Բաժիններ՝

«Նաիրիտի» իրավաբանը պաշտպանում էր գործարանին դատի տված ընկերության շահերը. Գործն անսպասելի կարճվել է

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի դեմ սկսված հերթական ուշագրավ դատավարությունն ավարտվեց՝ այդպես էլ չհասնելով արդարադատության և չարժանանալով որևէ վճռի: Հայցվոր «Մեգատեքս Գրուպ» ընկերությունը, որ այս տարի հունիսին դիմել էր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Նաիրիտ գործարանի», «Արդշինբանկի» և «Րեջիոն էներջի» ընկերության՝ պահանջելով դադարած համարել իր գույքի գրավադրումը, հանկարծ մտափոխվել է և հետ է վերցրել իր հայցը (ԵՇԴ /2307/02/15): Գործը քննող դատավոր Նաիրա Հովսեփյանը նոյեմբերի 23-ին վճռել է վարույթը կարճել՝ հիմք ընդունելով հայցվորի ներկայացուցչի կողմից հայցից հրաժարվելը:

Ու թեև նախորդ շաբաթ կայացած նիստի ժամանակ, որին ներկա էին բանկի ներկայացուցիչն ու «Մեգատեքսի» տնօրեն Գագիկ Նազարյանը, ովքեր շտապում էին գործն ավարտել, համաձայնության գալ ու պայմանագիր կնքել, ինչի մասին բացահայտ հայտարարում էր դատավորը, վճռի արձակման օրն ընդհանրապես գերադասել են բացակայել նիստից: Որպես հայցի ապահովման միջոց՝ դատաքննության սկզբում արգելանք էր դրվել «Մեգատեքս Գրուպի» կողմից «Արդշինբանկում» գրավադրված 1 մլրդ 85 մլն դրամ գումարի վրա: Դատական վճռով այդ արգելանքը վերացվել է:

Ինչո՞ւ հանկարծ այսպես հապճեպ «Մեգատեքսը» որոշեց ետ վերցնել հայցը, երբ գործն արդեն ավարտին էր մոտեցել: Այս շտապողականությունը դրդում է մտածել, որ Նազարյանը փորձել է հասարակական աչքից ու հրապարակայնացումից թաքցնել ինչ-ինչ փաստեր ու կեղտոտ գործարքներ, որ տեղ են գտել այս դատական վեճի մասնակիցների միջև: Ընդ որում՝ նախորդ դատական նիստին պարզվել էր, որ «Նաիրիտի» իրավաբան Արմեն Աբովյանը պաշտպանում է գործարանին դատի տված ընկերության՝ «Մեգատեքս Գրուպի» շահերը, թեև շարունակում է աշխատել «Նաիրիտում»: Սա խիստ ուշագրավ հանգամանք է: 168.am-ի հետ զրույցում Ա.Աբովյանը հրաժարվեց որևէ կերպ բացատրել, թե ինչպե՞ս է ստացվել, որ պաշտպանում է հակառակորդին: Փորձեցինք Ա.Աբովյանից ճշտել, թե ի՞նչ համաձայնության մասին էր խոսքը, ով ում ինչ գումար է պարտք, սակայն վերջինս միայն գլուխը թափահարեց ու ոչինչ չպարզաբանեց:

 

Կարդացեք նաև

«Մեգատեքս Գրուպը», հիշեցնենք, նախկին մահուդի գործարանն է, 2005-ից ի վեր չի գործում, Շենգավիթում զբաղեցնում է բավականին մեծ տարածք, շինություններ: «Հետքը» բացահայտել էր, որ 2009-­ին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-­ն երկրորդ խոշոր` 35.5 մլրդ դրամ վարկն էր ստացել ԱՊՀ Միջպետական բանկից: Այդ ժամանակ գործարանի տնօրենը Վահան Մելքոնյանն էր, ով այն ժամանակ և մինչ օրս էլ Միջպետական բանկում Հայաստանի ներկայացուցիչն է: Վահան Մելքոնյանը որոշել էր գնել ԱՊՀ Միջպետական բանկում գրավադրված «Մեգատեքս Գրուպ» ՓԲԸ­-ի բաժնետոմսերի 97 %-ը: Այս գործարքը գործարանի հաշվետվություններում հիմնավորված է՝ իբրև իրացման նպատակով ձեռք բերված բաժնետոմսեր: Գործարանը «Մեգատեքս Գրուպ­ի» բաժնետոմսերի համար վճարել է 9.4 մլն դոլար (3.5 մլրդ դրամ): 2009թ. «Նաիրիտ գործարանը» չի գործել իր ամբողջ հզորությամբ, բայց կուտակված պարտքերի պայմաններում ձեռք է բերել «Մեգատեքս Գրուպի» գրավադրած բաժնետոմսերը` ծախսելով շուրջ 9.4 մլն դոլար: «Մեգատեքս Գրուպի» հիմնադիր ընկերությունների հետքն ավարտվում է հենց Վահան Մելքոնյանի դռանը՝ հիմնադիրները նրա հարազատներն են:

 

Եվ ահա, Վահան Մելքոնյանի գլխավորությամբ «Նաիրիտը» Միջպետական բանկից «Մեգատեքսի» բաժնետոմսերը գնելուց ընդամենը 3-4 ամիս անց դրանք գրավադրել էր 900 հազար դոլարի դիմաց, իսկ 4 տարի անց, քանի որ «Նաիրիտն» այդ գումարն այդպես էլ չվերադարձրեց, և, ըստ որոշ տեղեկությունների, բանկն ընկերության բաժնետոմսերը վաճառել էր «Րեջիոն էներջիին»: Հայտնի չէ, թե ինչ խարդախություն է կատարվել այս դեպքում, բայց հաստատ կարելի է պնդել մի բան, որ «Նաիրիտի» հետ կապված ցանկացած գործ, որ փորձեք բացել և ուսումնասիրել, խիստ խճճված ու մոլորեցնող խարդավանք է՝ նույն ձեռագրով:

 

Ի՞նչ նպատակ է հետապնդում այս ամենը: Մենք արդեն գրել էինք, որ բացատրությունը, թերևս, այն էր, որ այս անգամ խաղի արդյունքում կարող էր «Մեգատեքսի» գործարքը չեղյալ համարվել, բաժնետոմսերը նորից վերադարձվեն «Նաիրիտ», որի հաշվեկշռում կմնա 10 մլն դոլարը, և կորած 1 մլնի հարցը «կջրվի»: Չէ՞ որ հենց այս խնդրի հետ կապված են նաիրիտցիները փորձում այժմ հասնել նրան, որ քրեական գործ հարուցվի ու քննվի գոնե այդ դրվագը: Իսկ այս աֆյորայի արդյունքում դրա համար ուղղակի հիմք չէր լինի:

 

Ո՞վ է «Րեջիոն էներջի» ընկերությունը: «Նաիրիտի» պատմությունների լաբիրինթոսում այն, թերևս, նոր ֆիգուր է: Ստեղծվել է 2010-ին «ԳՈՐԻԶՈՆՏ-ԱՐ» ՍՊ ընկերության կողմից: ՀՀ ռեգիստրում «ԳՈՐԻԶՈՆՏ-ԱՐ» ՍՊԸ-ն գրանցված չէ, այսինքն՝ այն օտարերկրյա է, ամենայն հավանականությամբ՝ ռուսական: «Ազդարար» կայքից տեղեկանում մենք, որ անցած տարի մայիսին դատարանի վճռով «Րեջիոն Էներջի» ՓԲԸ-ն (հասցեն՝ ք. Վանաձոր Բաղրամյան 6), որի տնօրենն էր Կարեն Մանուկովը, ճանաչվել է սնանկ: Սնանկության կառավարիչն է Սաղաթել Ալեքսանյանը: Թե ինչի՞ համար է ընկերությունը սնանկ ճանաչվել, կտեղեկացնենք ապագայում: Նշենք միայն, որ ընկերության պարտատերերի թիվը գերազանցում է 100-ը:

 

Ս.Ալեքսանյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ «Րեջիոն էներջին» ոչ մի գույք չունի, բայց կնքել էր համապատասխան պայմանագրեր, առուվաճառք էր իրականացրել, սակայն բանկի պահանջով սնանկ է ճանաչվել: Ըստ նրա՝ «Րեջիոն էներջին» «Մեգատեքսի» բաժնետոմսերը չի գնել, հակառակը՝ «Մեգատեքսն» իր ողջ գույքը գրավադրել է «Րեջիոն էներջիի» համար խոշոր գումարի վարկ վերցնելու նպատակով: Թե ինչո՞ւ է հանուն «Րեջիոն էներջիի» «Մեգատեքս Գրուպը» վարկի բեռի տակ մտել, խիստ տարօրինակ է: Ս.Ալեքսանյանը խորհուրդ տվեց այդ հարցով դիմել ընկերության ղեկավարությանը:

Ամեն դեպքում, սնանկության այս գործն էլ շատ լավ տեղավորվում է «Նաիրիտի» հետ երբևէ որևէ առնչություն ունեցած ընկերությունների սնանկացման շարքում:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս