Բաժիններ՝

Հայկազ Բարսեղյանի սպանության գործով կհարցաքննվե՞ն մեղադրյալի հետ նույն սենյակում գտնված կուրսանտները

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում էր ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի քննությունը:

Դատարանում Մովսես Ազարյանի պաշտպան Անահիտ Հովհաննիսյանը միջնորդեց դատարան հրավիրել և որպես վկա հարցաքննել 2015թ. հունվարի 28-ին և 29-ին Մովսես Ազարյանի հետ նույն սենյակում գտնված կուրսանտներին: Ըստ նրա՝ հարցաքննության ընթացքում կպարզվի՝ արդյո՞ք Մովսես Ազարյանը նշված օրերին քնած է եղել նույն սենյակում, թե՞ ոչ, և ինչպե՞ս է արձագանքել Հայկազ Բարսեղյանի մահվան լուրը լսելիս. ըստ փաստաբանի՝ դա կարող է էական նշանակություն ունենալ քրեական գործի համար:

Մեղադրող Կարեն Հարությունյանն ասաց, որ իր կարծիքով՝ միջնորդությունը ժամանակավրեպ է, խնդրեց հետաձգել միջնորդության քննարկումը, դատակոչված վկաների հարցաքննությունն ավարտելուց հետո անդրադառնալ դրան: Ամբաստանյալ Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանն ասաց, որ միջնորդությունը պետք է բավարարվի, քանի որ վկաները կարող են գործի համար կարևոր տեղեկություններ հայտնել: Դատարանն անհրաժեշտ համարեց լսել նաև միջնորդության վերաբերյալ Հայկազ Բարսեղյանի հոր ներկայացուցչի կարծիքը, ինչից հետո դատարանը որոշում կկայացնի դրա վերաբերյալ:

Ամբաստանյալի պաշտպան Անահիտ Հովհաննիսյանը դատարան ներկայացրեց նաև «Փոքր Մհեր» կրթահամալիրից տրված բնութագիր, որում նշված է, որ ուսման ընթացքում Մովսես Ազարյանը ցուցաբերել է հարմարվող վարք, հեշտ հարմարվող էր, ընկերասեր էր, պարտաճանաչ, ուներ պատասխանատվության զգացում, շփման մեջ խնդիրներ չեն եղել, միջանձնային հարաբերություններում կոնֆլիկտային չի եղել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս