«Եթե պատերազմը վերսկսվի, ﬔնք ոչ ﬕայն հետ կմղենք ադրբեջանցիներին, այլև կշարժվենք առաջ». Լևոն Մնացականյանը՝ The Washington Post-ին

The Washington Post թերթի սյունակագիր Դևիդ Իգնատիուսը «Ղարաբաղ. Կովկասի նորացված հակամարտությունը» հոդվածում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ծավալված վերջին իրադարձություններին, մասնավորապես՝ արձանագրում, որ ԼՂ «սառեցված հակամարտությունը» փակուղում հայտնվեց ապրիլի 2-ին, երբ ադրբեջանական ուժերը հարձակում գործեցին հակամարտության շփման գծի շուրջ 200 կիլոմետրանոց հատվածի ողջ երկայնքով:

Նշվում է, որ Ադրբեջանը 1994թ. պատերազմի ավարտից ի վեր հող էր նախապատրաստում հարձակման համար: Ռուսաստանը սկսեց միջամտել ռազմական գործողությունների դադարեցմանը՝ սկսած ապրիլի 5-ից, բայց երկուշաբթի օրվա ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ հակամարտությունը գնալով վտանգավոր է դառնում:

Հոդվածագրի կարծիքով՝ Ղարաբաղի հակամարտությունն աշխարհի ամենաքիչ քննարկվող և ամենաբարդ հակամարտություններից է: Նշվում է, որ հիմնականում հայերով բնակեցված Ղարաղաբն Ադրբեջանից առանձնացել է երկու տարի տևած պատերազմի հետևանքով: Այդ ժամանակից ի վեր Ռուսաստանը, Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները միջնորդական ջանքեր են գործադրում, բայց դրանք դեռ անպտուղ են: Ադրբեջանը պահանջում է, որ իր սահմանից այն կողմ գտնվող հողերը վերադարձվեն իրեն, հայերը պնդում են, որ չեն կարող հեռանալ այդտեղից: Նշվում է, որ Մոսկվան ցանկանում է խաղաղության միջնորդ հանդես գալ, Միացյալ Նահանգները նույնպես հույս ունի կանխել հակամարտության ընդլայնումը, բայց դրա համար քիչ դիվանագիտական ջանքեր է գործադրում:

Դևիդ Իգնատիուսը պատմում է, որ ինքն այցելել է Ղարաբաղ մի քանի օտարերկրացի լրագրողների և Եվրոպական խորհրդարանի անդամի հետ, որը կազմակերպել էր Հայաստանի կառավարությունը: Վերջինս հայտնում է, որ 90-րոպեանոց ուղղաթիռով ճամփորդությունն անցել է «անկլավի» գեղատեսիլ լեռներով շրջապատված շրջաններով` ծածկված խիտ բուսականությամբ:

Կարդացեք նաև

«Իմ կարճատև ճանապարհորդության ընթացքում այդ վայրը թվաց Կովկասի Շվեյցարիա՝ ոչ միայն՝ իր լեռներով, նաև՝ փոքրիկ փողոցներով, բլուրների վրա գյուղացիական տնտեսություններով և ուժեղ ու անկախ մարդկանցով»,- գրում է Իգնատիուսը:

Նա մեջբերում է նաև հատվածներ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի հետ զրույցից: Վերջինս խոստովանել է, որ իր զորքերն ապրիլի 2-ին չէին սպասում լայնածավալ հարձակման, սակայն պատերազմի նախանշաններ եղել են՝ սկսած անցած տարվա օգոստոսից 21 հայ զինվոր է սպանվել շփման գծում, վիրավորվել են 113-ը: Ադրբեջանը շարունակում էր համալրել իր զինանոցը ռուսական նոր տանկերով, իսրայելական անօդաչու թռչող սարքերով և թուրքական հրթիռներով: Հայկական կողմը, հանգիստ լինելով Ռուսաստանի հետ ենթադրվող «ռազմավարական դաշնակցությամբ», չէր ակնկալում ադրբեջանական խոշոր հարձակում։

«Մարտավարական տեսանկյունից նրանք գուցե ինչ-որ հաջողություններ արձանագրել են»,- ասել է Մնացականյանը՝ հավելելով, թե իր կարծիքով, հաշվի առնելով ադրբեջանցիների կիրառած բոլոր ուժերը, դա ավելի շատ պարտություն էր նրանց համար:

Նրա խոսքով՝ ապրիլի սկզբին քառօրյա պատերազﬕ ընթացքում Ադրբեջանը կորցրել է 24 տանկ: Մնացականյանը պնդել է, որ հայկական զորքերն ի վիճակի են պաշտպանել Ղարաբաղն առանց Ռուսաստանի օգնության: «Քառօրյա պատերազﬕ արդյունքը ցույց տվեց, որ ﬔր տրամադրության տակ եղած զենքերը թույլ են տալիս ցանկացած հակառակորդի կասեցնել: Եթե պատերազմը վերսկսվի, ﬔնք ոչ ﬕայն հետ կմղենք նրանց, այլև ինքներս առաջ կշարժվենք»,- ասել է ԼՂՀ պաշտպանության նախարարը:

«Օդանավակայանի ճանապարհին այցելուն կարող է տեսնել ազգային հուշարձանը, որը քարից պատրաստված տատիկի և պապիկի արձան է, երևում են միայն գլուխները, մարմինները, ենթադրաբար, թաղված են հողի մեջ: Պաշտոնական անվանումն է՝ «Մենք ենք, մեր սարերը»: Ենթադրվող ուղերձն այն է, որ մենք մեր տեղից չենք շարժվի: Թվում է, թե առջևում երկար ու անզիջում հակամարտություն է»,- հոդվածը եզրափակում է հեղինակը։

Տեսանյութեր

Լրահոս