Էժան նավթը փամփուշտ է դառնում. Ինչու Ադրբեջանը կրակեց հենց հիմա

Մարտի սկզբին այնպես ստացվեց, որ ինձ (և Հայաստանից ևս 2 փորձագետի) հրավիրեցին ԱՊՀ երկրներից մեկը` մասնակցելու մի քննարկում-սեմինարի, որը նվիրված էր հիմնականում տարածաշրջանային համագործակցության և ինտեգրացիայի հարցերին։ Ներկայացված էին միջինասիական երկրները և կովկասյան 3 հանրապետությունները` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան։

Նախկինում մեկ անգամ` տարիներ առաջ, առիթ ունեցել էի ադրբեջանցիների հետ քննարկման մասնակցելու։ Համոզվել էի, որ, եթե չկան տեսախցիկներ և հրապարակայնացման խնդիր, նրանք սովորաբար չափը չեն անցնում և աշխատում են ընդհանրապես չշոշափել ղարաբաղյան հակամարտության թեման (եթե քննարկումն այդ թեմայով չէ)։ Սակայն նրանք առավել զգուշավորություն ցուցաբերում են ոչ թե մեր` հայերիս, այլ` իրենց իշխանությունների նկատմամբ։ Անգամ, եթե 100%-ով համոզված լինեն, որ իրենց ասածները մնալու են այդ պատերի ներսում, միևնույն է` անգամ թեթև քննադատության չեն ենթարկում իրենց իշխանություններին:

Այս անգամն ինձ համար իսկական անակնկալ էր։ Ադրբեջանի պատվիրակները` երիտասարդ տղա և աղջիկ, այնպես էին քննադատում Ալիևի վարչակազմին, որ դա իսկական անակնկալ էր մեզ համար:

Նրանք ասում էին, որ Ադրբեջանի տնտեսության վիճակը, մեղմ ասած, տխուր է: Ասում էին, որ տարիներ շարունակ որևէ լուրջ բարեփոխում չիրականացնելով, տնտեսության մեջ կառուցվածքային փոփոխություններ չկատարելով` Ալիևի վարչակազմը հույսը դրել էր միայն նավթադոլարների վրա։ Ու նավթի գների անկման արդյունքում` երկիրը փաստի առաջ է կանգնել։ Ասում էին` բյուջեն կատարելու համար իսկական պետական ռեկետ է իրականացվում` Հարկայինն ընկերություններին տուգանում է մի քանի տասնյակ միլիոն դոլարի հասնող տուգանքներով։ Նրանց խոսքերով` համատարած կրճատումներ են գնում. կա ընկերություն, որ աշխատակիցներից 6000 հոգու կրճատել է։ Այս խոսքերը, հարկ եղած դեպքում, կարող են հաստատել ինձ հետ նույն տեղում գտնված հայ գործընկերներս։

Իհարկե, մինչ այդ էլ գիտեինք, որ Ադրբեջանում գործերն այնքան էլ լավ չեն։ Սակայն «առաջին ձեռքից» այդ մասին լսելն ուրիշ էր։ Անկեղծ ասած` այդ պահին հազիվ ինձ զսպեցի, որ չհարցնեմ` որ ընկերությունների մասին է խոսքը։ Նման տեղեկատվություն ստանալու դեպքում դժվար է հասկանալ` ուրախանա՞լ է պետք, թե՞ տխրել։ Ցավոք, փորձը ցույց է տվել, որ Ադրբեջանում ներքին քաղաքական և սոցիալական խնդիրների ժամանակ` սահմանային պրովոկացիաները հաճախակի են դառնում։ Փորձում են ժողովրդի ուշադրությունը շեղել արտաքին թշնամու ուղղությամբ։

Կարծում ենք` ոչ ոք չի ժխտի, որ Ադրբեջանի սանձարձակ պահվածքի պատճառներից մեկը հենց տնտեսական դժվարություններն են (մեղմ ասած)։ Սակայն վերջին սրացումն ավելի խորը պատճառներ ունի։ Տեսեք` գծապատկերում ներկայացված է Ադրբեջանի տնտեսական աճի ցուցանիշը` 1996 թվականից ի վեր։

az-ach

Այս տարիների ընթացքում նավթ վաճառելով` Ադրբեջանը մեծացրել է ՀՆԱ-ն, բյուջետային մուտքերն ու ռազմական բյուջեն։ Այս ընթացքում մեծ քանակի տեխնիկա են գնել` համոզված լինելով, որ պատերազմի ելքը վճռվելու է իրենց ունեցած տանկերի և հրթիռային կայանների քանակով։ Չեն շտապել, համբերել են` ավելի ու ավելի մեծացնելով պաշարը և համոզված լինելով, որ նավթը միշտ բարձր եկամուտներ է ապահովելու իրենց համար։ Իսկ հետո սկսվել է հակառակ պրոցեսը` տնտեսական աճի դանդաղումը (գծապատկերի վրա կորագիծը ցույց է տալիս աճի միտումը)։ Այս երկիրը գնում է դեպի լճացում։

2015 թվականն Ադրբեջանը փակել է ընդամենը 1,1% տնտեսական աճով։ 2016-ի համար միջազգային կառույցներն Ադրբեջանի համար կանխատեսում են առավելագույնը 0,6% աճ։ Սակայն դատելով ընթացիկ զարգացումներից` քիչ հավանական է, որ այս երկրում աճ կգրանցվի։ Հունվար-փետրվարին Ադրբեջանի ՀՆԱ-ն անկում է ապրել ավելի քան 3%-ով։ Նավթի գինը համառորեն չի վերականգնվում։ Բոլորը խոսում են, որ նավթի ժամանակաշրջանն անցած կարելի է համարել։

Հեշտ փողի սովոր ադրբեջանական պաշտոնյաները սկսում են գիտակցել` ժամանակն արդեն աշխատում է ի վնաս իրենց։ Հետ նայելով` պարզում են, որ իրենց տնտեսական հզորության պիկը բաց են թողել: Եթե 2000-ականների կեսերին Ադրբեջանում 25-35% տնտեսական աճ էր գրանցվում, հիմա վիճակը գնալով վատանալու է (որովհետև նորմալ տնտեսություն ունենալու համար ո՛չ քաղաքական կամք ունեն, ո՛չ ցանկություն)։ Ու ստացվում է, որ պահը հիմա է, հետո կարող է արդեն ուշ լինել։ Ու ստացվում է այն, ինչ ստացվում է սահմանի վրա։

Իհարկե, սա գիտական վերլուծություն չէ։ Առավելևս, որ հարևան երկրի ղեկավարության մարազմատիկ մտածելակերպն ու շարժառիթները դժվար թե որևէ լուրջ վերլուծության հնարավոր լինի ենթարկել։ Սա պարզապես ցուցանիշների վրա հիմնված կարծիք է։ Բայց, ամեն դեպքում, տնտեսական դրդապատճառները թերագնահատել չի կարելի։ Ընթացիկ սրացումն ալիևյան վարչակազմի վերջին շանսն է` իշխանությունը չկորցնելու համար։ Որը, սակայն, մոտեցնելու է նրանց վերջին։

Հ.Գ. Հոդվածի սկզբում նշված երկրի անունը չեմ նշել, որովհետև իրենց երկրին քննադատած ադրբեջանցիների ինքնությունը հնարավոր կլիներ պարզել, և նրանց համար խնդիրներ կծագեին։ Պատճառը ոչ միայն այն է, որ սեմինարի ընթացքում հնչած դետալները, ըստ պայմանավորվածության, չպետք է հրապարակվեին։ Այլ նաև այն, որ հարևան երկրում մեզ պետք են նման մարդիկ, ովքեր գոնե կարող են փորձել ինչ-որ բան հասկացնել իրենց հայրենակիցներին։

Տեսանյութեր

Լրահոս