Բաժիններ՝

Արևիկ Ուդումյան. «Երևի գոռոզ էի, հեռուստատեսությունն ինձ հասարակ դարձրեց»

Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանը տևական դադարից հետո առաջին անգամ BlogNews-ին հարցազրույց տվեց ու խոսեց ընտանեկան կյանքի, ամուսնության մասին։ Այս անգամ Արևիկի հետ խոսել ենք աշխատանքի մասին և ոչ միայն։) Այս անգամ ևս հաղորդավարուհին բավականին անկեղծ էր։

-Արևիկ, արդեն 1 տարի է, «Առավոտ լուսո»-ի պրոդյուսերն ես, ժամանակին այս ծրագրի հաղորդավարուհին էիր։ Ինչպե՞ս ստացվեց անցումը՝ հաղորդման դեմքից թիկունքային մարդու։

-Դա միանգամից չեղավ։ Ես վարել եմ մինչև 2013 թվականը, 1.5 տարի ընդմիջում է եղել, և 2015-ի սկզբից սկսել եմ զբաղվել այս հաղորդման պրոդյուսերական աշխատանքով։ Թիմում էլի են նոր մարդիկ ավելացել։ Որոշակի նորամուծություններ արել ենք, հուսով եմ՝ շատ նորություններ դեռ կունենանք։ Քանի որ վարել եմ ծրագիրը, լավ եմ պատկերացնում ֆորմատը։

-Հետաքրքիր է, ո՞րն է հաղորդավարուհի-պրոդյուսերի ամենամեծ պահանջը հաղորդավարներից։

-Կարծում եմ՝ առավոտյան ծրագրերի հաղորդավարների դեպքում ամենակարևորներից մեկը տեղեկացված և ռիթմի մեջ լինելն է, ինչը, բնականաբար, հնարավոր է ամենօրյա աշխատանքի միջոցով։

-«Մեր մեջ ասածը», որի դեպքում և՛ պրոդյուսեր ես, և՛ հաղորդավարուհի, 4-րդ եթերաշրջանում փոխեց իր ձևաչափը. հիմա ավելի շատ հակված եք անկեղծ, բացահայտող զրույցների։ Ինչո՞ւ որոշեցիք փոփոխության գնալ։

-Որոշվեց, որ «Մեր մեջ ասածը» պետք է ունենա ևս 2 եթերաշրջան (փետրվարից սկսում ենք 5-րդ եթերաշրջանը)։ Մեր իրականության մեջ քիչ են հետաքրքիր հայտնիները, իրենց կյանքի մասին խոսել կարողացող և սիրող հայտնիները։

Իրականում մենք ավելի բարդացրինք մեր աշխատանքը, քանի որ այն, ինչ հիմա ենք անում, պահանջում է շատ ավելի մեծ ժամանակ և աշխատանք, իսկ մենք եթերում ենք շաբաթը 5 օր։ Մեր լրագրողներին հաճախ նմանեցնում եմ ոստիկանության աշխատակիցների, որովհետև հյուրերի մասին այնպիսի տեղեկություններ են պրպտում, այնպիսի մանրամասներ պարզում, որ զարմանում ենք։ Կարծում եմ՝ սա «Մեջ մեջ ասածի» բոլոր ֆորմատներից ամենասիրվածն է. մարդկանց դուր են գալիս ուրիշների անձնական պատմությունները, որոնց մասին դեռ չեն լսել։ Ամենակարևորը մեր հյուրերի զգացմունքներն են. երբ մարդը զգացմունքային է, շատ բնական է, իսկ մենք մեր հյուրերին տեսնում ենք ամենաբնական վիճակում, և մենք էլ ենք զգացմունքային դառնում։

IMG_9730

-Նախորդ եթերաշրջանում Իրինա Դանիելյանն այլևս ձեզ հետ չէր վարում հաղորդումը։ Ինչո՞ւ։

-Ուղղակի նա սկսեց նկարահանվել սիթքոմում և վերադարձավ իր աշխատանքին՝ իբրև դերասանուհի։ 2 հաղորդավարուհու դեպքում ֆորմատն ավելի անձնական դարձավ։ Կարծում եմ՝ հիմա մեր հաղոդմանը հյուր գալն ավելի դժվար է, քան նախկինում, որովհետև հյուրը գիտի, որ իր «մեջքի հետևում» շատ բաներ են պարզվում։)

-Հաղորդման ժամանակ դու և Կարինեն բացահայտում եք հյուրերին, իսկ իրականում այդպիսի՞ն ես։ Սիրո՞ւմ ես «փորփրել» մարդուն, հարցուփորձ անել։

– Չէ, ես այդքան պրպտող չեմ։ Միգուցե դա իմ թերություններից է, բայց չեմ կարող ասել, թե մարդուն միանգամից բացահայտող եմ և շատ հեշտ ճանաչում եմ, իսկ իմ միջի լրագրողը չափազանց հետաքրքրասեր է. ես յուրաքանչյուրի հետ խոսելու թեմա ունեմ՝ ո՞վ է, ի՞նչ է անում, ինչպե՞ս է ապրում, ի՞նչ խնդիր ունի։ Հաղորդման ընթացքում կոռեկտության սահմաններում փորձում եմ նաև անձնական հարցեր տալ. տեսախցիկների առաջ, երբ դա իմ աշխատանքն է, շատ հանգիստ անում եմ, բայց հաղորդումից դուրս չեմ սիրում մտնել մարդու այն անկյունները, որոնք նա չի բացում։

-Ինքդ բա՞ց մարդ ես։

-Ես բաց եմ, բայց կան հարցեր, որոնք համարում եմ զուտ անձնական, իսկ առհասարակ ես հանգիստ խոսում եմ իմ զգացմունքների մասին, այնպիսին չեմ, որ ամիսներով ինչ-որ բան պահեմ իմ մեջ, և դա հեշտացնում է կյանքս։

-Մեր նախորդ զրույցում ասացիր, որ երբ գործընկերներդ տեսնում են քո և ամուսնուդ՝ Արամի շփումը, նրան ասում են՝ չես պատկերացնում՝ ինչպիսին է նա աշխատավայրում։ Ինչպիսի՞ն ես աշխատավայրում։)

-Վայ, չգիտեմ, երևի պահանջկոտ եմ և լավ եմ զգում, երբ իմ հանդեպ էլ են պահանջկոտ։ Երբ արդյունքը լավն է լինում, բոլորս ենք շահում։ Առաջ կարծում էի՝ եթե ինչ-որ բան լավ եմ անում, ուրեմն վերջ՝ լավ եմ անում, հիմա հասկանում եմ՝ կարող է քեզ թվալ՝ լավ ես անում, բայց քո ինչ-որ բառը մեկին լարի, ինչ-որ ինտոնացիա մեկին նեղացնի։ Երևի տարիքից է, փորձում եմ հասկանալ՝ ինչպիսին եմ կողքից՝ ավելի լավն ու արդյունավետ լինելու համար։

-Ես հիշում եմ քեզ տարիներ առաջ, երբ մտար հեռուստատեսություն, վարում էիր «Օդեոն»-ը։ Հիմա թե՛ արտաքնապես, թե՛ խոսելաձևով շատ ես փոխվել։ Մեծ ճանապարհ ես անցել, վստահ եմ՝ ներաշխարհումդ էլ է շատ բան փոխվել։ Քո բնորոշմամբ՝ ի՞նչն է փոխվել, ինչպիսի՞ն էիր, երբ մտար հեռուստատեսություն ու հիմա։

-Հեռուստատեսությունն առաջին հերթին ինձ ազատել է բարդույթներից։ Չգիտեմ՝ հիմա ինչպիսին են երիտասարդ աղջիկները, բայց մեր ժամանակ գոռոզ լինելը վատ բան չէր:) Ես շատ գոռոզ էի, և ինձ թվում էր, թե դա շատ լավ է։ Հեռուստատեսությունն ինձ հասարակ դարձրեց։

IMG_9733

-Սովորաբար հակառակն է լինում։

-Չէ, ինձ մոտ այլ էր։ Ես իմ ամպերից իջա ներքև, դարձա էլ ավելի շփվող, պարզ և բաց. այն, ինչ ես կամ իրականում։

-Անկումային փուլ ունեցե՞լ ես, որի արդյունքում էլ փոխվել ես։

-Չէ, ես հասարակ դարձա, որովհետև ԶԼՄ-ներում մարդիկ շատ տարբեր գույների են։ Հեռուստատեսությունը կարծես տիեզերք լինի. այդ միջավայրում գոռոզ լինելը մի քիչ անմիտ է։ Ես լավից հասարակ դարձա, ոչ թե վատից։ Հեռուստատեսությունը լրիվ փոխել է կյանքս։

-Դու բավականին աշխատասեր ես։ Կար մի փուլ, երբ աշխատում էիր 4 տեղում, ամբողջ օրը վազվզում էիր։ Հիմա քո հեռուստատեսային աշխատանքն ավելի հանգիստ է։ «Վազքով ապրելը» ոչ միայն կենսակերպ է, այլև էություն, հիմա քո հոգեվիճա՞կն է թելադրում, որ հակված ես մի տեղ աշխատելու, մի քիչ ավելի հանգիստ կենսակերպ ունենալու։

-Շատ ճիշտ ես նկատել, դա իմ հոգեվիճակն է։ Այդքան տարի վազելն ինձ մի քիչ հոգնեցրեց, բայց դա նորմալ է. այդ տարիքում, այդ շրջանում ես ուզում էի և կարող էի դա անել։ Հիմա ավելի լավ է շատ աշխատեմ, բայց մի տեղում։ Ես հոգնեցի այդ վազքից։ Միգուցե տարիքի հետ հիմա ավելի շատ հստակություն եմ ուզում։

-Քեզ գոհացնո՞ւմ է այն կետը, որում հիմա ես։

-Հա, իհարկե յուրաքանչյուր մարդ ունի ավելին անելու հնարավորություն, բայց գոհ եմ, որովհետև շատ լավ թիմի մի մասն եմ։ Այսօրվա հեռուստատեսությունում եզակի երևույթ է, երբ այդքան գնահատվում է որակը, չկա բամբասանք և լավ մթնոլորտ է։ Գոհ եմ, որ անում եմ այն, ինչ սիրում եմ։ Գոհ եմ նաև, որովհետև ունեմ իմ ընտանիքը. եթե դա չլիներ, ամբիցիաներս մի ուղղությամբ կլինեին, և կասեի՝ չէ, սա էլ է քիչ։ Հիմա հանգիստ աշխատում եմ։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս