«Եթե լավ ենք պատրաստված պատերազմին, ապա պատերազմը մեզ կշրջանցի». Արման Նավասարդյան

«Այն հիմնական տենդենցը, որ կա աշխարհաքաղաքական խնդիրների շուրջ՝ երկու բլոկների վերաբերյալ, մղվում է երկրորդական պլան։ Տեսեք, Սիրիայից Ռուսաստանի դուրս գալուց հետո դրությունը չբարելավվեց այնտեղ, այնպես որ, պատերազմական գործողությունները, որքան էլ որ ասում ենք՝ տեղափոխվեցին դիվանագիտական հարթություն Մերձավոր Արևելքում, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը։ Եվ, ինչպես պետք էր սպասել, Ռուսաստանի նկատմամբ ունեցած քաղաքականությունն իր սրումը գտավ Կովկասում,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը,- Մեզ համար անբարենպաստ է այն, որ այս ամբողջ աշխարհաքաղաքական սրումը, ծանրության տեղափոխումը դեպի Հարավային Կովկաս, համընկնում է այն իրողության հետ, որ ունենք Թուրքիա և Ադրբեջան»:

Նաև հավելեց, որ, եթե այսօր կան վերլուծաբաններ, որ ասում են՝ թուրքերը ոչ մի հետք չունեն քառօրյա պատերազմի մեջ, և ընդհանրապես, ըստ նրա՝ ԻԼԻՊ-ի նկատմամբ լոյալ վերաբերմունք է Հայաստանում դրսևորվում, ինքը բացարձակ համաձայն չէ այդ ամենի հետ:

Նրա կարծիքով՝ այս պահին Թուրքիան ուզում է հնարավորինս մեղմել Ռուսաստանի հետ հարաբերությունները. «Ադրբեջանը ևս դա է ուզում»:

Ըստ նրա՝ Թուրքիան ատամներն է կրճտացնում. «Այսօր Էրզրումում և Նախիջևանում կենտրոնացված է շատ մեծ ռազմական ուժ, որն ուղղված է Կովկասի դեմ՝ Հայաստան, Վրաստան: Մենք հայտնելով աշխարհաքաղաքական այս բախումների մեջ՝ նաև ունենք Թուրքիայի նման հարևան, որի նպատակն է՝ այստեղից ճեղքում ունենալ դեպի Ռուսաստան և մյուս տարածքներ՝ իրագործելու համար իր պանթուրքական քաղաքականությունը։ Միակ երկիրը, որ կանգնած է Թուրքիայի ճանապարհին, Հայաստանն է։ Եվ այս իրադրության մեջ մենք ունենք Ղարաբաղի խնդիրը՝ կապված Ադրբեջանի հետ»:

Կարդացեք նաև

Ա. Նավասարդյանն ընդգծեց՝ ասել, որ պատերազմ չի լինի, մեծ ռիսկ կլինի, բայց նաև նշեց՝ ասել, որ պատերազմ կլինի, նույնպես այդքան էլ ճիշտ չէ. «Եթե լավ ենք պատրաստված պատերազմին, ապա պատերազմը մեզ կշրջանցի, եթե վատ ենք պատրաստված, ապա անպայման կթակի մեր դուռը»:

Անդրադառնալով Լավրովի այցին Հայաստան, ասաց, որ այն կարող էր լինել բախտորոշ մեզ համար. «Դուք հիշում եք ամբողջ մասսմեդիան ինչ ուղղությամբ էր շարժվում, և մենք տագնապով սպասում էինք, որ Ռուսաստանն իրոք որոշում է կայացրել՝ այստեղ զորքեր մտցնելու ու հողերը հանձնելու: Ընդհանրապես, և՛ Մադրիդյան սկզբունքները, և՛ դրանից բխող Կազանի փաստաթուղթը մեզ համար ընդունելի չեն։ Դրանով մենք կկորցնենք այն, ինչի համար 25 տարի հայ ժողովուրդը պայքարել է: Նախագահը ճիշտ ասաց, որ մենք այսօր չենք կարող բանակցել, երբ մյուս կողմից կրակում են։ Ամենալավ բանը, որ Լավրովը կարող էր անել այստեղ գալով, այն էր, որ մեջտեղ եկավ 1994թ. պայմանագիրը, որտեղ ԼՂՀ-ն նույնպես ներառված է, ու պետք է շարժվենք՝ ելնելով դրանից»:

Տեսանյութեր

Լրահոս