«Կուզենայի հիշեցնել Դավիթ Տոնոյանի խոսքերը, որ պատերազմի դեպքում Ադրբեջանին պարտադրելու են զինադադար Ադրբեջանի համար ավելի խիստ պայմաններով»
Մեր զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հետազոտական տնօրեն Մանվել Սարգսյանը
– Պարոն Սարգսյան, ղարաբաղյան գոտում ծավալվող դրամատիկ իրադարձությունների ֆոնին անտեսվեցին մի քանի կարևոր ուղերձներ ՀՀ իշխանությունների կողմից։ Ապրիլի 4-ին ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել ԼՂ-ում տիրող իրավիճակի մասին, որում հակամարտության կողմեր էր որակել Ադրբեջանին և ԼՂ իշխանություններին։ Սերժ Սարգսյանի ուղերձներում ևս տեղ էր գտել այս նպատակը, և նա նշել էր, որ բանակցությունները վերսկսելու դեպքում ԼՂ-ն պետք է ճանաչել՝ որպես բանակցող կողմ։ Սակայն Սեյրան Օհանյանը նշել է, որ հրադադարը ձեռք է բերվել Մոսկվայում՝ Ադրբեջանի և Հայաստանի ԶՈՒ շտաբի պետերի միջև։ Այս հայտարարություններում և գործողություններում հակասություն տեսնո՞ւմ եք արդյոք։
– ՀՀ իշխանություններն անսկզբունքային պահվածք են դրսևորում, ինչը ստեղծված քաղաքական իրավիճակում նույնիսկ պետական հանցագործություն կարելի է որակել, իմ կարծիքով։ Եթե մարդիկ դա չեն հասկանում, կամ հասկանում են, բայց անում են, ուրեմն այլոց շահերն են պաշտպանում, որովհետև նման կարևորագույն հարցերում բացահայտ խաբկանքն այլոց շահերից է բխում, ուստի պետական հանցագործություն է։ Սա միանշանակ է, և այստեղ այլ խոսք անգամ լինել չի կարող։ Այդ մարդկանց հարցն այսօրվանից պետք է դնել, ու նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն, քանի որ սա կատակ հարց չէ, նման իրավիճակում նման հարցերում խաբելը։ Եթե այդպես չի լինելու, հնարավոր չէ, պետք է չհայտարարել, այլ ասել, որ այսպես է պետք անել, բայց հայտարարել մի բան ամբողջ աշխարհին և անել այլ բան, նշանակում է՝ գործել այլ պետության շահերից ելնելով։
– Ո՞ր պետության շահերի մասին է խոսքը։ Այս մասնակի հրադադարը, կամ այն ինչպես կոչենք, ի՞նչ պայմաններում է պայմանավորվել, ինչպե՞ս եք գնահատում՝ դա ճի՞շտ էր, թե՞ սխալ։ Այսինքն` սա վերջնարդյունքում դրական է, քանի որ չկան ռազմական գործողություններ, բայց ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ դրա հաստատման ձևաչափը։
– Կոնկրետ այս հարցում պետք է հասկանալ` ինչպե՞ս են մարդիկ հանգել այդ որոշմանը, գուցե շատերը դրա հետ համաձայն չլինեն կամ լինեն, դա մի բան է, պետք է բացատրություն պահանջել ղեկավարությունից Ղարաբաղում էլ, այստեղ էլ։ Այս ամենն արվել է պետական հանցագործության բաղադրիչով, մնացածը դժվար է հստակ ասել։
– 1994թ. զինադադարի պայմանագրի հետ հակասության մեջ սա մտնո՞ւմ է, թե՞ ոչ։
