Կառավարությունն առաջին փուլում կկրճատի 797 մեքենա
ՀՀ Կառավարությունն առաջին փուլում կրճատելու է 797 մեքենա: Այս մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ վարչապետի հանձնարարականը կատարելու ուղղությամբ աշխատանքները սկսվել են:
Դավիթ Հարությունյանը նշեց, որ որ իրենք աշխատել են բոլոր նախարարությունների հետ` բացառությամբ ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների:
Կրճատումները չեն վերաբերվում նաև Ոստիկանությանն, ԱԱԾ-ին, փրկարար ծառայությանը և Քննչական կոմիտեին:
ՀՀ կառավարությունն ավտոմեքենաների կրճատման խնդրին մոտեցել է փուլային եղանակով: «Բյուջեից ուղղակի ֆինանասավորվող մեքենաների քանակը կրճատվում է 107-ով, իսկ մարմիններին ենթակա ՊՈԱԿ-ներում, ՓԲԸ-ներում և հիմնադրամներում կրճատվելու է 690 ավտոմեքենա: Պետք է նշեմ, որ դրանից մի մասն օգտագործվում էր հենց պետական մարմինների կողմից»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Նա առաջարկեց ֆինանսների նախարարին կառավարության հաջորդ նիստին ներկայացնել որոշման նախագիծ, որում արտացոլված կլինի բյուջեից ֆինանսավորվող պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների քանակի նվազեցումը, ինչպես նաև կրճատված ավտոմեքենաների պահպանման ծախսերի նվազեցումը:
«Ի լրումն նշածիս՝ նախապատրաստվել է վարչապետի հանձնարարականի նախագիծ, որով արգելվում է առաջինը՝ սպասարկող, այսինքն՝ հերթապահ մեքենաների ամրագրումը որևէ կոնկրետ պաշտոնատար անձի: Վարչապետի վերահսկողական ծառայության կողմից պարբերաբար ուսումնասիրություններ պետք է կատարվեն սպասարկող մեքենաների օգագործման նպատակայնության վերաբերյալ:
Երկրորդը՝ բոլոր նշված մարմինների պաշտոնական կայքերում պետք է զետեղվի տեղեկատվություն մեքենա առ մեքենա, թե ում է այն սպասարկում, մակնիշը, արտադրության թվականը, շարժիչի հզորությունը, պետհամարանիշը:
Երրորդ՝ պետք է արգելվի ծառայողական նպատակներով օգտագործելու համար պետական ոչ առևտրային կազմակերպություններին, ՓԲԸ-ներին, հիմնադրմաներին կամ պետական հիմնարկին պատկանող մարդատար ավոմեքենաների տրամադրումը հանրապետական գործադիր մարմիներին»,- ասաց Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով՝ աշխատանքները շարունակվում են:
Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ պետք է անցնել խնայողության ռեժիմի։
«Պետք է կրճատենք այն ծախսերը, որոնք չունեն էական ազդեցություն իրական արդյունքի վրա: Դրանց շրջանակը փոքր չէ` գործուղումները, ներկայացուցչական ծախսերը, վերանորոգումները, ծառայողական մեքենաները և այլն»,- ասել էր նա՝ հանձնարարերով ֆինանսների նախարարությանը և կառավարության աշխատակազմին մինչև կառավարության հաջորդ նիստը ներկայացնելու լրացուցիչ առաջարկություններ:
Միջոցները, որոնք կառաջանան այդ խնայողություններից, կուղղվեն առաջնահերթ խնդիրների լուծմանը: