Բաժիններ՝

«Խորհրդային միության փլուզումից հետո մինչ օրս մենք կրթական համակարգում սխալ ուղղությամբ ենք գնում»

«168 Ժամը» զրուցել է ՀՀ ԿԳՆ Տեխնիկական ստեղծագործության հանրապետական կենտրոնի Տիեզերագիտական ակումբի ղեկավար, «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գիտահանրամատչելի գրքի հեղինակ, աստղագետ Ավետիք Գրիգորյանի հետ։ Զրույցից պարզ դարձավ, որ Տիեզերագիտական ակումբի շատ սաներ հասել են մեծ հաջողությունների բնագիտական առարկաների յուրացման մեջ, դարձել են պահանջված ֆիզիկոսներ, մաթեմատիկոսներ, ծրագրավորողներ և ինժեներներ։

Նրանցից շատերն այժմ աշխատում են Հայաստանում, ոմանք էլ` ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ռուսաստանում։ Նրանք նաև իրենց լուման են ներդնում Հայաստանի կրթության մեջ` դասավանդելով տարբեր կրթական կենտրոններում։ Հենվելով ակումբում դասավանդելու տարիներին ձեռք բերած մանկավարժական փորձի ու գտած մեթոդական նորույթների վրա` Ավետիք Գրիգորյանը գրել է «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գիտահանրամատչելի գիրքը, որը բազմամյա քրտնաջան աշխատանքի արդյունք է։ Հեղինակն անցել է այդ փորձությունը` որպես կրթության խանդավառ նվիրյալ` չունենալով անգամ հրատարակման ֆինանսավորման որևէ հուսադրող հեռանկար։ Սակայն իր և աջակիցների հավատն արված գործի կարևորության հանդեպ հաղթահարեց բոլոր դժվարությունները, և գիրքը տպագրվեց։

Avetiq-astxaget (1)
– Ինչպե՞ս առաջացավ տիեզերագիտական ընկերություն ստեղծելու գաղափարը։

– Ի սկզբանե նպատակադրված էինք հիմնադրելու և գրանցելու Հայկական երիտասարդական տիեզերագիտական ընկերություն` այսպիսով ներգրավելով ոչ միայն աշակերտներին` այլև ուսանողներին և բոլոր հետաքրքրվողներին։ Այնուհետև անտեսեցինք հարցի ձևական, պաշտոնական կողմը, կենտրոնացանք բուն աշխատանքի վրա և մինչ օրս էլ` որպես կազմակերպություն, չենք գրանցվել։ Մենք համառոտ մեզ անվանում ենք Տիեզերագիտական ակումբ, որի ստեղծումը միայն մեկ նպատակ էր հետապնդում` պահպանել և վերարտադրել մտավոր ներուժը, հատկապես, երբ սկսվեց կրթական համակարգի թուլացումը։

Կարդացեք նաև

Մենք սկսեցինք գործել 1988թ.-ից` որպես արտադպրոցական խմբակ։ Միանգամից բարձր դասարանի աշակերտների հետ սկսեցինք գիտահետազոտական աշխատանքներ կատարել, ճիշտ է` դպրոցական մակարդակով։ Խորհրդային դպրոցի մակարդակը թույլ էր տալիս դրանից սկսել։ Մշակում էինք տիեզերական նախագծեր Լուսնի, Մարսի և այլ երկնային մարմինների հետազոտման համար, իսկ այս ամենը հիմնավորում էինք հաշվարկներով, համակարգչային ծրագրերով և գծագրերով։ Տարվող կոնստրուկտորական աշխատանքում մտահղացումից հասնում էինք մինչև նախնական նախագիծ, որը հիմնավորում է դրա իրագործելիությունը։

Avetiq-astxaget (8) Avetiq-astxaget (6) Avetiq-astxaget (7)

Հետագայում, երբ վատ ժամանակներ եկան, ցրտի և էլեկտրականության բացակայության պատճառով ստիպված էինք պարբերաբար փոխել մեր պարապմունքների վայրերը։ Հաճախ նույնիսկ ստիպված էի լինում աշակերտներին անհատապես իմ տանն ընդունել։ Յուրաքանչյուրին տրվում էին անհատական աշխատանքներ, իսկ գարնանը ներկայացվում էին հետազոտության արդյունքները։ Այնուհետև մեզ միացան նաև ուսանողներ և սկսեցին իրականացնել այնպիսի լուրջ աշխատանքներ, որ դրանցից շատերը հենց համալսարանում դարձան կուրսային և դիպլոմային աշխատանքներ։ Մեր խմբակում մշտապես շեշտը դրվում է բազմակողմանիության և հակադոգմատիզմի վրա։

Սկսած Խորհրդային Միության փլուզումից` մինչ օրս, մենք կրթական համակարգում սխալ ուղղությամբ ենք գնում։ Կարելի է ասել` 1800-ով ճիշտ ուղղությունից շեղվել ենք, այսինքն` համարվում է, որ, եթե ցանկանում ես այսօրվա աշխատանքային շուկայում տեղ ունենալ, ուրեմն պետք է մասնագիտանաս մեկ նեղ ուղղությամբ, ոչ թե ուժերդ ցրես ամենատարբեր ուղղություններով։

Եվ նույնիսկ բազմակողմանիությունը համարում են խորհրդային դպրոցի ամենասխալ մոտեցումը, սակայն իրականում դա տալիս է ստեղծագործ անհատ, իսկ միակողմանիությունը` արհեստավորի մակարդակ, ով մի բան լավ կյուրացնի և լավ կամ վատ իր ողջ կյանքում կանի, բայց ոչ մի նոր բան այդպես էլ չի ստեղծի։ Ամբողջ դասընթացը, որ տարիների ընթացքում մշակվեց, միտված էր հակադոգմատիզմի, որ երիտասարդը ոչինչ դոգմայի պես չընդունի, ամեն ինչին հարց տա ու պրպտելով հասնի ակունքներին, բուն պատճառներին։ Հենց սկզբից երևաց, որ սա ոչ թե եղած հայտնի խմբակների կրկնություն է, այլ յուրօրինակ մի բան է, ընդ որում, յուրօրինակ ստացվեց ոչ թե` այն պատճառով, որ ես գիտեի, թե այլ խմբակներում ինչ է արվում, այլ հակառակը` չգիտեի, և հենց դա էլ ինձ օգնեց, որպեսզի չկաղապարվեմ եղած լուծումներով. ակամայից ստեղծվեց մի բան, որ դեռևս չկար։

Avetiq-astxaget (14) Avetiq-astxaget (9)

– Իսկ ինչո՞ւ եք ընտրել օդագնացություն, ավիացիա, աստղագիտություն և տիեզերագնացություն թեմաները։

– Այս թեմաներն ընտրել ենք հենց այն պատճառով, որ դրանք ամենաարտասովոր և արտաերկրային բնագավառներն են, որոնք ներառում են բազմաթիվ գիտատեխնիկական ուղղություններ։ Ուստի, ամեն մեկն էլ մեզ մոտ գտնում է իր հետաքրքրությունները, եթե տեխնիկական հակումներ ունի։ Սակայն այդ բոլոր ուղղությունները խիստ փոխկապակցված են և դրանով իսկ կազմում են մի պարարտ հող, որի վրա կարելի է զարգացնել հետաքրքրությունները։ Այդ խայծը տալով` հնարավոր էր լինում նաև գիտելիքները խորացնել ֆունդամենտալ ուղղություններով` ֆիզիկա, մաթեմատիկա, քիմիա, կենսաբանություն և այլն։

– Երեխաներին ի՞նչ սկզբունքով եք ընտրում։

– Հիմա խմբակը գործում է «Քվանտ» վարժարանում, բայց հաճախողների կազմը բոլորովին էլ չի սահմանափակվում «Քվանտ» վարժարանի սաներով, նույնիսկ «Քվանտ» վարժարանի սաները կարող են մեծամասնություն չկազմել։ Մենք ընդունելության հայտարարությունը տարածում ենք բոլոր դպրոցներում և աշակերտներին տեղեկացնում ենք անգամ սոցիալական ցանցերի միջոցով։ Ընտրություն չի էլ կատարվում. 12 տարեկանից սկսած բոլոր ցանկացողներին էլ ընդունում ենք։ Իրենցից ոչինչ չի պահանջվում, բացի հետաքրքրությունից։

Avetiq-astxaget (2) Avetiq-astxaget (3)

Առաջին մի քանի պարապմունքից հետո իրենք են իրենց ընտրությունը կատարում` շարունակե՞ն հաճախել, թե՞ ոչ։ Այժմ հնարավորություն ունենք ստեղծելու երրորդ խմբակը, լուծված են թե՛ ֆինանսական, և թե՛ դասասենյակի խնդիրները, սակայն այժմ մենք մասնագետների խնդիր ունենք. ոչ թե մասնագետ չկա, այլ չկա մեկը, ով կկարողանա ժամանակ տրամադրել և կանոնավոր վարել խմբակը։ Դասընթացը միշտ եղել է անվճար, և ես տեղից տեղ տեղափոխվել եմ միայն այն պատճառով, որ երեխաներից գումար չպահանջեն։ Նույնիսկ մտածում էինք այն առցանց դասընթացի վերածելու մասին, կար նաև դրա հիման վրա հեռուստատեսային հաղորդաշար ստեղծելու առաջարկ, բայց այս մտադրությունները դեռ չեն իրականացվել, քանի որ ֆինանսավորման խնդիր կա։

– Երբևէ ունեցե՞լ եք համագործակցություն այլ խմբակների կամ հաստատությունների հետ։

– Մենք փնտրում էինք նման խմբակներ` համագործակցության նպատակով, սակայն այդքան բազմակողմանի ու ստեղծագործական բնույթի խմբակ ուղղակի չկար, չգտնվեց։ Պարբերաբար աշխատել ենք Բյուրականի աստղադիտարանի հետ. կազմակերպել ենք ամառային դպրոց, վերականգնել օլիմպիադաների ավանդույթը և 1995թ. կազմակերպեցինք եռօրյա երիտասարդական գիտաժողով, որտեղ և ներկայացվեցին մասնագետների և մեր սաների աշխատանքները։ Արդյունքում` մեր սովորողները ծանոթացան նաև գիտաժողովների կազմակերպման և մասնակցության մշակույթին։ Եվ ամենակարևորը` բազմակողմանիությունն ուժեղ իմպուլս տվեց բոլորին, քանի որ տարբեր բնագավառների սահմանագծի վրա ծնվում են նոր մտահղացումներ, ի հայտ են գալիս նոր մոտեցումներ և ուղղություններ։

Avetiq-astxaget (13)

Այժմ համագործակցում ենք «Ինստիգեյթ» ընկերության ուսումնական կենտրոնի հետ և նախատեսում ենք իրականացնել մի ծրագիր, որը գործնական քայլերով կվերականգնի հրթիռային մոդելիզմը։ Այս ոլորտում նախկինում մենք աննախադեպ հաջողությունների ենք հասել, այնպիսի աշխատանքներ ենք արել, որ երբևէ չի արվել։ Օրինակ` ստեղծել և բազմիցս բարեհաջող փորձարկել ենք ռադիողեկավարվող ինքնաթիռից արձակվող օդ-երկիր հրթիռներ, որոնք ունեին պայթուցիչ, պայթուցիկ մարտագլխիկ և այլն, բայց, իհարկե, դրանք միայն մոդելներ էին։ Ցավոք, այսօր Խորհրդային Միությունից մնացած շարժիչների պաշարը սպառվել է։

Այժմ մենք դրանցից չունենք և հեռանկարային խնդիր ենք դրել մեր առջև, որ ինքներս մշակենք դրանց պատրաստման տեխնոլոգիան և աշակերտներին ներգրավենք այդ գործընթացի մեջ, բայց առաջին հերթին` պետք է ներմուծենք շարժիչներ, ուսումնասիրենք դրանք և դրա հիման վրա ստեղծենք մերը։ Վերջերս Հայաստան ժամանեցին ՆԱՍԱ-ից երկու մասնագետներ` Ռիչարդ Օհանյանը և Լերմոնտ Խաչիկյանը, ովքեր մասնավորապես մասնակցել են վերջին մարսագնացի մշակմանը, որն այժմ Մարսի վրա հետազոտություններ է անում։ Այս գիտնականներն իրենց էնտուզիազմով մեր մեջ մի նոր նպատակ դրեցին` ասելով, որ Հայաստանը կարող է այդ ուղղությամբ գնալ և ստեղծել իր քյուբսաթը (Cube Satellite)` խորանարդաձև փոքր արբանյակ, որը պարզագույն մեկ կամ երկու գործողություններ է կատարում, և դրա իրագործելիությունը Հայաստանի համար ֆինանսապես անհասանելի չէ։ Եվ իսկապես նման լուրջ նպատակների հասնելու համար պետք է սկսել փոքրից։

Avetiq-astxaget (5) Avetiq-astxaget (4)

Սա ոգևորություն է առաջացրել մեր շրջանավարտների շրջանում. էլեկտրոնիկայի, կառավարման, կողմնորոշման և այլ ուղղությունների մասնագետները դա իրատեսական ծրագիր են համարում։ Թերևս, ավելի մեծ ֆինանսներ կպահանջի այդպիսի արբանյակի արձակումը պատվիրելը, քան թե արբանյակը ստեղծելը։

– Խմբակն ավարտելուց հետո ի՞նչ գործունեություն են ծավալում Ձեր սաները։

– Մեր սաներից շատերն արդեն գիտությունների թեկնածու են, դոկտոր, պրոֆեսոր, ֆիզիկայից ՀՀ նախագահի և պետական մրցանակների դափնեկիրներ են։ Նկատելի արդյունքներ, ի դեպ, մեր գործունեության հենց սկզբից եղան, երբ մենք գնում էինք համամիութենական մրցույթների մեր մշակած նախագծերով և առաջին տեղ էինք գրավում Միությունում։ Այն սաները, ովքեր ակտիվ մասնակցեցին հրթիռային մոդելիզմին, որպես կանոն` աշխատել և աշխատում են պաշտպանական նշանակություն ունեցող ձեռնարկություններում, և մենք կարող ենք հպարտանալ, որ նրանք այդպիսի ներդրում են ունեցել, այլ հարց է, թե որքանով է պետությունը դա հասցրել կիրառման։

Այսօր մենք ունենք այնպիսի շրջանավարտներ, ովքեր իրենց ընտրած բնագավառներում լուրջ դիրք են զբաղեցնում և գնահատվում են այլ մասնագետների կողմից։ Մեր խմբակում ստեղծագործական մոտեցման շեշտադրումը լիովին արդարացրեց իրեն։ Հիմա մեր շրջանավարտները ոչ միայն նոր տիպի աշխատանքներ են անում, այլև այնպիսի ուղղություններ են զարգացնում, որոնցով երբևիցե Հայաստանում չեն զբաղվել։ Քանի որ խմբակի ուսումնական նյութը մշակվեց և արդարացրեց իրեն` որպես երկամյա դասընթաց, լի մատչելի համեմատություններով ու հետաքրքրաշարժ օրինակներով, մենք որոշեցինք այն ընդլայնել, և, երբ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն պարոն Բլեյանն ասաց, որ ուզում է` այդ դասընթացը նույն ձևով, նույն ծրագրով ու պատկերավոր պրեզենտացիաներով` իրենց մոտ անցկացվի, և, քանի որ ժամանակի սղության պատճառով ես չէի կարող անձամբ դա անել, գործը հանձնարարվեց մեր շրջանավարտներից մեկին` Լևոն Արամյանին, ով այժմ Բյուրականի աստղադիտարանի ասպիրանտ է։

Նա վերցրեց դա և փայլուն իրականացրեց։ Այս խումբն էլ հասավ հաջողությունների. նրանք իրենց առանձնահատկություններն ունեցան, կանոնավոր կինոլեկտորիումներ անցկացրեցին և նաև երկու տարի առաջ Վրաստանում «Դա Վինչիի» միջազգային մրցույթին մասնակցեցին։ Իրենք մշակել էին արեգակնային ֆիլտր պատրաստելու հեշտ ձև և այդ նախագծով մրցույթում զբաղեցրին երկրորդ տեղ. կարելի է ասել, որ դա ինժեներական մրցույթ էր։ Ցավում եմ, որ մեզ մոտ քիչ կան ինժեներական մրցույթներ. հիմնականում օլիմպիադաները դպրոցական առարկաների գծով են լինում։ Գուցե մի օր մենք էլ կստեղծենք որևէ նման մրցույթ։ Հիմա կան, իհարկե, մրցույթներ` կապված ռոբոտների և անօդաչու թռչող սարքերի հետ, բայց կարծում եմ, որ դա էլ բավարար չէ. հարկավոր է ոչ միայն շատացնել ինժեներական մրցույթները, այլև ընդլայնել դրանց շրջանակները, դարձնել բազմաբնույթ։

– Այժմ ինչպիսի՞ ծրագրեր եք մշակում։

Avetiq-astxaget (11)– Այժմյան դպրոցի մակարդակը, ցավոք, թույլ չի տալիս, որ մենք միանգամից աշակերտին ներգրավենք գիտահետազոտական նախագծերի մեջ։ Երկու տարվա դասընթացի ավարտից հետո է միայն մեր օրերի աշակերտը պատրաստ լինում մասնակցելու որևէ նախագծի մշակման աշխատանքներին։ Երկու տարին մեկ անգամ ես նոր խումբ եմ հավաքում, և իմ զբաղվածության պատճառով չի հաջողվում գործը հասցնել այդ փուլին։ Սակայն քայլեր են արվում ավանդույթը վերականգնելու, եղած ներուժով և նաև մասնագետներ, որպես կանոն, երիտասարդ կադրեր հրավիրելով` փորձում ենք ստեղծել գիտատեխնիկական «վերնատուն», որը թույլ կտա այդպիսի խնդիրներ դնել, քննարկել, գտնել լուծումներ, տեսնել, թե որն է ավելի իրատեսական իրագործման համար, և այդ բոլոր գործընթացներում, փուլերում հնարավորինս ներգրավել աշակերտներին և ուսանողներին։ Այսպիսով, ցանկանում ենք ստեղծել մի ամբողջական շղթա` կրթականից դեպի գիտակրթական, և դրանից էլ` դեպի գիտահետազոտական։

Զրուցեց ՍՈՆԱ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս