Ռուսաստանն արդեն իսկ ծուղակում է

Մեր զրուցակիցն է Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ,
իրավաբանական գիտությունների թեկնածու Դենիս Դվորնիկովը

– Պարոն Դվորնիկով, Եվրոպական խորհրդարանում ղարաբաղյան հարցով հատուկ քննարկման ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու շատ կոչեր հնչեցին։ Եվրոպական երկրները կարո՞ղ են նման որոշում կայացնել և ճանաչել ԼՂՀ-ն։

– Տեսականորեն, իհարկե, կարող են, բայց դա կախված է իրենց, այսպես ասած, քաղաքական կամքից։ Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, բոլորը կարող են ճանաչել ԼՂՀ-ն, այդ թվում և՝ Բաքուն։ Բայց խնդիրն այդ հարցում իրենց մոտիվացիան է։ Դրա համար պետք է հետևել զարգացումներին։

– Իսկ քաղաքական կամք կա՞, դրա առաջացմանը չի՞ նպաստել Ադրբեջանի ռազմական ագրեսիան։

– Խնդիրն այն է, որ շատ երկրների համար մի քիչ տարօրինակ կլինի ճանաչել Արցախը՝ նախքան դա կանի Հայաստանի Հանրապետությունը։ Այդ պատճառով անհրաժեշտ է ոչ թե՝ երևակայել միջազգային ճանաչման մասին, այլ առաջին հերթին՝ կենտրոնանալ գլխավոր խնդրի՝ Հայաստանի կողմից Արցախի ճանաչման վրա։ Ինչո՞ւ դա մինչև հիմա արված չէ։ Ինձ թվում է՝ հանրությունը պետք է այդ հարցն արդարացիորեն տա։ Ես վստահ եմ, որ ՀՀ Ազգային ժողովն այդ հարցը շատ արագ կընդունի՝ առանց որևէ ձգձգումների։

– Մեզ մոտ պնդում են, որ դեռ ժամանակը չէ, եթե Հայաստանը ճանաչի Արցախը, ապա պետք է դուրս գա բանակցային գործընթացից։

– Այդ դեպքում, հետևելով տրամաբանությանը, ինչպե՞ս կարող ենք Արցախի ճանաչում սպասել այլ երկրներից։ Ինձ թվում է, որ վերջին օրերի իրադրությունը, այդ վերսկսված պատերազմի 4 օրը ցույց տվեցին, որ Հայաստանը լիովին հիմք ունի այդ քայլի համար։ Իրադրությունը փոխվել է, հասկանո՞ւմ եք, կա «կյանք մինչև ապրիլի 1-5-ը» և «կյանք ապրիլի 1-5-ից հետո»։ Եվ հիմա էլ, երբ մենք խոսում ենք իրար հետ, ղարաբաղաադրբեջանական սահմանին դեռ շարունակվում են առանձին տեղային հրաձգությունները, և անգամ նման հրաձգությունը հավելյալ առիթ և պատճառ է Արցախը ճանաչելու համար։ Ամեն դեպքում ես համոզված եմ, որ միջազգային հանրության կողմից դա ըմբռնումով կընկալվեր։

– Ձեր կարծիքով, եթե Հայաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, Ռուսաստանը չի՞ հայտնվի ծուղակում. Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և ՌԴ-ն պարտավոր կլինի պաշտպանել նաև Ղարաբաղի սահմանները։

– Ռուսաստանն արդեն իսկ ծուղակում է և արդեն իսկ հայտնվել է ծայրահեղ անհարմար վիճակում։ Իրականում Արցախի ճանաչումը Հայաստանի կողմից միայն շատ աննշան մի նրբերանգ կլինի, որը շատ ավելի քիչ նշանակություն կունենա, քան Ադրբեջանին զենքի վաճառքի մասին հրապարակային հայտարարությունը։ Թեև, իհարկե, մեծ ցանկության դեպքում այդ հայտարարությունը կարելի է բացատրել նրանով, որ Ռուսաստանը ծայրաստիճան վախենում է կորցնել Բաքվում հարաբերականորեն մեղսունակ ռեժիմը, որի հետ կարելի է գոնե նույն լեզվով խոսել, քանի որ հասկանալի է, որ Ալիևի հեռանալուց հետո այնտեղ լրիվ այլ, շատ ավելի քչախոս տղաներ կլինեն։

– Դուք այդպե՞ս եք կարծում, իսկ գուցե ավելի լավ լինի, և իրադրությունը վերջապես փոխվի՞ Ադրբեջանում դրական ուղղությամբ։

– Վստահ չեմ, այնտեղ վերջին 20 տարիների ընթացքում բնակչության քաղաքական մտածողության մակարդակն այնպես է իջել, որ այժմ կարելի է ցանկացած գաղափարախոսություն տալ, հատկապես՝ ագրեսիվ, և այն կընդունվի։ Ադրբեջանը ետխորհրդային պետություն է, և այնտեղ շատ հեշտությամբ ռազմական քարոզչությունից հետո կներդրվեն ծայրահեղական գաղափարախոսությունները, որոնք այսօր մենք տեսնում ենք և՛ Սիրիայում, և՛ Իրաքում, և՛ Թուրքիայում, առավել ևս, որ կա բարի ընկեր հարևան Թուրքիան, որը հաճույքով Ադրբեջանի հետ կկիսվի իր ամենածայրահեղական հետևորդներով։

– Եթե Հայաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, Ձեր կարծիքով, ի՞նչ դիրքորոշում կունենա Ռուսաստանը, հնարավո՞ր է, որ Ռուսաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

– Ռուսաստանը հավելյալ խթան կստանա Լեռնային Ղարաբաղը խաղաղ բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար, որովհետև Արցախը հաստատապես պետք է ներկայացված լինի բանակցություններում։ Ներկայումս դրա կառուցվածքն ամբողջությամբ խեղաթյուրված է, քանի որ մենք գործ ունենք Ադրբեջանի և Ղարաբաղի միջև հակամարտության հետ, և Ղարաբաղը պետք է ներկայացված լինի բանակցային հարթակում, պետք է ունենա սեփական ձայնը։ Դա կբարելավվի իրադրությունը, ոչ թե կբարդացնի։

– Բայց Ադրբեջանը կտրականապես հրաժարվում է նստել բանակցային սեղանի շուրջ Լեռնային Ղարաբաղի հետ։

– Ադրբեջանը շփման գծում կիրառում է ծանր հրետանի, և տվյալ դեպքում կա միջազգային հանրությունը, Ռուսաստանը և բոլոր նրանք, ովքեր ներգրավված են այդ գործընթացում, պետք է Բաքվին համոզեն, որ այս միջադեպից հետո, որը վերջնականապես հեղինակազրկեց Ադրբեջանին, ամեն դեպքում արժե ԼՂՀ-ի հետ նստել բանակցային սեղանի շուրջ։ Դա դիվանագիտական հարց է, ազդեցության լծակների հարց է, որոնք, իհարկե, կան, առավել ևս՝ նման ռևերանսից հետո, որն արվեց սպառազինությունների վաճառքի տեսքով, ես կարծում եմ, որ Ադրբեջանն այլ փաստարկներ չունի, նրա առաջադրած բոլոր պայմաններին ընդառաջ գնացին, աչք փակեցին բոլոր վայրագությունների հանդեպ։

Միջազգային հանրությունը չի կարող բարոյականության դոնոր լինել և աչք փակել փաստերի վրա, որոնք անընդունելի են քաղաքակիրթ աշխարհում։ Այդ պատճառով Ադրբեջանը փաստարկներ չունի, առավել ևս՝ գոնե այս օրերի սրացումների ժամանակ ճշմարտությունը Հայաստանի կողմն է, դա բոլորի համար ակնհայտ է։ Այսինքն՝ կան հիմնավորումներ, որոնք կարելի է օգտագործել։

– Հայկական կողմն Ադրբեջանի ռազմական հանցագործությունների ու վայրագությունների ապացույցների փաթեթ է նախապատրաստում, որպեսզի դիմի միջազգային տրիբունալ։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ վճիռ կարելի է սպասել, և ընդհանրապես դա ի՞նչ կտա։

– Դա շատ կարևոր քայլ է՝ առնվազն հանուն այդ տանջահարված և խոշտանգված մարդկանց հիշատակի, հանուն նրանց ընտանիքների, հանուն նրանց մտերիմների և հանուն աշխարհում բոլոր այն մարդկանց, որոնք անհանգստանում, ցավակցում ու նայում էին այդ դաժան կադրերը։ Առաջին հերթին՝ անհրաժեշտ է այդ վայրագությունների բարոյական գնահատականը տալ։ Երկրորդ՝ դա կարևոր պահ է միջազգային քաղաքականության և միջազգային իրավունքի տեսակետից, այսինքն՝ իրերն իրենց անունով պետք է կոչել։ Նվազագույնը՝ պետք է այդ բոլոր միջադեպերի մանրակրկիտ հետաքննություն իրականացվի, և դա, իհարկե, ևս մեկ փաստարկ է՝ հօգուտ հայկական կողմի։

– Իսկ դա ի՞նչ հետևանք կունենա Ադրբեջանի համար, ի՞նչ գործնական քայլեր կհետևեն դրան։

– Դա առնվազն կբարդացնի նրա դիրքորոշումը բանակցային գործընթացում։ Նման վայրագությունը դժվար է համատեղել խաղաղ կարգավորման ցանկության հետ։ Եթե թեկուզև դեկլարատիվ փաստաթղթեր, բանաձևեր ընդունվեն, որոնք դատապարտում են այդ գործողությունները, ես կարծում եմ, արդեն լավ արդյունք կլինի։ Ցավոք, ինչպես տեսնում ենք, նման բարդ իրավիճակում միջազգային ուժերն ու խաղացողները ձեռնպահ են մնում կիրառել ավելի լուրջ պարտադրանքի միջոցներ, բայց ես կարծում եմ, որ, եթե լինի հռչակագիր, եթե լինի հետաքննություն, խոշոր միջազգային ոչ կառավարական կազմակերպությունները հանդես գան իրենց գնահատականներով, դա ճիշտ և արդար կլինի, և գոնե ինչ-որ կերպով կօգնի թեթևացնել նրանց տառապանքը, ով կորցրել է իր հարազատներին, և գոնե որոշակի արդարության զգացողություն կտա։ Դա կարևոր է։

Տեսանյութեր

Լրահոս