Բաժիններ՝

Տոլստոյի դուստրը՝ հայկական գեհենում

Անցյալը սիրում է անակնկալ հանդիպումներ մատուցել: Եվ պատմության էջերը թերթելիս ամենաանսպասելի առնչությունները հաճախ են պատահում: Դրանցից մեկի մասին էլ ուզում ենք այսօր պատմել, առավել ևս, որ խոսքն այս անգամ ռուս մեծ գրող Լև Տոլստոյի կրտսեր դստեր՝ Ալեքսանդրիայի մասին է: Քչերին է հայտնի, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա իբրև կամավոր գթության քույր՝ մեկնել է Կովկասյան ռազմաճակատ և տևական ժամանակ ապրել ու աշխատել է Հայաստանում:

1914 թվականին Ալեքսանդրիա Տոլստայան, իր բազմաթիվ հայրենակիցների նման, նետվեց պատերազմական իրադարձությունների գիրկը՝ ունենալով մեկ գլխավոր ցանկություն՝ ինչ-որ կերպ ծառայել հայրենիքին, մասնակից դառնալ համընդհանուր օգնությանը: Եվ 30-ամյա բարձրաշխարհիկ տիկինը, ով ազատամիտ հայացքների տեր լինելուց զատ՝ ուներ նաև պատկառելի կարողություն ու կապեր, մտադրվեց այդ միջոցներն ու իր գիտելիքները ներդնել մի ծրագրում, որի նպատակն էր՝ բժշկական օգնություն ցուցաբերել վիրավորներին ու պատերազմական գոտու բնակչությանը:

Առանց հապաղումի նա անհրաժեշտ պատրաստություն տեսավ և շուտով համախոհների մի ոչ մեծ խմբի հետ մեկնեց Կովկաս: 1914-ի վերջին նա արդեն Թիֆլիսում էր: Այդ օրերին իր քույր Տատյանային Ալեքսանդրիան գրում էր. «Մենք երեք բժիշկներով ընտրել ենք Երևան-Իգդիր ուղղությունը՝ պարսկական սահմանի մոտ: Այդ ուղղությամբ ընդհանրապես օգնություն չկա և մոլեգնում են համաճարակները՝ տիֆը, ջրծաղիկը և գլխավորը՝ մալարիան: Այնտեղ ճանապարհ չկա: Հազիվ-հազիվ տեղ են հասնում ուղտերով»:

Թիֆլիսից Ալեքսանդրիան ուղևորվում է ձիով: Ի դեպ, նրա նժույգի անունը Ալագյազ էր: Հասնում են Երևան, կարճ դադարից հետո կրկին շարունակում են ճանապարհը: Եվ արդեն 1915 թվականի հունվարի 20-ին եղբորը՝ Սերգեյին հասցեագրված նամակում նա տեղեկացնում էր. «Քեզ գրում եմ Իգդիր բնակավայրից, գրեթե Թուրքիայի ու Պարսկաստանի սահմանի մոտ, որ գտնվում է Արարատի լանջին»:

Կարդացեք նաև

Հենց այստեղ էլ Տոլստոյի դուստրը, որ մինչ այդ մարդկային մեծագույն տառապանքների, պատերազմի արհավիրքների ու սարսափների մասին միայն գրքերում էր կարդացել, առաջին անգամ բախվում է դաժան իրականությանը: Առանձնապես տեղաբնակ ու գաղթական հայերի վիճակը նրա վրա ծանր ազդեցություն է գործում: Իր փետրվարյան գրառումներից մեկում Տոլստայան նշում էր. «Այդ մարդիկ թողնում են սարսափելի, ճնշող տպավորություն… Ինձ երբևէ չի վիճակվել տեսնել նման տառապանք: Մարդիկ զրկվել են ոչ միայն իրենց ընտանիքներից, մտերիմներից, հարազատներից, նրանք զրկվել են իրենց օջախներից, ունեցվածքից, զրկվել են ամեն ինչից»:

Մի որոշ ժամանակ Իգդիրում մնալուց և տեղի դաշտային հոսպիտալում աշխատելուց հետո նույն տարվա գարնանը լուրեր են հասնում, որ Վանում սկսվել են ինքնապաշտպանական կռիվներ, կան մեծ թվով վիրավորներ, բնակչության շրջանում համաճարակներ են տարածվում, իսկ տեղում միակ ամերիկացի բժիշկ-միսիոներն ի վիճակի չէր սպասարկել բոլոր հիվանդներին: Որոշում է կայացվում Ալեքսանդրիա Լվովնային մի փոքրիկ ջոկատի հետ գործուղել այնտեղ:

Tolstoy (1)

Մինչ Վան ուղևորվելը մեծ գրողի դուստրը գնում է Երևան՝ ձեռք բերելու անհրաժեշտ դեղքրայք և բժշկական գործիքներ: Իր հուշերի գրքում նա պատմում է, թե Իգդիրից հետո Երևանն ինչպիսի տպավորություն է գործել. «Շատ ուրախալի էր կրկին քաղաքակիրթ աշխարհ ընկնելը՝ ավտոմոբիլներ, էլեկտրականություն, լավ ռեստորան: Ու կարծես թե մենք այստեղ փոքր-ինչ ավելի մնացինք, քան պետք էր»:

Բայց փոքրիկ դրախտը երկար չի տևում: Առջևում նրանց էր սպասում հայկական գեհենը: Վանը հոգեկան մեծ ցնցում է պատճառում Ալեքսանդրիային: Նա ստիպված էր այստեղ բժշկական օգնություն ցուցաբերել ինչպես՝ հայերին, այնպես էլ՝ թուրքերին ու քրդերին, լսել ու ականատեսը դառնալ ինչպես՝ հերոսական, այնպես էլ՝ դաժան ու անմարդկային իրադարձությունների:

Դժբախտաբար, Վանում երկար աշխատել չի հաջողվում: Նրա երկու գործընկեր ուսանողները վարակվում են տիֆով: Որոշ ժամանակ անց հիվանդանում է նաև Ալեքսանդրիան: Երեքին էլ բուժվելու համար տեղափոխում են Երևան: Մի փոքր կազդուրվելուց հետո խումբը մեկնում է Ռուսաստան:

Այդ օրերից հրաշքով պահպանվել են երկու լուսանկարներ: Առաջին նկարում Ալեքսանդրիա Տոստայան և նրա երկու ուղեկիցներն են՝ Երևանի հոսպիտալում: Երկրորդ լուսանկարն արվել է Արևմտյան Հայաստանում, 1915 թվականին: Խմբակային նկարում Տոլստայան դաշտային հոսպիտալի բժիշկների ու աշխատակիցների հետ է:

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս