Սթիվեն Հոքինգի անունը կրող միջազգային առաջին մրցանակը կհանձնի հենց ինքը՝ Հոքինգը
«STARMUS» միջազգային գիտական փառատոնի շրջանակներում ստեղծվել է մի մեդալ, որը կրում է հայտնի ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոքինգի անունը: Ինչպես փառատոնի հիմնադիրը, այնպես էլ Սթիվեն Հոքինգի անունը կրող մեդալի ստեղծման հեղինակը ճանաչված հայազգի աստղաֆիզիկոս, Instituto de Astrofisica de Canarias (IAC)` Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Գարիկ Իսրաելյանն է:
Հունիսի 27-ից հուլիսի 2-ը Տեներիֆե կղզում Գարիկ Իսրաելյանի նախաձեռնությամբ կկազմակերպվի ու կանցկացվի երրորդ միջազգային «STARMUS» փառատոնը, որն այս տարի կունենա «Հորիզոնից այն կողմ` հարգանքի տուրք Սթիվեն Հոքինգին» խորագիրը, հարգանքի տուրք մատուցելով բոլոր ժամանակների ամենահայտնի բրիտանացի աստղաֆիզիկոսին: Համարվելով աշխարհի առավել հավակնոտ գիտական փառատոնը, հաջորդ «Սթարմուսին» կմասնակցեն Նոբելյան մրցանակի մեկ տասնյակից ավելի դափնեկիրներ՝ ֆիզիկայի, քիմիայի և բժշկության բնագավառից:
Նրանց թվում են՝ Հարոլդ Կրոտոն և Էրիկ Բեցիգը (Harold Kroto և Eric Betzig) (քիմիա, 1996 և 2014թթ.), Քերոլ Գրեդերը և Էլիզաբեթ Բլեքբորնը (Carol Greider և Elizabeth Blackburn) (բժշկություն, 2009թ.), Ռոբերտ Ուիլսոնը (ֆիզիկա, 1978թ.) և Դեյվիդ Գրոսը (ֆիզիկա, 2004թ.) (Robert Wilson և David Gross), Ադամ Ռիսը և Բրայան Շմիդտը (Adam Riess և Brian Schmidt) (ֆիզիկա, 2011թ.), Էդվարդ Մոսերը և Մեյ-Բրիտ Մոսերը (Edvard Moser և May‐Britt Moser) (բժշկություն, 2014թ.): Նոբելյան մրցանակի այս դափնեկիրների շարքը կհամալրեն հայտնի աստղագետներ, աստղաֆիզիկոսներ և այլ գիտնականներ, ինչպես նաև՝ հայտնի տիեզերագնացներ Միգել Լոպես Ալեգրան (Michael Lopez‐Alegra), Գարեթ Ռեյսմանը (Garrett Reisman), Քրիս Հեդֆիլդը (Chris Hadfield) և Ռասել Շվեյքարտը (Russell Schweickart), աստղաֆիզիկոսներ Նեյլ դե Գրաս Թայսոնը (Neil deGrasse Tyson), Քիփ Թորնը (Kip Thorne), Մարտին Ռիսը (Martin Rees), Ջիլ Թարթերը (Jill Tarter) և Ռոբերտ Ուիլյամսը (Robert Williams), ֆիզիկոս Նեյլ Տուրոկը (Neil Turok) և այլք:
Հունիսի 27-ից հուլիսի 2-ն անցկացվելիք փառատոնի մասին առավել մանրամասներ ստանալու նպատակով 168.am-ը հեռախոսազրոււյց ունեցավ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանի հետ: Մեզ հետ զրույցում վերջինս պատմեց, որ դեռևս 2015թ. դեկտեմբերին, երբ Լոնդոնում տեղի ունեցավ Սթիվեն Հոքինգի անվան մեդալի շնորհանդեսը, անվանի գիտնականն իրեն արդեն ասել էր, որ գիտության նկատմամբ հետաքրքրության և իր հաջողությունների համար պարտական է իր մաթեմատիկայի հայազգի Տիգրան Թահթային:
– Տեղյակ ենք, որ «STARMUS» միջազգային փառատոնի շրջանակներում ստեղծվել է մի մեդալ, որը կրում է հայտնի ֆիզիկոս–տեսաբան Սթիվեն Հոքինգի անունը: Ի՞նչ մեդալ է դա և ի՞նչ նպատակով է ստեղծվել:
– 2015թ. դեկտեմբերին Լոնդոնի Թագավորական ակադեմիայում տեղի ունեցավ Սթիվեն Հոքինգի անվան մեդալի շնորհանդեսը, որին իմ հրավերով մասնակցեցին նաև համաշխարհային մի քանի աստղեր, ինչպես, օրինակ, Հոլիվուդյան հայտնի կոմպոզիտոր Հանս Զիմմերը, օպերային հայտնի երգչուհի Սառա Բրայթմենը, Սթիվեն Հոքինգի ամենամոտ կոլեգաներից՝ ֆիզիկոս Քիփ Թորնը և ուրիշներ: Շնորհանդեսին հայտարարվեց, որ Սթիվեն Հոքինգի անվան մեդալը կշնորհվի բոլոր նրանց, ովքեր նկատելի ներդրում են ունեցել գիտությունը և գիտական բացահայտումները ներկայացնելու և տարածելու գործում: Այս մեդալը ստեղծվել է գիտության հանրահռչակման ուղղությամբ տարվող աշխատանքներ իրականացնող մարդկանց քաջալերելու համար: Սա դեռևս միակ միջազգային մեդալն է, որը տրվում է այն մարդկանց, ովքեր լավագույնս են զբաղվում գիտության հանրահռչակմամբ:
– Ովքե՞ր կարող են լինել այս մեդալի հավակնորդները:
– Սահմանված երեք կատեգորիաների ներկայացուցիչներ՝ կինոյի ոլորտի մասնագետներ, ովքեր իրենց գործունեությամբ կինոյի ժանրում նկատելի աջակցություն են ցուցաբերել գիտությունը հանրահռչակելու ուղղությամբ, այդ թվում՝ նաև սցենարիստներ, կինոպրոդյուսերներ, ովքեր իրենց ուշադրությունն են սևեռել գիտությունը բացահայտող կինոյի ստեղծման ուղղությամբ: Հաջորդ կատեգորիայում գիտության պրոպագանդման ուղղությամբ և թեմայով գրողներն են՝ կլինեն գրող գիտնականներ, կամ երկար տարիներ այդ թեման լուսաբանած լրագրողներ, և այլք: Երրորդ կատեգորիան արտիստներն են՝ երաժիշտներ, նկարիչներ, լուսանկարիչներ (օրինակ՝ աստրոֆոտոգրաֆիան) և այլն, ովքեր մշտապես կամ շատ հաճախ ոգեշնչված են եղել գիտության տարբեր ոլորտներով ու նորություններով, և իրենց ստեղծած արվեստով անդրադարձել են գիտությանը: Այդպիսի շատ արվեստագետներ կան, որոնց մասին հենց իրենք՝ գիտնականները, չգիտեն ու այդ պրոֆեսիոնալ բնույթի կոնտակտը՝ գիտնականնների ու արտիստների միջև, պարզապես կորած է: Պետք է դրանք գտնել ու վերականգնել:
– Ե՞րբ կարող ենք իմանալ, թե ո՞վ կլինի Սթիվեն Հոքինգի անվան մեդալի առաջին կրողը:
– Մեդալի շնորհման արարողությունը տեղի կունենա Տեներիֆեում անցկացվող «STARMUS» միջազգային փառատոնի ընթացքում: Այս տարի՝ հունիսի 27-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում, երբ կանցկացվի փառատոնը, կհայտարարվի նաև առաջին մեդալակրի անունը: Եվ առաջին մեդալը կհանձնի հենց ինքը՝ Հոքինգը:
– Պարոն Իսրաելյան, բացի Սթիվեն Հոքինգի անվան մեդալից, որ այս տարի կշնորհվի առաջին անգամ, ի՞նչ նոր անակնկալներ ու ծրագրեր են նախատեսվում 2016-ին անցկացվելիք «STARMUS»-ի շրջանակներում:
– Շուտով մամուլի հաղորդագրություն կտարածվի, որտեղ ընդգրկված կլինեն այս տարվա փառատոնին մասնակից նոր անունները, որովհետև արդեն իսկ 8 նոր գիտնականների անուններ են ավելացել: Այս պահին կարող եմ ասել միայն, որ այս տարվա փառատոնի ակցենտը կդրվի արեգակնային համակարգի մոլորակների վրա: Շատ հետաքրքիր ելույթներ են նախատեսվում՝ Սատուրնի, Մարսի վերաբերյալ: Այս տարվա փառատոնին մասնակցելու է ՆԱՍԱ-ի ամենահայտնի էքսպերտներից մեկը, խոսվելու է Սատուրնի, Մարսի հետ կապված վերջին նորությունների մասին, այդ թվում նաև՝ ՆԱՍԱ-ի արբանյակի Պլուտոն հասնելու մասին: Կլիմայի գլոբալ փոփոխությունների մասին պատմող գիտական ելույթներ կլինեն: Ինչպես միշտ, կլինեն նաև հայտնի, աշխարհահռչակ արվեստագետներ, որոնց անուններն այս պահին դեռ չեմ բարձրաձայնի, բայց շատ շուտով ինֆորմացիան մեծ ծավալով հասանելի կդառնա:
Լուսանկարները՝ Starmus-ի, հատուկ 168.am-ի համար: