել, դադարեցնել կամ այլ կերպ լուծել» բոլոր «միջպետական» դատական գործընթացները միջազգային ատյաններում, ներառյալ՝ Միջազգային արդարադատության դատարանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Միջազգային քրեական դատարանը և այլ արբիտրաժային ինստանցիաներ։ Սա թուլացնում է Հայաստանի պարտավորությունները, քանի որ վերջինս դիմել էր այդ կառույցներին՝ Ադրբեջանին միջազգային իրավունքի կոպիտ խախտումների համար պատասխանատվության ենթարկելու նպատակով։ Մինչդեռ հոդվածը չի պարտադրում Ադրբեջանին դադարեցնել Բաքվի բանտերում պահվող 23 հայ գերիների դեմ ընթացող դատավարությունները, որոնք համարվում են ներքին, «միջպետական չհամարվող» գործեր։ Նրանց երկուսից հինգ տարի ազատազրկման ենթարկվելու վտանգը և այս բացթողումը պահանջում են անհապաղ լուծում»:

Վերոնշյալի աշխարհաքաղաքական հետևանքների վերաբերյալ նա գրում է, որ TRIPP-ի միջոցով ԱՄՆ-ը ձեռք է բերում վերահսկողություն նոր «Միջին միջանցքի» (Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային ուղի) կարևոր օղակի նկատմամբ, որը կապում է Չինաստանը՝ Ղազախստանի, Կասպից ծովի, Ադրբեջանի, Վրաստանի և/կամ Հայաստանի, Թուրքիայի միջոցով՝ Եվրոպայի հետ.

«TRIPP-ը միտումնավոր շրջանցում է Իրանի և Ռուսաստանի ազդեցությունը՝ վերածելով վիճահարույց տարածաշրջանային կոնցեպտն ԱՄՆ-ի կողմից կառավարվող ռազմավարական գործիքի, որը կարող է վերաձևել Հարավային Կովկասի առևտրային հոսքերը և աշխարհաքաղաքական հավասարակշռությունը։ Ռուսաստանը և Իրանը մտահոգված են և պահպանում են զգալի լծակներ թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում՝ նախագիծը տապալելու համար։ Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ Թեհրանը կխոչընդոտի TRIPP-ին, որը, նրա խոսքով, թույլ կտա ՆԱՏՕ-ին «թունավոր օձի պես» խցկվել Իրանի և Ռուսաստանի միջև։ Մյուս կողմից՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն զգուշավորորեն ողջունել է Վաշինգտոնի համաձայնագիրը՝ հայտարարելով, թե աջակցում է «տարածաշրջանում կայունության և բարեկեցության խթանմանը»»:

Ամփոփելով՝ նա գրում է, որ եթե TRIPP-ը դառնա ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական գործիքը՝ Մոսկվային և Թեհրանին Հարավային Կովկասից մեկուսացնելու նպատակով, այն ձախողվելու է. «Հաջողությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե դիվանագիտությունը լուծի երեք հիմնական բացերը: Առանց դրանց, Վաշինգտոնյան համաձայնությունները վտանգում են դառնալ հերթական ձախողված խաղաղության նախաձեռնություն, այլ ոչ թե կայունության ամուր հիմք Հարավային Կովկասում»:

Թարգմանությունը՝ 168.am-ի

Տեսանյութեր

Լրահոս