– Կա թեզ, որ մեզ նոր պայմանագիր անհրաժեշտ չէ, քանի որ գոյություն ունի 1994թ. պայմանագիրը, որը պետք է պահպանել։ Ըստ երևույթին, այս հրադադարը կհիմնավորեն նրանով, որ պահպանում են 1994թ. զինադադարի պայմանագիրը, այլ բան չեն անում։ Այստեղ մեկ այլ անհասկանալի բան ևս կա, թե ինչո՞ւ են գտնում, որ դա է ճիշտ, այլ ոչ՝ նոր պայմանագիրը։ Ես այս հարցում կուզեի մեզ հիշեցնել ՀՀ ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանի խոսքերը, որ պատերազմի դեպքում Ադրբեջանին պարտադրելու են զինադադար Ադրբեջանի համար ավելի խիստ պայմաններով, որից, ըստ էության, ներկայումս հետ են կանգնում, քանի որ դա տեղի չի ունենում։ Ավելին, արվում է հակառակը, անընդհատ տեսնում ենք այդ կոպտագույն խախտումները` սկզբունքների, որոնք եղել են և հայտարարվել են։
Ու սա կարող է լինել այն դեպքում, երբ մարդիկ գործում են այլ երկրի շահերից, այլ ոչ թե՝ մեր։ Սրանք պարզագույն հարցեր են։ Եվրոպայում Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ նոր կոնցեպտ են վերցնում, սանձահարման կոնցեպտ, և դա է լինելու բանակի դոկտրինի հիմքում, դրան ոչ ոք չի առարկել, ընդունել ենք հանգիստ, նորմալ է։ Սրանք հստակ դիրքորոշումներ են, որոնք եղել են, բայց այսօր չկան։ Ներկայումս տեսնում ենք, նման կորուստների, նման դաժան իրավիճակի մեջ մարդիկ այլ հարցերով են զբաղված։
– Երրորդ երկրի մասին խոսելով` նկատի ունեք ռուսակա՞ն պարտադրանքը և թելադրանքը։
– Կարող է և թելադրված լինել Ռուսաստանի կողմից, դա ո՞ւմ է հետաքրքրում։ Ժողովրդին այս պահին երրորդ երկրի պարտադրանքը չի հետաքրքրում։ Թելադրո՞ւմ են, պետք է ասեն` ժողովուրդ ջան, մենք ճնշման տակ ենք, ժողովուրդը կորոշեր, ժողովուրդը որ գնացել է պատերազմի, իրենցից հարցրե՞լ է, չի հարցրել, չէ՞, որոշում է ընդունել, ուրեմն պետք է տեղյակ պահել, որ ճնշում են։ Այլ տարբերակ` ճնշո՞ւմ են, ուրեմն թող հրաժարական տան, կամ տարբեր ձևեր կան ազգային շահը պաշտպանելու։ Այսօր հնչող հայտարարությունները փաստարկներ չեն։
Իրականում, չեմ էլ կարծում, որ այդ մարդիկ լուրջ են ընդունում տեղի ունեցողը, նրանք սովոր են տարիներ շարունակ մանր հարցերի համար նույնիսկ վազել և հարցնել։ Ի՞նչ գործ ունես Ռուսաստանի հետ, կարողանո՞ւմ ես, կանգնեցրու Ադրբեջանին։ Ադրբեջանն այն վիճակում էր, որ արդեն Հյուսիսում Մատաղիսի հարձակումից հետո, բոլորդ տեսել եք, ինչպես է բանակը փախել։ Այսինքն` Ադրբեջանն արդեն այդ վիճակում էր, ու նման իրավիճակում ինչ-որ մարդիկ անում են բաներ, որոնք պետք է չանեն։ Իրավունքներն այլոց տալն ինքնասպանություն է, դա պաշտպանվելու ձև չէ։
– Ամփոփելով այս հինգ օրերը` ԼՂ-ում իրադարձությունների զարգացումը, ՀՀ և ԼՂՀ պաշտոնյաների հայտարարությունները, միջնորդների պահվածքը` ինչպե՞ս ենք դուրս գալիս իրավիճակից։ Ի՞նչ է ՀՀ-ին ու ԼՂՀ-ին սպասվում սրանից հետո։
– Դա կախված է նրանից, թե ինչ որոշումներ ես ընդունում այդ իրավիճակում։ Ասացին՝ պետք է ճանաչեն Ղարաբաղը, ճիշտ քայլ է, սակայն փախել են այդ քայլից, ասել են՝ Ղարաբաղն է բանակցող կողմ, փախել են, իսկ սա ստեղծում է մյուս բոլոր իրավիճակները, իսկ հետագա խնդիրները հենց այնպես չեն ստեղծվում, ամեն որոշումից՝ գալիս մի ողջ իրավիճակ է ստեղծվում։ Ներկայումս էլ պնդում են, թե դիրքեր չեն հանձնել, արդեն մասնակիցները, հրամանատարներն ասում են, խոսում են, որ դիրքեր են հանձնել, նկարագրում են, սակայն էլի ժողովրդին խաբում են։ Ի՞նչ է պատահել, եթե հանձնել ենք, պետք է ասել, որ հանձնել ենք, որ ժողովուրդն իմանա, թե ինչ վիճակում է բանակը, ինչո՞ւ չի կարողանում վերցնել այդ դիրքերը, ո՞րն է պատճառը։ Այսինքն` այսպես անկյուն քշված մարդկանց նման են խոսում ժողովրդի և աշխարհի հետ։
Միանշանակ այս մի քանի օրերի ընթացքում բացահայտվեցին բոլոր խնդիրները, էլ չեմ խոսում բանակի որակի մասին, այսուհետ մասնագետներ, պետք է հստակ զբաղվեն այս հարցով` ինչո՞ւ Ադրբեջանը կարողացավ անել այս ամենը, ի՞նչ զենքեր և ի՞նչ զինամթերք և ի՞նչ պատրաստականություն ուներ, սրանք էլ այլ հարցեր են, որոնք պետք է վերլուծել։
– Իրավիճակը բացահայտեց նաև միջնորդների պատրաստակամությունը՝ միջնորդական առաքելություն իրականացնել տեղին ու արդյունավետ, միջնորդների թուլությունը, Ռուսաստանի գերակտիվությունը, նախաձեռնողականությունը, սա ի՞նչ ցույց տվեց, որ Արևմուտքը, ըստ էության, չպետք է ավելին սպասի, և անվտանգության երաշխիքներ ոչ մի տեղ չփնտրե՞լ։
– Սա բարդ հարց է։ Նախաձեռնությունը տրվել էր ռուսներին, ասել էին` դու գնա լուծի։ Երբ այս ամենը սկսվեց, Ռուսաստանը չէր երևում, Ադրբեջանի քթից բռնած՝ տանում էին աջուձախ` Արևմուտք, սկսած ԵԽ ԽՎ-ում Սարսանգի ջրամբարի բանաձևից, Ալիևի քթից բռնեցին, հետո էլ Ռուսաստանին ասացին, որ պոչը բռնի, մոտավորապես նման մի իրավիճակ է։ Այս մասին թռուցիկ խոսել հնարավոր չէ, այս մասին պետք է առանձին զրուցել։ Իրենց շահերը բարդ են, դերերի բաժանում է տեղի ունեցել, միասնական խումբ է, այդ խմբում տարբեր դերեր են ստանձնել համանախագահները, և դրանում եմ տեսնում այս ամենը։ Այնպես չէ, որ Ռուսաստանը հանկարծ սկսեց առանձին գործել։ Դրա իմաստն էլ չկա, քանի որ սիրիական ճգնաժամում վաղուց միասին աշխատում են ԱՄՆ-ի հետ։
– Այսինքն` հետագա գործողությունները համաձայնեցված են լինելու Ռուսաստանի առաջնորդությա՞մբ։
– Ոչ առաջնորդությամբ, քանի որ Ռուսաստանն ամենափոքր դերն է ստանձնել այս ամենում, կարծես նույն դերը՝ ինչ Սիրիայում։ Ամենամանր դերն է իր վրա վերցրել, որոշիչ պետություն չէ ներկայումս։