Բաժիններ՝

«Հայաստանի տեղեկատվական ոլորտում միջինը 25 տոկոս աճ է գրանցվել». Կարեն Վարդանյան

Օրերս Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ամփոփեց ԻՏՁՄ-ի ծրագրերը` «Դիջիթեք բիզնես ֆորում», «Բիզնես ինովացիոն ֆորում», «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի արդյունքները, ինչպես նաև՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 2015 թվականի արդյունքներն ու 2016-ի ակնկալիքները:

Կարեն Վարդանյանը նշեց, որ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ամեն տարի կայուն աճ է ապահովում. «Վերջին տարիներին Հայաստանի տեղեկատվական ոլորտում միջինը 25 տոկոս աճ է գրանցվել: Ոլորտը շարունակական զարգացում է գրանցում, իսկ դրան նպաստում է այն հանգամանքը, որ այս ոլորտի մասնագետներն իրենց արտադրանքն արտահանելու ներուժ ունեն»:

Անդրադառնալով ոլորտում առկա թափուր աշխատատեղերի գոյությանը՝ Կ. Վարդանյանը նշեց. «Այսօր աշխարհում ծրագրավորման ոլորտում 2 մլն թափուր աշխատատեղ կա, միջազգային բարձրորակ ինժեներների պահանջարկ կա, և այդ պահանջարկն աճելու է՝ մինչև 2018թ. հասնելով 3 մլն-ի: Դա նշանակում է, որ մենք որքան շատ մասնագետ պատրաստենք, այդքան աշխատանք կունենանք»:

Կարեն Վարդանյանը նշեց նաև, որ սահմանված նպատակներին հասնելու ճանապարհին կան բազմաթիվ խնդիրներ՝ կապված կրթական համակարգի հետ.

Կարդացեք նաև

«Այսօրվա համալսարանները չեն համապատասխանում անհրաժեշտ չափորոշիչներին, և կրթության բնագավառում նոր մոտեցումներ են անհրաժեշտ` սկսած դպրոցից: Սա է պատճառը, որ նախատեսում ենք Հայաստանի բոլոր դպրոցներում ստեղծել ինժեներական լաբորատորիաներ: Արդեն մոտ 90 դպրոցում նման լաբորատորիաներ կան, ևս 130 դպրոցում էլ առաջիկայում ենք պատրաստվում ստեղծել»: Նա հավելեց, որ Կառավարության հետ ունեցած նախնական պայմանավորվածության համաձայն՝ աջակցություն է ցուցաբերվելու ծրագրին. «Կրթության բնագավառում նոր մոտեցումներ են անհրաժեշտ, իսկ դրանց կիրառումը պետք է սկսվի դպրոցներից: Շատ կարևոր է, որ փոփոխություններ կատարվեն նաև բուհերում: Ի վերջո, ինժեներական լաբորատորիաների շրջանավարտները գնում են համալասարաններ, որտեղ նրանց` ստացված գիտելիքները խորացնելու հնարավորություններ պետք է տրվեն»:

Ըստ Կ. Վարդանյանի՝ ցանկալի կլինի, որ կրթությունն էականորեն կապ ունենա պրակտիկայի և գիտության հետ.

«Այստեղ մենք չօգտագործված հնարավորություններ ունենք. անհրաժեշտ է բանակի խնդիրները հավաքել և դրանց հիման վրա, հատկապես՝ գիտատեխնիկական մասով, սկսել աշխատել՝ ակտիվորեն ներգրավելով բարձրագույն ուսումնական հաստատությունները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս