«Ամերիկյան ներդրումներ Հայաստան ներգրավելու հարցում լավագույն խթանը բաց սահմաններն են». Ռիչարդ Միլս
Մեր զրուցակիցն է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը
– Պարոն դեսպան, ձեր վերջին ելույթում ներկայացրեցիք Հայաստանում ձեր գործունեության 4 առաջնահերթությունները` գործարար ու առևտրային հարաբերությունների խորացում, կոռուպցիայի դեմ պայքար, ժողովրդավարական հաստատությունների, մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության ամրապնդում, ԱՄՆ քաղաքականության հստակեցում։ Այն, որ ժողովրդավարությունն այդ շարքում երրորդ տեղում է, ինչի՞ վկայությունն է` որ Հայաստանում ժողովրդավարությունը բավարար չափով կայացե՞լ է, թե՞ դուք ևս առաջնորդվում եք «սկզբում` տնտեսական զարգացում, հետո` ժողովրդավարացում» սկզբունքով։ Հայաստանի հանրային-քաղաքական օրակարգում այդ երկընտրանքը մշտապես առկա է` սկզբում ժողովրդավարացում, հետո՞ տնտեսական զարգացում, թե՞ տնտեսական զարգացում, հետո ժողովրդավարացում։ Դուք ո՞ր մոտեցումն եք կիսում։
– Իմ չորս առաջնահերթությունների թվարկման հերթականությունը պայմանավորված չէ դրանց ավել կամ պակաս կարևորությամբ, դրանք բոլորն էլ փոխկապակցված են, հատկապես դրանցից երկուսը։ Բիզնեսի համար գրավիչ լինելու համար երկիրը պետք է առաջարկի կայուն, նպաստավոր և կոռուպցիայից զերծ միջավայր։ Օտարերկրյա բիզնեսը` մեծ լինի թե փոքր, իր վստահությունն արտահայտում է դրամական միջոցներ ներդնելու միջոցով. երկրում քաղաքական անկայունություն նկատելու պարագայում, նրանք կա՛մ ներդրում չեն կատարում, կա՛մ երկրից դուրս են բերում իրենց ներդրած գումարները։
– Մոտ երկու ամիս առաջ «Ազատություն» ռադիոկայանին տված ձեր հարցազրույցը լայն արձագանք ստացավ Հայաստանի քաղաքական և քաղաքացիական շրջանակներում։ Հատկապես հարցազրույցի այն հատվածը, որտեղ նշել էիք, որ կոռուպցիան սպառնում է երկրի ազգային անվտանգությանը, քանի որ, ինչպես դուք էիք ասել, արտաքին ուժերը կարող են վերահսկել երկրի զարգացումը։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ձեր այս հայտարարությունն անգամ որակեց` որպես միջամտություն երկրի ներքին գործերին։ Ձեր այդ հայտարարությունը բազմաթիվ մեկնաբանությունների արժանացավ նաև մամուլում ու փորձագիտական շրջանակներում, և գնահատականների մեծ մասը հանգում էր նրան, որ դուք նկատի եք ունեցել կոռումպացված պաշտոնյաների կախվածությունը Ռուսաստանից։ Ձեր այդ հայտարարությունը հիմնված էր կոնկրետ փաստերի և տեղեկատվությա՞ն վրա։
– Այո, դա հիմնվում էր այն տեղեկությունների վրա, որ ինձ հետ կիսել էին Հայաստանում գործող ամերիկյան ներդրողներն ու գործարարները։ Դա նաև արտացոլում էր այն, ինչ ես լսել էի հայ գործարարների ու ձեռներեցների, ինչպես նաև` կոռուպցիոն լուրջ խնդիրների ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը գիտակցող Հայաստանի պետական պաշտոնյաների հետ ունեցած քննարկումների ընթացքում։ Ահա այս տեղեկությունների հիման վրա էլ իմ ուշադրության կենտրոնում հայտնվեց այդ հիմնահարցը, որը հատկապես կարևորվում է, եթե հաշվի առնենք, որ դեսպանությունն աշխատում է Հայաստան ամերիկյան ներդրումներ ներգրավելու ուղղությամբ։ Ես չեմ կարող հորդորել ամերիկյան գործարարներին ներդրում կատարել Հայաստանում, եթե չեմ տեսնում առաջընթաց կոռուպցիայի դեմ պայքարում և կառավարման թափանցիկության հարցերում։
– Հայաստանում առկա է վստահության պակաս, ինչի մասին խոսում են անգամ իշխանությունները։ Այդ պայմաններում դուք բավական լավատեսորեն եք տրամադրված կոռուպցիայի դեմ պայքարի` կառավարության քայլերի նկատմամբ, որոնց, սակայն, հանրությունը, մեղմ ասած, վերապահումով է մոտենում։ Դուք ունե՞ք որակական, քանակական ու ժամկետային չափորոշիչներ, որոնցով գնահատելու եք կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը։ Եթե` այո, որո՞նք են դրանք։
– Հայաստանը մի շարք ոլորտներում մեծ ձեռքբերումներ ունի։ Դեռևս 1990-ականներից ես Պետքարտուղարությունում զբաղվել եմ հայաստանյան հարցերով և կարող եմ վստահեցնել, որ այժմ, վերստին վերադառնալով, տեսնում եմ բազմաթիվ դրական տեղաշարժեր, փոփոխություններ, որոնցից օգուտներ են քաղում Հայաստանի բնակիչները։ Սրանք հաճոյաբարո խոսքեր չեն, այլ փաստեր։ Մի շարք ասպարեզներում կան անելիքներ, և կոռուպցիայի դեմ պայքարը դրանցից մեկն է, և ԱՄՆ կառավարությունը պատրաստ է միջազգային հանրության, օրինակ` ԵՄ-ի հետ միասին` սատար լինել այս հարցում։ Այո, ես նաև կարծում եմ, որ կոռուպցիայի նվազեցման հետ կապված առաջընթաց կա որոշակի պետական ծառայությունների մասով, ինչպիսիք են` սոցիալական նպաստների դիմումների ու նշանակման, անձնագիր, վարորդական վկայական ստանալու ծառայությունները։
Ես միակը չեմ, որ նման կարծիք ունի։ Կան արտաքին կազմակերպություններ, օրինակ` Թրանսփերենսի Ինթերնեյշնլը, որն իրականացնում է կոռուպցիայի ու կոռուպցիայի ընկալման գնահատում, որոնց արդյունքներով Հայաստանի պարագայում ցուցանիշների բարելավման կայուն միտում է նկատվում։ Հայաստանի բնակիչները նույնպես կարող են գնահատել կոռուպցիայի ուղղությամբ երկրում ձեռնարկվող քայլերը` դատելով Հայաստանում կատարվող ներդրումների ծավալներից, քանի որ բիզնեսը ներդրում չի կատարում այնպիսի երկրներում, որտեղ կոռուպցիայի պատճառով փոշիանում է շահույթը, և աշխատանքները դառնում են ոչ կառավարելի։
– Խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին, դուք նշել եք, որ քաղաքացիական հասարակությունը պետք է իր դերը ստանձնի և համագործակցի իշխանությունների հետ, որպեսզի հարցին լուծում տրվի։ Հայաստանում կա իշխանության լեգիտիմության խնդիր, հասարակությունը, այդ թվում` քաղաքացիական հասարակությունը, չի վստահում իշխանությանը, մինչդեռ դուք առաջարկում եք համագործակցություն։ Սովորաբար ոչ լեգիտիմ իշխանությունները կարողանում են լեգիտիմության խնդիրը լուծել` արդյունավետ կառավարմամբ և նշանակալի արդյունքներ արձանագրելով։ Ձեր առաջարկը` ուղղված քաղաքացիական հասարակությանը, արդյո՞ք նաև իշխանության լեգիտիմության խնդրի լուծման նպատակադրում չի պարունակում։
– Կենսունակ ու ակտիվ քաղաքացիական հասարակությունը գործուն ժողովրդավարության կենսական նշանակություն ունեցող բաղկացուցիչներից մեկն է։ Անդրադառնալով Հայ-ամերիկյան առևտրաարդյունաբերական պալատում իմ ասածին` ուզում եմ նշել, որ քաղաքացիական հասարակությունը Հայաստանում գործում է. այն ակտիվ է. այն աշխույժ է. այն կարողանում է փոփոխություններ ապահովել։ Իմ կարծիքով, Հայաստանի քաղաքացիական հասարակությունը նախկին ԽՄ տարածքում ամենաակտիվն ու ամենակենսունակն է, եթե մի կողմ թողնենք Բալթյան երկրները։ Դրա հետ մեկտեղ` նշեմ, որ քաղաքացիական հասարակությունը չի կարող երկիրը միայնակ փոխել։
Այն պետք է սերտորեն գործակցի կառավարության ու քաղաքական գործիչների հետ։ Եվ, անշուշտ, ես ինքս ականատես եմ եղել, որ շատ ու շատ հասարակական կազմակերպություններ արդյունավետ կերպով գործակցում են պետական հաստատությունների հետ։ Ես նաև տեսել եմ բազմաթիվ պետական պաշտոնյաների տարբեր նախարարություններից, ովքեր քաջ գիտակցում են քաղաքացիական հասարակության հետ համատեղ աշխատելու արժեքը։ Մենք քաջալերում ենք երկու կողմերին` կառավարությանն ու քաղաքացիական հասարակությանը, որպեսզի շարունակեն գտնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ, որտեղ հնարավոր է առաջընթաց ապահովել։
– Վերջերս Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ասել էր, թե Հայաստանում եվրոպական սկզբունքների ու համաեվրոպական արժեքների վերաբերյալ կա գիտելիքների որոշակի պակաս, ինչպես նաև` որոշակի չհասկացվածություն, ինչից օգտվում են որոշ արտաքին ուժեր։ Դուք ձեր ելույթում նշել եք, որ ձեր գործունեության չորրորդ գերակայությունն ամերիկյան քաղաքականության հստակեցումն է։ Այսինքն` դուք ևս անուղղակիորեն արձանագրում եք, որ կա չհասկացվածություն նաև ամերիկյան քաղաքականության վերաբերյալ։ Կարելի՞ է արդյոք արձանագրել, որ արևմտյան քաղաքականությունը Հայաստանում ինչ-որ իմաստով ձախողվել է, և ձեր, ինչպես և` ԵՄ-ի դեսպանի հայտարարությունները վկայում են քաղաքականության վերանայման կամ արմատական փոփոխության մասին։
– Իմ նկատառումն այն էր, որ ես ու իմ թիմը պետք է ավելի լավ աշխատենք ամերիկյան արտաքին քաղաքականությունը հստակ ներկայացնելու ուղղությամբ։ Առիթ եմ ունեցել շփվել շատ հայերի հետ, և, ինչպես նշել էի իմ խոսքում, չափազանց շատ էին այն մարդիկ, ովքեր ասում էին, թե ամերիկյան պաշտոնական ուղերձները լսելու հնարավորություն գտնելն իրենց համար դժվար է, կամ էլ փաստում էին, որ ամերիկյան ընդհանուր արտաքին քաղաքականությունն իրենց համար հասկանալի չէ։ Ինձ հանդիպած մարդկանց մեծ մասը պատկերացնում է հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների կարևորությունն ու խորությունը, սակայն ամերիկյան արտաքին քաղաքականության լայն համատեքստին ծանոթ չեն կամ լիարժեք չեն ընկալում։ Ուստի, ես և իմ թիմն առավել եռանդուն պետք է աշխատենք` գտնելու նոր ուղիներ հայաստանյան լայն շրջանակներում ամերիկյան արտաքին քաղաքականության ուղղությունները քննության առնելու համար։
– ԵՄ դեսպանն ասել էր նաև, որ չնայած Եվրամիությունն ի վիճակի չէ Հայաստանին անվտանգության ամուր երաշխիքներ տրամադրել նաև այն պատճառով, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և ռազմաքաղաքական դաշինքի մեջ է Ռուսաստանի հետ, այդուհանդերձ ԵՄ-ն պատրաստ է Հայաստանի հետ քննարկել անվտանգության խնդիրները։ Տեղյակ եք, որ Հայաստանի` ԵՏՄ անդամակցությունը հիմնավորվեց Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության խնդիրներով։ Այդ որոշումից, ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարումից հետո շատ տեսակետներ հնչեցին, որ դրանում մեղքի բաժին ուներ նաև Արևմուտքը, որը բավարար երաշխիքներ չտրամադրեց Հայաստանին։ Առաջիկայում վերսկսվելու են Հայաստան-Եվրամիություն բանակցությունները, որոնք շատերի կողմից գնահատվում են` որպես Արևմուտքի հետ հարաբերությունների վերաբեռնման կամ թարմացման հնարավորություն։ Ձեր կարծիքով, Արևմուտքը` Եվրամիությունը, նաև ԱՄՆ-ը հետևություններ արե՞լ են 2013 թ. սեպտեմբերի 3-ի որոշումից հետո, և արդյո՞ք պատրաստ են քայլերի, որոնք կբացառեն դրա կրկնությունը։ Խոսքը մասնավորապես անվտանգության ավելի առարկայական երաշխիքների մասին է։
– Ոչ ոք Հայաստանին չի կարող ապահովել անվտանգության ավելի լավ երաշխիքներ, քան հենց ինքը` Հայաստանը։ ԵՄ-ի անունից չեմ կարող խոսել, սակայն կարծում ենք, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին և Ռուսաստանի հետ ունեցած պատմականորեն ամուր կապերը չեն բացառում, որ Հայաստանը կարող է հետամուտ լինել փոխադարձաբար շահավետ ու ամուր հարաբերությունների ձևավորմանն այլ երկրների, օրինակ` Միացյալ Նահանգների հետ կամ այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են` Եվրոպական Միությունը, ՆԱՏՕ-ն, Եվրախորհուրդը և այլն։ Մենք նաև պատրաստ ենք հաստատակամորեն աշխատել Հայաստանի զինված ուժերի հետ` նպաստելու Հայաստանի անվտանգությանն ու պաշտպանությանը։ Մեր երկկողմ ռազմական համագործակցության շրջանակում վերջին 5 տարվա ընթացքում ԱՄՆ պաշտպանության նախարարությունն աջակցել է պաշտպանական բարեփոխումներն առաջ տանելու և տարածաշրջանային ու գլոբալ անվտանգության հարցերում ավելի մեծ ներդրում ունենալու Հայաստանի ջանքերին։
Արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրով աջակցություն է ցուցաբերվել արդիականացմանն ու արհեստավարժ զինված ուժերի կայացմանն ուղղված աշխատանքներին։ 2002թ.-ից ի վեր արտաքին ռազմաֆինանսական աջակցության շրջանակում ավելի քան 45 միլիոն ԱՄՆ դոլարի աջակցություն է ապահովվել ու իրականացվել են 20 ծրագրեր։ ԱՄՆ Ռազմական համագործակցության գրասենյակը շարունակում է աջակցել ՀՀ պաշտպանության նախարարությանն առաջնային ռազմական կրթություն ասպարեզում։ Միջին հաշվով տարեկան 20-30 զինծառայող կամ նախարարության քաղաքացիական ծառայողներ մասնագիտական ուսուցման ծրագրերի են մասնակցում Միացյալ Նահանգների Ցամաքային ուժերի ռազմական ինստիտուտում, Հրամանատարաշտաբային կազմի ուսուցման ինստիտուտում և Ազգային-ռազմապաշտպանական համալսարանում, իսկ մասնակիցների 90%-ը վերադառնալուց հետո շարունակում են պատասխանատու պաշտոններ զբաղեցնել ՀՀ պաշտպանության նախարարությունում ու գլխավոր շտաբում։ Բացի այդ, ԱՄՆ Եվրոպական հրամանատարության երկկողմ ռազմական համագործակցության ու Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի գործընկերության ծրագրի շրջանակում տարեկան ավելի քան 30 համատեղ միջոցառումներ են անցկացվում ՀՀ զինված ուժերի հետ։
Վերջին 5 տարվա ընթացքում 260 նման միջոցառում է տեղի ունեցել` սերժանտական կազմի կատարելագործման, խաղաղապահ բրիգադի կարողությունների մեծացման, դաշտային պայմաններում բուժօգնության կազմակերպման, ականազերծման ու այլ ուղղություններով։ Կանզասի Ազգային գվարդիան վերջերս աջակցեց ՆԱՏՕ-ի օպերատիվ կարողությունների գնահատման աշխատանքներում, որոնց արդյունքում Հայաստանի խաղաղապահ բրիգադը ստացավ ՄԱԿ-ի/ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողությունների մասնակցության հավաստագրում։ Այս ջանքերը մատնացույց են անում անվտանգության ապահովման հարցում Հայաստանի հետ գործակցելու մեր հաստատակամությունը։
– Պարոն դեսպան, դուք շատ կարևորում եք Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Առևտրի և ներդրումների մասին» համաձայնագրի կնքումը, ինչպես նաև` Հայ-ամերիկյան առևտրաարդյունաբերական պալատի հիմնումն ու գործունեությունը։ Դուք ունե՞ք մոտավոր կանխատեսումներ` կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում ի՞նչ առարկայական արդյունքներ կարող են արձանագրվել հայ-ամերիկյան տնտեսական հարաբերություններում։ Տեսանելի ապագայում հնարավո՞ր է` ականատես լինենք այնպիսի խոշոր ամերիկյան ներդրումային նախագծի, ինչպիսին «Կոնտուր Գլոբալ» ընկերության կողմից Որոտանի կասկադի ձեռքբերումն էր։
– ԱՄՆ դեսպանությունը որևէ լծակ չունի ամերիկյան ընկերությունների նկատմամբ, մենք չենք կարող պարտադրել, որ նրանք ներդրում կատարեն Հայաստանում ու չէինք էլ ուզենա նման կերպ վարվել։ Ներդրումները Հայաստանը պետք է ներգրավի, ինչպես դա արվեց «Կոնտուր Գլոբալի» պարագայում։ Ընկերությունները, անկախ իրենց չափերից, ներդրում են կատարում այնպիսի երկրներում, որտեղ կա կանխատեսելիություն և թափանցիկություն բիզնեսի վարման հետ կապված բոլոր հարցերում. սկսած հարկային կանոնակարգերից` մինչև մաքսային ընթացակարգեր։ Չեմ կարող երաշխավորել, որ որևէ ընկերություն ներդրում կկատարի՞, թե՞ ոչ, բայց կարող եմ երաշխավորել, որ ԱՄՆ դեսպանությունը կշարունակի գործակցել Հայաստանի ժողովրդի հետ` ձևավորելու գործարար մի միջավայր, որտեղ խաղի հավասար պայմաններում մրցակցել կկարողանան բոլոր ընկերությունները` մեծ կամ փոքր, հայկական, ամերիկյան կամ էլ որևէ այլ երկրից։ Խաղի հավասար պայմանները կմեծացնեն Հայաստանում հետագա ներդրումների հնարավորությունները։ Դեսպանությունը նաև մեր կողմից պատրաստվող երկրի կոմերցիոն ուղեցույցի ու կոմերցիոն աջակցության միջոցով կներկայացնի ներդրումների ու բիզնեսի հեռանկարային ոլորտները Հայաստանում։
– Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության ձեռքբերումից հետո բոլորը խոսում են տարածաշրջանում Իրանի նոր դերի մասին` թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ տնտեսական առումով։ Հայաստանը նոր հնարավոր մեծ նախագծերում դիտարկվում է` որպես Իրանի և Եվրոպայի միջև կապի ապահովման տարանցիկ ուղիներից մեկը։ Չափազանցվա՞ծ են արդյոք հայաստանյան բազմաթիվ շրջանակներում իրանական ուղղությունից ակնկալվող արդյունքները, թե՞ դուք ևս շոշափելի հնարավորություններ եք տեսնում այդ առումով։
– Եթե Իրանը կատարի իր պարտավորությունները Գործողությունների համատեղ ու համապարփակ ծրագրի շրջանակում, կարծում եմ` Իրանում իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված` կլինեն հնարավորություններ, որոնք շահավետ կլինեն Հայաստանի համար։ Ուզում եմ հստակեցնել, որ Գործողությունների ծրագիրը երկարատև գործընթացի սկիզբն է միայն։ Այս գործողությունների ծրագիրը շոշափելի քայլ է Իրանի կողմից` մատնացույց անելու թափանցիկության ապահովման ու հնարավոր միջուկային տարածումից հետ կանգնելու պատրաստակամությունը։ Ամբողջությամբ այն իրականացնելու դեպքում Իրանի միջուկային ծրագրի մասով կապահովվի աննախադեպ հստակություն ու հաշվետվողականություն։
Ընդունման օրվանից մենք այժմ շարժվում ենք դեպի իրականացման օրը, և կարևոր է հիշել, որ չնայած շատ բան արվել է, սակայն առջևում դեռևս երկար ճանապարհ կա անցնելու` մինչև այդ պայմանավորվածության լիարժեք կենսագործումը։ Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել բոլոր միջազգային գործընկերների հետ` երաշխավորելու, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տրամադրության տակ լինեն բավարար ռեսուրսներ գործողությունների ծրագրով Իրանի պարտավորությունների կատարումը հաստատելու համար։ Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել P5+1-ի ձևաչափում և ԵՄ-ի հետ` ապահովելու, որ ներկայիս պատժամիջոցները շարունակեն գործողության մեջ մնալ մինչև իրականացման օրը, իսկ այդ օրը գալուն պես` անմիջապես վերացվեն պատժամիջոցները` կապված միջուկային ծրագրի հետ։ Մենք շնորհակալ ենք Հայաստանին միջազգային պատժամիջոցները հարգելու համար. հասկանում եմ, որ Հայաստանի համար հաճախ դրանք ապահովելը դյուրին չի եղել։ Սակայն կարծում եմ, որ Հայաստանի աջակցությունն այս ջանքերին մատնանշում է միջազգային հանրության հանդեպ իր պարտավորություններին հավատարիմ լինելու փաստը։
– ԱՄՆ-ը 2008 թվականին նախաձեռնված հայ-թուրքական մերձեցման գործընթացի ամենաակտիվ ջատագովներից էր։ Այդ գործընթացն այժմ, մեղմ ասած, սառեցված վիճակում է, ու տպավորություն է ստեղծվում, որ միջազգային հանրությունը նախկինի նման շահագրգռված չէ այդ հարցում։ Դուք նշում եք, որ ձեր գործունեության առաջին գերակայությունն ամերիկյան ներդրումների ապահովումն է Հայաստանում։ Արդյո՞ք ամերիկյան խոշոր կապիտալը մուտք կգործի երկիր, որը շրջափակված է երկու հարևանների կողմից։ Արդյո՞ք ձեր նախանշած գերակայությունը և հայ-թուրքական սահմանի բացումն անուղղակիորեն իրար հետ կապված նպատակներ չեն։
– Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին` Հայաստանին, Թուրքիային և Ադրբեջանին, պատրաստակամություն հանդես բերել հաշտեցմանն ու հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի մասով, որոնք ի վերջո կհանգեցնեն սահմանների բացման, որը կայունություն ու բարօրություն կապահովի բոլոր կողմերում։ Մենք կգործակցենք այն հայերի ու նաև այն թուրքերի ու ադրբեջանցիների հետ, ովքեր ուզում են հակամարտությանը խաղաղ ու տևական լուծում տալ։ Համամիտ եմ, որ ամերիկյան ներդրումներ Հայաստան ներգրավելու հարցում լավագույն խթանը բաց սահմաններն են, մասնավորապես` Թուրքիայի հետ սահմանը։ Բաց սահմանները, կարծում եմ, նաև կօգնեն կոռուպցիայի դեմ պայքարում, քանի որ ազդեցիկ շահեր ունեցողների համար փակ սահմանների պարագայում առավել դյուրին է շուկայի վերահսկումը, մրցակցության կասեցումը և ստվերային շուկայում փայադարձումներ պահանջելը։ Սակայն նույնիսկ փակ սահմանների դեպքում` ամերիկյան ներդրողների ու գործարարների համար կան իրական հնարավորություններ, ինչպիսիք մենք տեսնում ենք ՏՏ և հանքարդյունաբերության ոլորտներում։ Կարծում եմ, որ այդ սահմանները կբացեն ճանապարհ դեպի ապագա, քանի որ դրանց բացումը բխում է ողջ տարածաշրջանի շահերից, իսկ այն ամերիկյան ընկերությունները, որոնք Հայաստան կգան հիմա, արդեն իսկ հարմար դիրքում կլինեն օգտվելու այն առավելություններից, որ ի հայտ կգան, երբ բացվեն սահմանները։
– Ի դեպ, նույնը վերաբերում է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Արդյոք ամերիկյան կապիտալը չի՞ խուսափի խոշոր ներդրումներ կատարել երկրում, որը գտնվում է կիսապատերազմական վիճակում։ Արդյոք այդ նպատակների միջև որոշակի փոխպայմանավորվածություն կա՞, թե՞ դուք դրանք դիտարկում եք` որպես առանձին ուղղություններ։
– Ուզում եմ վերստին նշել, որ մեր կարծիքով` հակամարտության խաղաղ ու դիվանագիտական լուծման ձևաչափը Մինսկի խմբի գործընթացն է։ Մենք անհամբեր սպասում ենք այն օրվան, երբ տարածաշրջանը` լայն իմաստով, կլինի առավել բաց, ու հնարավոր կլինեն ազատ առևտրային հոսքեր։
– Վերջերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր ստորագրեց Հայաստանի հետ Հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման շուրջ բանակցություններ անցկացնելու վերաբերյալ։ Շատ փորձագետներ նշում են, որ այդ համակարգն ուղղված է լինելու ՆԱՏՕ-ի, տարածաշրջանում ՆԱՏՕ-ական երկրների` Թուրքիայի և Վրաստանի դեմ։ ԱՄՆ-ը այս քայլը դիտարկում է` որպես Հայաստանում ռուսական ազդեցության ավելացում և սպառնալի՞ք` ուղղված ՆԱՏՕ-ի դեմ։
– Այս հայտարարությունը մենք չենք ընկալում` որպես ռուս-հայկական ռազմական համագործակցության նոր ու նշանակալի առաջխաղացում։ Մենք դա չենք դիտարկում քայլ` ուղղված Վրաստանի կամ ՆԱՏՕ-ի դեմ, այլ համարում ենք Հայաստանի անվտանգության երաշխավորման միջոց։