«Սպասելիքներ չունեի, որ իշխանությունը կարող է այնպիսի օրենսգիրք ընդունել, որով տեսականորեն հնարավոր է, որ ինքը հեռանա իշխանությունից»
ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծը, որը վերջերս է ներկայացվել հանրության դատին, ակտիվորեն քննարկվում է: Նախագծի որոշ դրույթների վերաբերյալ զրուցել ենք Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ
– Ընտրական օրենսգրքի նախագծով սահմանափակվել է այն անձանց ընտրելու իրավունքը, ովքեր դիտավորությամբ կատարված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտված են օրինական ուժի մեջ մտած դատավճռով և պատիժ են կրում: Դատապարտյալների ընտրության իրավունքը պե՞տք է սահմանափակվի:
– Եթե հարցը դիտարկում ենք զուտ տեսական, մարդու իրավունքների տեսանկյունից, ապա դատապարտյալները բնականորեն պետք է ընտրելու իրավունք ունենան, և սահմանափակման չափորոշիչները քննարկման թեմա են: Սկզբունքորեն սահմանափակում կարող է լինել: Բայց ամեն դեպքում մենք պետք է նաև տեսնենք, թե ինչ իրականությունում ենք ապրում, և ըստ դրա դիտարկենք՝ դատապարտյալներին ընտրության իրավունք տալը որքանով է համաչափ Հայաստանի իրականությանը: Եթե դիտարկենք այս տեսանկյունից, ապա կարելի է ասել՝ Հայաստանի բնակչության բավական ստվար զանգված կախվածության մեջ է իշխանություններից, հատկապես սոցիալապես անապահովները, հատկապես մարզերում, իսկ դատապարտյալներն ընդհանրապես ավելի խոցելի խավ են, և դատապարտյալներին ընտրելու իրավունք տալը նշանակում է՝ լրացուցիչ ռեսուրս՝ իշխանությանը, որովհետև դատապարտյալները, որպես կանոն, կքվեարկեն, ինչպես կուղղորդի վարչակազմը տեղի հեղինակությունների միջոցով: Իհարկե, սա միջազգային հանրությանն ուղղված քայլ է, թե ինչ ժողովրդավարական ճանապարհով ենք գնում:
Ես համոզված եմ՝ դա կողջունվի միջազգային հանրության կողմից: Բայց իրականում իմանալով Հայաստանի իրական վիճակը՝ նորից եմ կրկնում՝ սա լրացուցիչ ռեսուրս է իշխանական ձայների համար, որովհետև շուրջ 3000 ձայնը քիչ ռեսուրս չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամեն ձայնի համար պայքար է գնում: Անկեղծ ասած՝ ես, մարդու իրավունքների պաշտպան լինելով հանդերձ, նույնիսկ ժամանակավորապես՝ 10-15 տարի, կսահմանափակեի զինծառայողների ընտրելու իրավունքը:
– Ընդհանուր առմամբ օրենսգրքի նախագծի վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք:
– Մի քանի հարց առանձնացնեմ: Խոսեցինք դատապարտյալների մասին: Ես կուզենայի խոսել մեկ այլ հարցի մասին, որ կրկին ուղղված է միջազգային հանրությանը: Խոսքն ազգային փոքրամասնություններին ներգրավելու մասին է: Առաջին հայացքից կարծես ազգային փոքրամասնություններին երկրի կառավարմանը մասնակից դարձնելը շատ գեղեցիկ քայլ է: Բայց կարող եմ ասել, որ երկրի կառավարմանը ազգային փոքրամասնություններին մասնակից դարձնելու տարբեր մեթոդներ կան: Կուզեի խոսել դրանց մասին:
Ինքս մասնակցության հետ կապված մի շարք միջազգային կոնֆերանսների եմ մասնակցել և կարող եմ ասել, որ կան այսպիսի միջոցներ, մանավանդ, երբ երկրում ազգային փոքրամասնությունները շատ քիչ տոկոս են կազմում: Այն մարզերում, որտեղ ազգային փոքրամասնությունները համայնքներով են ապրում, ղեկավար մարմիններում՝ Հայաստանի պայմաններում՝ մարզպետարաններում, ազգային փոքրամասնությունների ներկայացուցչությունը պարտադիր պայման լինի, հատկապես մշակույթի, կրթական հարցերով մարզպետի տեղակալների ձևով: Կա նաև այլ մոդել, երբ ազգային փոքրամասնությունների համար ստեղծվում է խորհրդարան, որը խորհրդակցական, բայց բավական հեղինակավոր դեր ունի:
Այսինքն՝ կարելի էր կազմակերպել ազգային փոքրամասնությունների խորհրդարան՝ սահմանադրորեն, ինչպես հանրային խորհուրդն է, որոնց որոշումները պարտադիր չեն, բայց շատ կարևոր են՝ կապված իրենց խնդիրների հետ: Իսկ ազգային փոքրամասնություններին Հայաստանի պայմաններում քվոտաներ տալը, իմ կարծիքով, վիճահարույց է, որովհետև նույնիսկ քաղաքակիրթ շատ երկրներում, էլ չեմ ասում՝ ոչ ժողովրդավարական երկրներում, ազգային փոքրամասնությունները բավական խոցելի են, ներքին խոցելիության հարցը կա, և որպես կանոն՝ միշտ պաշտպանում են գործող իշխանություններին: Տվյալ դեպքում, հատկապես՝ նաև ընդդիմադիր կուսակցությունների առջև պայման դնել՝ ունենալ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, բավական բարդ խնդիր է:
Փաստորեն, արհեստականորեն ազգային փոքրամասնություններ ներգրավելով՝ նրանք կարող են շատ հաճախ դեմ գնալ, հատկապես արմատական ընդդիմադիր կուսակցությունների գործողություններին: Ավելին, ինչ-որ չափով ծանոթ լինելով Հայաստանի ազգային փոքրամասնությունների տարբեր կազմակերպություններին՝ նրանց միջև կարող է նույնիսկ պառակտում առաջանալ, թե որ ներկայացուցիչը պետք է Ազգային ժողովում լինի: Եվ չեմ կարծում, որ սա լավագույն լուծումն էր: Իմ կարծիքով՝ այս նախագծում ամենախոցելի կետն այն է, որ ընտրությունների առաջին փուլից հետո տարբեր կուսակցությունների թույլ չի տրվում կազմել մեծամասնության կառավարություն: Եթե առաջին տեղ բռնող կուսակցությունը մեծամասնություն չի ստանում, ապա մյուս կուսակցություններին հնարավորություն չի տրվում համատեղ վերցնել կառավարությունը:
Ընտրական օրենսգրքով արգելք է դրվում: Փաստորեն, առավելագույն ձայն ստացածը կա՛մ երկրորդ փուլ է գնում, կա՛մ ինչ-որ մեկի ստիպում է (պատահական չեմ ասում՝ ստիպում է) իր հետ կոալիցիա կազմել: Ստիպել ասելով՝ նկատի ունեմ հետևյալը՝ ուզո՞ւմ ես «երկրորդական» նախարար լինել (մեծ հաշվով՝ լուրջ քաղաքական նախարարություն չէ), քեզ հետ կոալիցիա կկազմենք, իսկ եթե չես ցանկանում, ես կգնամ երկրորդ փուլ և միանձնյա կկազմեմ: 35 տոկոս ձայն ստացած կուսակցությունը կարող է թելադրողի դերում լինել, և արգելվում է, երբ մյուս 75 տոկոս ձայն ստացածները կարող էին կառավարություն ստեղծել:
Իմ կարծիքով՝ սա ամենախոցելի կետն է: Երրորդ վիճահարույց, բավական լուրջ հարցը համամասնական կոչված, բայց իրականում մեծ հեղինակություններին ընտրական գործընթացի վրա ազդելու հնարավորություն տվող ռեյտինգային (չնայած հերքում են, որ ռեյտինգային է) քվեարկությունն է: Փաստորեն, դա լինում է անունով համամասնական, բայց իրականում հեղինակությունների կողմից կառավարվող ընտրություններ են դառնալու: Սա մյուս վիճելի կետն է: Եվ, իհարկե, չարաբաստիկ 2/3-ի կամ 1/3-ի հարցը:
Եթե հաշվի առնենք, որ իշխանության տարանջատում ասելով՝ հիմնականում նկատի ունենք դատական իշխանության, դատաիրավական տարբեր մարմինների ստեղծումը, որը, ըստ Սահմանադրության, պետք է լինի 60 տոկոսով, փաստորեն, իշխանությունը կարծես իր համար անընդհատ ապահովում է 60 տոկոսը՝ որակյալ մեծամասնությունը: Մի կողմից՝ թվում է, թե որակյալ մեծամասնությունն է կազմում մյուս մարմինները, բայց իրականում նորից իրենց ձեռքում է լինում: Չեմ ուզում էլ խոսել ամենակարևոր հարցերի մասին, որ դիտորդների և լրատվամիջոցների քանակ են որոշում, ինչն ընդհանրապես անընդունելի է:
Առաջարկությունները, որ արվել են քաղաքացիական հասարակության և ընդդիմության կողմից՝ ցուցակների հրապարակում, տեսաձայնագրում, մերժված են: Շատերի համար սա շոկային վիճակ է և այլն, բայց ես փիլիսոփայորեն եմ մոտենում այս հարցին, որովհետև սպասելիքներ չունեի, որ իշխանությունը կարող է այնպիսի օրենսգիրք ընդունել, որով տեսականորեն հնարավոր է, որ ինքը հեռանա իշխանությունից: Այսինքն՝ ամեն ինչ այնպես է հաշվարկված, որ ցանկացած, նույնիսկ տեսական հնարավոր վտանգների դեպքում կարողանան պահել իշխանությունը:
Օրենսգիրքն այդպես է գրված, և քանի դեռ հասարակությունն ուժեղ չէ, չի թելադրում իր կամքը, իրենց թվում է, որ իրենց մեծամասնությամբ ամեն ինչ կանեն: Առայժմ հաջողվում է, բայց որքա՞ն: Ամենացավալին այն է, որ ամեն իշխանություն 1995թ. սկսած սահմանադրություն ընդունելիս և հետագա օրենսգրքեր գրելիս իր համար է նախագծում, բայց ինչ-ինչ պատճառներով՝ կարող է հեղաշրջում լինել, ահաբեկչություն (ես չեմ ուզում օրինակներ բերել, դրանք հայտնի են) և դա ընկնում է, պայմանական ասած, հաջորդ իշխանության ձեռքը:
Չնայած իշխանությունները մեզ մոտ նույն բնույթն ունեն, բայց ամեն անձ, կուսակցություն իր համար ինչ-որ բան ստեղծում է, և հետո դա կարող է հայտնվել ուրիշի ձեռքում: Ամենամտահոգիչն այն է, որ շատ հավանական է, որ եթե այսօրվա ընդդիմությունն ինչ-ինչ ձևով իշխանության գա, չեմ կարծում՝ փորձի փոփոխություններ մտցնել այս արատավոր Սահմանադրության մեջ և օրենսգրքում, որովհետև արդեն ձեռնտու կլինի իշխել այդ նույն ձևով:
– Խոսեցիք ստորագրված ցուցակների հրապարակման մասին: Հայաստանի պայմաններում ի՞նչ կարող է դա տալ: Նախագծի հեղինակները վկայակոչում են ՍԴ որոշումը, Վենետիկի հանձնաժողովի մեկնաբանությունը, որ որոշակի դեպքերում քվեարկությանը չմասնակցելը խոսում է մարդու քաղաքական ընտրության մասին՝ բացահայտելով նրա քաղաքական ընտրությունը:
– Ինձ համար տարբեր օրինակներ բերելը որևէ քննություն չի բռնում, որովհետև մի դեպքում՝ նրանք պարտավորում են անել ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի առաջարկությունները, մյուս դեպքում՝ ընտրողաբար են դա անում կամ չեն անում: Երբ ձեռնտու է, հղում են այս կամ այն միջազգային կազմակերպությանը կամ Սահմանադրական դատարանի որոշման վրա: Եթե չեմ սխալվում, ՍԴ-ի որոշումը հետևյալն է՝ չհրապարակելը չի հակասում Սահմանադրությանը, ոչ թե՝ հրապարակելը հակասում է Սահմանադրությանը: Սա շատ լուրջ դեմքով իրենց ձեռնտու թեզերին հղումներ անելն է: Իրականում ցուցակների չհրապարակումը որևէ մի քննություն չի բռնում, որովհետև, ըստ էության, դա նշանակում է՝ ընտրության գնալու գաղտնիություն: Այդ դեպքում ես մի քանի առաջարկություն եմ արել, որ բոլոր ընտրողներին հիշեցման թղթերի հետ միասին դիմակներ տան, որ ընտրողը դիմակով գնա, և չիմանան՝ ընտրության գնացե՞լ է, թե՞ ոչ, որովհետև երբ մարդիկ բոլորի աչքի առաջ գնում են ընտրության և այլն, ի՞նչ գաղտնիության մասին է խոսքը: Սա բացարձակապես քննություն չի բռնում, պարզապես ցուցակների հրապարակումը լրացուցիչ լծակ է ընդդիմության և քաղաքացիական հասարակության ձեռքին՝ ապացուցելու ընտրակեղծիքները:
– Օրենսգրքով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին և մյուս անդամներին ԱԺ իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է ԱԺ-ն՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:
– Դա նույն չարաբաստիկ 60 տոկոսն է: 60 տոկոս, որը, ամենայն հավանականությամբ, լրիվ կհամընկնի կայուն մեծամասնության հետ: Կամ, եթե նույնիսկ չհամընկնի կայուն մեծամասնության հետ, որը նախատեսում է 54 մանդատ, ապա 6 հոգու հարցը մեծ ջանքե՞ր է պահանջելու, եթե հաշվի առնենք, որ այդ 6 հոգին կարող են լինել ընդդիմադիր կուսակցություններում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները:
– Ընտրական օրենսգրքի նախագիծն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով: Ուղարկվել էր նաև Սահմանադրության նախագիծը: Ինչպե՞ս պետք է վերաբերվել այս հանձնաժողովի եզրակացություններին:
– Վենետիկի հանձնաժողովը մի կողմից՝ շատ հեղինակավոր է, նույնիսկ՝ Եվրոպայի խորհրդից ավելի լայն, որովհետև այնտեղ կան ոչ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներ: Բավական հեղինակավոր կառույց է, երբեմն Հայաստանի իշխանությունները միջազգային կառույցների ասածների վերաբերյալ ասում են, որ մեզ համար քաղբյուրո չէ, երբ իրենց ձեռնտու չէ: Երբեմն էլ հղումներ են անում Վենենտիկի հանձնաժողովի կարծիքներին, իսկ Վենետիկի հանձնաժողովը հաճախ, չեմ ասում՝ միշտ, չի դիտարկում տվյալ պետության ներքին քաղաքական իրական իրավիճակը: Երբ զուտ տեսականորեն դիտարկում ես որևէ օրենք, կարծես, ամեն ինչ նորմալ է, բայց այն խութերը, որոնք կան՝ ելնելով երկրի առանձնատկություններից, մեծ մասամբ չեն դիտարկվում:
– Օրինակ, Ձեր նշած դատապարտյալների մի մասին ընտրության իրավունք տալու դեպքում:
– Տեսեք, դատապարտյալների հարցը: Դե արի, Վենետիկի հանձնաժողովին բացատրիր, թե ինչ է նշանակում Հայաստանում դատապարտյալներին ընտրական իրավունք տալը: Մանավանդ պատկերացրեք՝ նա զարմացած կնայի, երբ մարդու իրավունքների պաշտպանն ասում է՝ դա սխալ է՝ դուք մարդու իրավունքների պաշտպան եք, ուզում եք, որ նրանք չմասնակցե՞ն: Կամ՝ ազգային փոքրամասնությունների հարցը՝ տեսեք, ինչ գեղեցիկ բան է:
– Էլեկտրոնային գրանցումն ի՞նչ կարող է տալ:
– Նախ՝ ասեմ, երբ էլեկտրոնային քվեարկության մասնագետը եկավ, ամբողջ աշխարհի փորձը բերեց և ասաց, որ, եթե երկրում ընտրական գործընթացների նկատմամբ վստահություն չկա, ապա էլեկտրոնային քվեարկությունը որևէ ձևով դրան չի նպաստում: Այսինքն՝ միշտ էլ կարելի է դա շրջանցել, դա դարման չէ: Հայաստանում նախատեսում են միայն նույնականացումը: Այստեղ մի կարևոր հարց է առաջանում: Դա բերում են, որպես օրինակ, որպեսզի կրկնաքվեարկություն չլինի, բայց վերջին ընտրությունների ժամանակ Հայաստանում մեծ տարածում ունի, այսպես կոչված, բրիգադների քվեարկությունը:
Եվ եթե նույնականացումը կենտրոնացված չէ, ապա որևէ ձևով չի բացառվում կրկնաքվեարկությունը, որովհետև այդ նույն մարդը կարող է քվեարկել տարբեր տեղամասերում, որտեղ չի ապացուցվում, որ նա մեկ անգամ արդեն քվեարկել է: Երբ խոսվում է դրա մասին, ասում են, որ հնարավոր է՝ խափանումներ լինեն, և այլն: Մի դեպքում ասում են, որ կարող են լինել այնպիսի պաշտպանական մեխանիզմներ, որ խափանումներ չլինեն, մյուս դեպքում՝ որ չեն կարող խափանումները բացառել: Նորից գալիս են նույն կրկնակի ստանդարտները: