«Հնարավոր է` Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգը պատրաստվում է կանխարգելիչ գործողությունների». Անատոլի Ցիգանոկ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սանձազերծված մարտական գործողություններին զուգահեռ՝ Ադրբեջանի հյուսիսային սահմանին՝ Դաղստանում, տագնապի ազդանշանով ոտքի են հանվել Ռուսաստանի հարավային ռազմական շրջանի առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումները։ Ինչպես հաղորդում են Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, մարտավարական զորավարժություններին, որոնք անցկացվում են «Դալնի» պոլիգոնում, մասնակցում է մոտ 1000 զինծառայող և 300 միավոր զինտեխնիկա։ Ինչպես հայտնել են ռազմական գերատեսչությունից՝ մոտոհրաձգային բրիգադի զինծառայողները պետք է հակադարձեն ռազմական տեխնիկայի շարասյան վրա պայմանական հակառակորդի առաջնային ջոկատի հարձակմանը, պաշտպանական դիրք գրավեն և վարեն նշված շրջանի պաշտպանությունը։ Զորավարժությունները կշարունակվեն մինչև ապրիլի 9-ը։

168.am-ի հետ զրույցում Ռազմական կանխատեսման կենտրոնի տնօրեն, ռուսաստանցի ռազմական փորձագետ Անատոլի Ցիգանոկը nշեց, որ կարելի է մի քանի վարկած քննարկել: Առաջինը, ըստ նրա, այն է, որ սա ղարաբաղյան իրադարձություններից անկախ և նախապես ծրագրված զորավարժություն է: «Հարավային օկրուգը նման բնույթի զորավարժություններ այդ հատվածում ժամանակ առ ժամանակ իրականացնում է, բայց հասկանալի է, որ երբեմն դրանք քաղաքական երանգներ են ունենում, և երբեմն անհարկի դրանց քաղաքական ենթատեքստ է տրվում»,- նկատեց Ցիգանոկը:

Սակայն, վերջինիս համոզմամբ, երկրորդ վարկածն այն է, որ Ռուսաստանը հստակ հասկանում է, որ այն ստորաբաժանումները, որոնք գտնվում են Ադրբեջանում, ունակ են վտանգավոր հարված հասցնել մարտական գործողությունների ընթացքում ռմբակոծիչների միջոցով: «Ուստի կարելի է մտածել նաև, որ ռուսական Հարավային ռազմական օկրուգը պատրաստվում է կանխարգելիչ գործողությունների, սակայն ինչպե՞ս, դա ինձ համար հասկանալի չէ այս պահին»,- նշեց ռազմական փորձագետը: Սակայն, վերջինիս համոզմամբ, այս սցենարը կարելի է քննարկել լայնամասշտաբ հարձակման դեպքում, իսկ նման լայնամասշտաբ հարձակում տեղի չի ունենա, քանի որ Ադրբեջանը ճիշտ է գնահատում ուժերի հավասարակշռությունը և այն, որ Հայաստանը կարող է պահանջել ՀԱՊԿ աջակցություն:

«Ամենահետաքրքիրն այն է, որ Հարավային Կովկասի բոլոր նախագահները, բացառությամբ Թուրքիայի, խոսում են այն մասին, որ անհրաժեշտ է, որպեսզի հակամարտությունը կարգավորեն դիվանագիտական և քաղաքական միջոցներով, և միայն Թուրքիան է, որ պնդում է, թե կաջակցի  Ադրբեջանին ադրբեջանական հողերի ազատագրման հարցում»,- ասաց Ցիգանոկը: Սակայն բոլոր կողմերը և միջնորդները, նրա համոզմամբ, պետք է հասկանան, որ ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է իր խոսքն ասի, քանի որ իր հակամարտության կարգավորման համար այլ կառույցներ գոյություն չունեն: «Այո, շատերն են ասում, որ ՄԽ-ն անկատար է, բայց դա միակ հարթակն է, որը կարող է լինել, և լավ կլինի, որ բանակցությունները շարունակվեն: Այլապես, ես կարծում եմ, որ ԼՂՀ ՊԲ-ն կանի ամեն ինչ այն բանի համար, որպեսզի այդ` Ադրբեջանի վերաձևած սահմանները, փոխի իր օգտին»,- նկատեց Ցիգանոկը:

 

Տեսանյութեր

Լրահոս