
Տեքստից` կայք մի քանի րոպեում. հայկական 10Web-ի նոր գործիքը

Հայկական 10Web ընկերությունը ProductHunt հարթակում գործարկել է նորարարական գործիք՝ 10Web Website Builder API։
Այս API-ը թույլ է տալիս վայրկյանների ընթացքում ստեղծել լիարժեք ֆունկցիոնալ WordPress կայք՝ պարզապես կարճ տեքստային նկարագրության հիման վրա։ Գործիքը ներառում է հոսթինգի ենթակառուցվածք և օպտիմիզացված է՝ ինչպես հեռախոսների, այնպես էլ՝ էլեկտրոնային առևտրի (eCommerce) համար։ Այսպիսով, պրոֆեսիոնալ կայքերի ստեղծումը դառնում է հասանելի ցանկացած SaaS ընկերության և գործակալության համար։
API-ն հիմնված է 10Web-ի արհեստական բանականության ենթակառուցվածքի վրա և առաջարկում է մի շարք հնարավորություններ՝
-Ակնթարթային կայքերի ստեղծում՝ ներառյալ՝ կառուցվածքը, տեքստը և պատկերները,
-Էլեկտրոնային առևտրի կայքերի պատրաստում՝ հիմնված WooCommerce-ի վրա, ներառյալ՝ պատվերների և վճարումների կառավարումը,
– White-label քաշել-գցել խմբագրիչ, որը հեշտացնում է կայքի տեսքի փոփոխումը։
10Web-ը հայկական ծագում ունեցող տեխնոլոգիական ընկերություն է, որը հիմնադրվել է 2017 թվականին։ Այն մասնագիտացած է արհեստական բանականությամբ (AI) աշխատող վեբկայքերի ստեղծման, հոսթինգի և կառավարման ոլորտում՝ հիմնականում կենտրոնանալով WordPress հարթակի վրա։
10Web-ը հիմնադրվել է Արտավազդ Մինասյանի և Տիգրան Նազարյանի կողմից։ Մինչև 10Web-ի ստեղծումը, թիմը մշակել էր ավելի քան 50 WordPress հավելվածներ, որոնք ունեցել են շուրջ 20 միլիոն ներբեռնում և ավելի քան մեկ միլիոն ակտիվ օգտագործող։ Այս փորձառությունը հիմք հանդիսացավ 10Web-ի ստեղծման համար, որի նպատակն է հեշտացնել և ավտոմատացնել վեբկայքերի ստեղծման գործընթացը՝ օգտագործելով AI տեխնոլոգիաներ։
10Web-ի հարթակը թույլ է տալիս օգտատերերին ստեղծել և կառավարել վեբկայքեր՝ օգտագործելով առաջադեմ AI մոդելներ, ինչպիսիք են Llama 2-ը, GPT-4-ը և Stable Diffusion-ը։ Այս մոդելների ինտեգրումը հնարավորություն է տալիս օգտատերերին պարզ տեքստային հրահանգներով ստեղծել վեբկայքեր՝ առանց տեխնիկական խոր գիտելիքների։
Չնայած ընկերության իրավաբանական գրանցումն ԱՄՆ-ի Դելավեր նահանգում է, 10Web-ի հիմնական ինժեներական թիմը գտնվում է Երևանում։ Ընկերությունը մատուցում է ծառայություններ ամբողջ աշխարհում՝ սպասարկելով փոքր բիզնեսներից մինչև խոշոր ընկերություններ։
2024 թվականի տվյալներով, 10Web-ը տարեկան ունի մոտ 5 միլիոն դոլար կրկնվող եկամուտ և նպատակ ունի հասնել 25 միլիոն դոլարի մինչև հաջորդ տարվա վերջ։ Ընկերության հիմնադիրները նշում են, որ Հայաստանում բարձր որակավորում ունեցող և համեմատաբար մատչելի ինժեներական ռեսուրսների առկայությունը մեծապես նպաստում է ընկերության աճին։
Սիրարփի Աղաբաբյան