Ում հրավիրել են, նա էլ գնացել է Մոսկվա` բանակցությունների
«Նախաձեռնողը նպատակահարմար է գտել հրավիրելու երկու երկրների գլխավոր շտաբների պետերին: Դրանից չպետք է այլ հետևություն անել, որ նրանք պարտավոր էին հրավիրել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ներկայացուցիչներին»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչու ԼՂ ՊԲ ներկայացուցիչը ներգրավված չի եղել Մոսկվայում կայացած բանակցություններում: Մեր հարցին` իսկ Հայաստանն առաջարկե՞լ է, որ ԼՂ ներկայացուցիչն էլ մասնակցի, Կ.Նահապետյանը դժվարացավ պատասխանել:
Մեր դիտարկմանը՝ եթե ում կանչում են, նա է գնում, ուրեմն ստացվում է՝ լուռ ենթարկվում ենք ռուսներին, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ պետք է ճշտել մանրամասները, թե առաջարկն ինչպես է ձևավորվել, ինչ է այն բովանդակում, և հետո փորձել գնահատականներ տալ:
Նա կրկնեց, որ միայն մեր ուժերով պետք է կարողանանք լուծել մեր խնդիրները` եռամիասնության միջոցներով` Հայաստան, Արցախ և Սփյուռք: Իսկ թե ինչո՞ւ մեր ռազմավարական դաշնակիցը, մտահոգություններից բացի, այլ քայլերի չդիմեց, Կ.Նահապետյանը նշեց, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները մեր անվտանգության համակարգի համար կարևոր նշանակություն ունեն. «Ակնկալում ենք, որ ավելի հասցեական և ճշգրիտ ներկայացվի իրավիճակը, և ավելի խստորեն դատապարտվի Ադրբեջանի ռազմական ագրեսիան»:
168.am-ի հարցին, որ՝ եթե ՌԴ-ն շարունակի Ադրբեջանին զենքի վաճառքը, ՀՀ դիրքորոշումը ո՞րը կլինի, Կ.Նահապետյանը պատասխանեց, որ մշտապես արտահայտել են խորը մտահոգություն՝ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին հարձակողական զենքի վաճառքի հետ կապված, ՀՀ նախագահից սկսած՝ տարբեր հարթակներում, տարբեր ձևաչափերով ներկայացրել են մտահոգությունը.
«Այս դրության մեջ մենք այդ մասով պետք է առավել խստապահանջ լինենք: Բայց բոլոր դեպքերում պետք է նկատի ունենանք, որ յուրաքանչյուր պետություն ունի նաև իր շահերը՝ և՛ տարածաշրջանի հետ կապված, և՛ երկկողմ հարաբերությունների շրջանակում, և այս իմաստով գուցե և մեր բանակցությունների, քննարկումների ընթացքում հաջողվի համոզել ռուսական կողմին, որ զենքի մեծ քանակի կուտակումը տարածաշրջանում և ագրեսոր պետության դեպքում՝ առավել մեծ մարտահրավեր է ոչ միայն՝ տարածաշրջանի պետությունների համար, այլև՝ այն պետությունների, որոնք այս տարածաշրջանում ունեն իրենց շահերը»: