Իրանի թուլացումը տարածաշրջանում նշանակում է Թուրքիայի դիրքերի ուժեղացում, ադրբեջանական իշխանությունների վրա որոշակի ազդեցության թուլացում. Արմեն Պետրոսյան

2012 թվականին «արաբական գարնանը» հաջորդած ներքաղաքական հուզումների ֆոնին ձերբակալված 56-ամյա ազդեցիկ հոգևորական Նիմր ալ-Նիմրին երբ մահապատժի ենթարկվեց Սաուդյան Արաբիայում, շիաների շրջանում դժգոհությունների ալիք բարձրացավ: Ցուցարարները գրոհել էին Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը, քարեր և մոլոտովյան կոկտեյլներ նետել: Դեսպանատան շենքի մի մասն այրվել էր: Դրան հաջորդեց Սաուդյան Արաբիայի կողմից դիվանագիտական հարաբերությունների խզումն Իրանի հետ, նրան միացան նաև այլ պետություններ: 168.am-ն այս իրադարձությունների ու դրանց հնարավոր զարգացումների վերաբերյալ զրուցեց արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ:

– Պարոն Պետրոսյան, Ձեր տարեվերջյան ասուլիսին ասել էիք, որ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ՝ շուրջ 34 մուսուլմանական երկրներից բաղկացած հակաահաբեկչական կոալիցիայի ստեղծումը, որի գործառույթներից մեկը մուսուլմանական երկրներում ահաբեկչության դեմ պայքարի իրականացումն է, կարող է աղետալի հետևանքներ ունենալ, եթե սիրիական հակամարտության որևէ փուլում այս կառույցը ցամաքային գործողություններ իրականացնի: Այժմ Սաուդյան Արաբիան ու նրա դաշնակից որոշ երկրներ խզել են հարաբերություններն Իրանի հետ: Ի՞նչ եք կարծում, այս քայլերն ինչի՞ն են միտված, հնարավո՞ր է, որ այս խառնակ իրավիճակում նաև սիրիական կոնֆլիկտին անմիջական մասնակցության փորձեր արվեն Սաուդյան Արաբիայի ու նրա գլխավորած կոալիցիայի կողմից:

– Սա ակնհայտորեն նախապատրաստված քայլ էր Սաուդյան Արաբիայի կողմից, որի նպատակն Իրանի մեկուսացումն էր, այսինքն՝ թույլ չտալ, որպեսզի Իրան-Վեցնյակ համաձայնությունն առարկայանա: Նրանք շատ լավ հասկանում էին, որ եթե հոգևորականին մահապատժի ենթարկեն, արձագանքը միանշանակ դա է լինելու, և նման արձագանքի դեպքում՝ միանգամից գնում են դիվանագիտական հարաբերությունների խզմանը:

Գուցե խորհրդանշական էր նաև այն, որ այս գործընթացը սկսվեց այն ժամանակ, երբ Էրդողանն այցելեց Սաուդյան Արաբիա: Էրդողանը, որն իրեն ներկայացնում է սուննիական աշխարհի առաջնորդ, այցելում է Մուհամեդ մարգարեի ծննդավայր, և մյուս սունիական աշխարհի առաջնորդի հետ բանակցություններից հետո սկսվում է այս գործընթացը: Սա շատ հստակ պլանավորված գործընթաց էր, որի նպատակն Իրանի մեկուսացումն էր, որովհետև նրա տարածաշրջանային հակառակորդները բավականին լուրջ երկյուղ էին ապրում, թե՝ եթե Իրանի ձեռքերն ազատվեն այդ պատժամիջոցների շղթաներից, ինչ հնարավորություններ նա կարող է օգտագործել, այսինքն՝ նրանց հիմնական նպատակն այդ գործընթացի խաթարումն էր:

Այս երկու ճամբարների միջև սկիզբ առած հակամարտությունը միանշանակ իր բացասական ազդեցությունն է ունենալու տարածաշրջանի վրա: Այսինքն՝ այն բոլոր թատերաբեմերում, որտեղ ակտիվ է ռազմական գործընթացը (Եմեն, Սիրիա, Իրաք, Լիբանան), իրավիճակը կտրուկ սրվելու է: Շատ լուրջ հարցականի տակ են այն քաղաքական գործընթացները, որոնք մեկնարկել էին 2015թ. տարեվերջին: Թեպետ աշխարհաքաղաքական հիմնական դերակատարների՝ Ռուսաստանի, ԵՄ երկրների, ԱՄՆ-ի միջև կա դիրքորոշումների մերձեցում, սակայն ցամաքային գործընթացներում ավելի մեծ դերակատարություն ունեն Սաուդյան Արաբիան, նրան հարող ուժերն ու Իրանը:

Նրանց համաձայնությունը շատ կարևոր է սիրիական ցամաքում ուժերի վրա ճնշում գործադրելու հարցում: Իսկ առաջացած խնդիրների պարագայում այս պրոցեսը կարող է ձախողվել:

Ակնհայտ է, որ այս երկրներն ուղիղ առճակատման չեն գնա: Սակայն անուղղակի կերպով նրանք կփորձեն հարաբերությունները պարզել այն բոլոր ռազմաճակատներում, որտեղ ունեն գործելու հնարավորություններ՝ մեկը մյուսի դեմ:

– ԱՄՆ-ը ի՞նչ դերակատարություն ունի այս ամենում: Հնարավոր համարո՞ւմ եք, որ հակաիրանական այս գործողություններին ԱՄՆ-ն է աջակցում:

– Ոչ, հնարավոր չեմ համարում, որովհետև, ըստ էության, Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների գործողությունների հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ նրանք շատ լավ գիտակցում են՝ վերջին տարիներին Իրանն ու նրա կողմից հովանավորվող ուժերն ակնհայտորեն շատ ավելի հաջող գործեցին, քան Սաուդյան Արաբիան և տարածաշրջանային այն ուժերը, ում վրա հենվում էր Միացյալ Նահանգները:

Սաուդյան Արաբիան և Թուրքիան հասկացան, որ, եթե մինչ այս ԱՄՆ-ի հիմնական խաղադրույքը կատարվում էր սուննիական պետությունների վրա, ապա դա կարող է փոխվել, այսինքն՝ նա կարող է Իրանի հետ համագործակցել: Սա այն հիմնական մտավախություններից մեկն էր, որ ստիպեց նրանց՝ գնալ այս քայլին: Այս քայլը նաև մեսիջ էր ԱՄՆ-ին, որ՝ տարածաշրջանում թելադրողը մենք ենք (Սաուդյան Արաբիայի մասին է խոսքը), այսինքն՝ եթե ես դիվանագիտական հարաբերություններս խզեմ Իրանի հետ, իմ հետևում կանգնած առնվազն 10 պետություն կգնա նույն քայլին:

Հետևաբար՝ ԱՄՆ-ը ուշի ուշով հետևում է այս գործընթացներին: Այստեղ շատ ավելի շահագրգռված է Իսրայել պետությունը, և չի բացառվում, որլատենտային գործընթացներում Իսրայելի մատը խառն է, որպեսզի այս կոնֆլիկտն ավելի թեժանա, քանի որ Իսրայելը Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, սուննիական այլ պետությունների հետ շահագրգռված է, որ Իրան-Վեցնյակ համաձայնագրի իրականացումը բացառվի:

– Հակաիրանական այս գրոհն ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա՝ հաշվի առնելով Իրան-Հայաստան բարեկամական հարաբերությունները:

– Հայաստանի վրա ուղղակի ազդեցություն ունենալ, բնականաբար, չի կարող, մինչդեռ մեր կարևորագույն բարեկամ-հարևան պետության հետ կապված ցանկացած խնդրի առկայությունը, բնականաբար, բացասաբար է դիտվում նաև Հայաստանի տեսանկյունից: Նախ և առաջ՝ պետք է դիտարկել անվտանգության հարցը. Իրանի անվտանգությունն ու կայունությունն անուղղակիորեն շաղկապված են Հայաստանի Հանրապետության հետ:

Ես նշեցի, որ ուղղակիորեն չի կարող, սակայն Իրանի թուլացումը տարածաշրջանում նշանակում է՝ Թուրքիայի դիրքերի ուժեղացում (և՛ տնտեսական, և՛ քաղաքական առումներով), ադրբեջանական իշխանությունների վրա որոշակի ազդեցության թուլացում: Իրանն այնուամենայնիվ որոշակի քաղաքական ազդեցություն ուներ ադրբեջանական վարչակարգի վրա: Բացի այդ՝ տնտեսական առումով չափազանց կարևոր է, քանի որ ՀՀ-ի, Իրանի, նաև՝ Վրաստանի ու Ռուսաստանի մասնակցությամբ անցյալ տարեվերջին ուրվագծվում էին որոշակի տնտեսական ծրագրերի հետ կապված ինչ-որ գործընթացներ: Այսինքն՝ այս բոլոր առումներով, բնականաբար, Իրանի թուլացումը Հայաստանի համար բացասական է, սա միանշանակ է:

– Որևէ հնարավոր կանխատեսումներ ուրվագծվո՞ւմ են, թե ինչպե՞ս կավարտվի այս գործընթացը:

– Կողմերն ուղղակի առճակատման չեն գնա, այսինքն՝ ուղղակի ռազմական գործողություններ կողմերի միջև չեն լինի: Պատահական չէ, որ այս գործընթացի ժամանակ մի քանի պետություն առաջարկեցին իրենց միջնորդությունը՝ կողմերի միջև հարաբերությունները վերականգնելու հետ կապված (եվրոպական պետություններ, Ռուսաստան): Այսինքն՝ երրորդ կողմերը շատ լավ հասկանում են, որ բավականին լուրջ հետևանքներ կարող է ունենալ այս պրոցեսը: Իրոք սա տարածաշրջանի կայունության տեսանկյունից շատ լուրջ պրոցես է, նաև՝ առկա հակամարտությունների կարգավորման հետ կապված: Այդ իսկ պատճառով՝ երրորդ կողմերն առաջարկեցին իրենց միջնորդությունը, սակայն դեռևս որևէ արձագանք չկա:

Կարծում եմ՝ եթե անգամ կողմերը գնան բանակցությունների և վերականգնեն դիվանագիտական հարաբերությունները, որը, թեև հեշտ պրոցես չէ, դրա համար տևական ժամանակ կպահանջվի, այնուամենայնիվ, լուրջ խնդիրներն այս երկու ճամբարների միջև կշարունակվեն: Այսինքն՝ առնվազն տնտեսական, քաղաքական առումներով և այլ ռազմաճակատներում նրանց միջև հակամարտությունը կշարունակվի: Սա, իհարկե, լավագույն սցենարն է, իսկ վատագույն սցենարը, որն ավելի քիչ կանխատեսելի է՝ կողմերի միջև հարաբերությունների էլ ավելի սրումն է, ինչին դժվար թե գնան: Իրանը շատ է սպասել այս պատժամիջոցների վերացմանը, և նրա կողմից բոլոր հնարավոր միջոցները կգործադրվեն, որպեսզի կրքերը չթեժանան և հարաբերություններն ավելի չսրվեն:

Տեսանյութեր

Լրահոս