«Պետք է ակտիվ գործողություններ իրականացնենք անվտանգության նոր գոտի ստեղծելու համար»
Մեր զրուցակիցն է ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
– Պարոն Նահապետյան, ԱԺ նիստի ժամանակ խոսեցիք Ղարաբաղի անվտանգության գոտին ընդլայնելու և ամրապնդելու մասին: Ի՞նչ է դա ենթադրում:
– Ստեղծված իրավիճակում տեսնում եմ նման անհրաժեշտություն, որ ԼՂ ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու համար մենք ոչ միայն պետք է մտածենք, այլ նաև շատ ակտիվ նախաձեռնողական գործողություններ իրականացնենք անվտանգությունն ընդհանուր առմամբ ամրապնդելու և, մասնավորապես, անվտանգության նոր գոտի ստեղծելու համար, որովհետև, երբ օգտագործվում են հեռահար զինատեսակներ, նաև իրականացվում են բազմաբնույթ ռազմական գործողություններ, այդ պարագայում մենք պետք է մտածենք մեր ժողովրդի անվտանգության նոր երաշխիքների մասին, և, իմ պատկերացմամբ, դա կարող է լինել մեկ հաստատուն քայլ առաջ, որպեսզի ռազմական այն նվազագույն խնդիրը, որ դրված է մեր զինված ուժերի և պաշտպանական բանակի առաջապահ ստորաբաժանումների առջև, իրականություն դառնա:
– Խոսքը նոր տարածքների՞ մասին է:
– Նման բան չի ասվել, անվտանգության գոտին կարող է տարբեր բաղադրիչներ ունենալ, և հնարավոր եմ համարում, որ նաև, այո, մենք կարողանանք որոշակիորեն մեր առաջնագծում եղած դիրքերն ամրապնդել, և դա պետք է դիտարկենք հենց անվտանգության գոտու ամրապնդման համատեքստում:
– ԵԱՀԿ դեսպանների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կողմ են, որպեսզի բոլոր զորամիավորումները վերադառնան մինչև 2016թ. ապրիլի 1-ի իրենց զբաղեցրած դիրքերն ու զորանոցները: Դա բավարա՞ր է, թե՞ այս պայմաններում արդեն բավարար չէ:
– Գիտեք, իրադարձություններն այնքան արագ են զարգանում, որ բավարար լինելու կամ չլինելու գնահատումները կարող են արվել միայն այս պահի դրությամբ, որովհետև վաղը գուցե այնպիսի ռազմական զարգացումներ տեղի ունենան, որ մեր դիրքորոշումն էլ էապես տարբերվի այս պահի դրութամբ եղած մոտեցումներից: ՀՀ նախագահը շատ հստակ ձևակերպել է մոտեցումները և ակնկալիքները ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ, և այն պայմանները, որոնք առաջադրվել են, թե որ պայմաններում մենք կընդունենք ռազմական գործողությունների դադարեցումը՝ որպես մեր ցանկություն, դա շատ հստակ է ներկայացվել: Դրան ավելացնելու կամ լրացուցիչ մեկնաբանելու կարիք չեմ տեսնում:
Այս պահին շատ ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում: Իրադրության փոփոխությանը զուգընթաց՝ հնարավոր են նաև նոր քաղաքական որոշումներ: Այն, ինչ տեղի է ունեցել, չի կարող չազդել բանակցային գործընթացի վրա, և մենք այստեղ մեր դիրքորոշումը վերանայելու խնդիր ունենք: Դա միանշանակ է, պետք է դասեր քաղենք ստեղծված իրավիճակից, նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հարաբերություններում:
– Նախագահը դեսպանների հետ հանդիպմանը քննադատել է Թուրքիային, նաև տեղեկություններ կան, որ թուրք վարձկաններ ու իսլամիստներ են կռվում Ադրբեջանի կողմից:
– Այո, տեղեկություններ կան այն մասին, որ վարձկաններ ներգրավված են Ադրբեջանի ԶՈՒ կազմում, այդ տեղեկությունները դեռ ճշտվում են: Սակայն մեր ունեցած տեղեկություններն այդ մասով բավարար հիմք են տալիս մեզ պնդելու, որ վարձկանները մասնակցություն ունեն ադրբեջանական ռազմական հարձակողական այդ գործողություններին: Ընդհանուր առմամբ, գնահատելով նաև Թուրքիայում ստեղծված իրավիճակը, Մերձավոր, Միջին Արևելքում զարգացումները, մենք ունեինք նման կանխատեսումներ` որպես մարտահրավեր մեզ համար, որ վարձկաններ կարող են ներգրավվել հակառակորդի ռազմական գործողություններում, սակայն դեռևս վերջնական ճշգրտման կարիք կա, և այդ մասին հայտարարություններ կարվեն պաշտպանական գերատեսչության կողմից:
– Բայց դա որպես լո՞ւրջ սպառնալիք է դիտարկվում:
– Սպառնալիք որակել ճիշտ չէր լինի, ուղղակի փաստը պետք է արձանագրենք` արդյոք դա կա՞, թե՞ ոչ: Մենք ունենք տեղեկություններ, որ Ադրբեջանից բազմաթիվ զինվորականներ, նաև քաղաքացիական անձինք՝ որպես վարձկաններ, ներգրավվել են Մերձավոր և Միջին Արևելքում, Թուրքիայում տարբեր ահաբեկչական խմբավորումների կազմում, կարելի է ենթադրել, որ նրանց մի մասը վերադարձել է Ադրբեջան, և այս վերջին ռազմական գործողություններին, հնարավոր է նաև, մասնակցություն ունեն: Նաև տեղեկություններ են տարածվել, որ այլ տարբեր երկրների վարձկաններ ներգրավված են ադրբեջանական ռազմական այս ագրեսիայի մեջ: Դրանք կստուգվեն և ըստ այդմ կտրվեն հստակ գնահատականներ: Անկախ նրանից՝ վարձկաննե՞ր են, թե՞ ագրեսոր ադրբեջանցիներ, որոնք հարձակում են գործել մեր սահմանների վրա, միևնույն է, նրանք ստանալու են արժանի հակահարված, և այդ իմաստով՝ փա՛ռք մեր ԶՈՒ տղաներին, ովքեր այսօր հերոսաբար պաշտպանում են մեր սահմանները: