«Պուտինն էլ է ասում` Հայաստանի առավելությունները պետք է օգտագործել». Արա Աբրահամյան

«Եվրասիական միությունում հարցեր կան, որոնց պատասխանները պետք է տալ»,- «Ռուս–հայկական հարաբերություններ. եվրասիական ինտեգրացումը և տեղեկատվական գործոնը» թեմայով Մոսկվա-Երևան տեսակամրջի ժամանակ այս մասին ասաց Ռուսաստանի Հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը` հակադարձելով քննարկմանը ներկա տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանին, ով մատնանշեց ԵՏՄ ձևավորման ճանապարհին և հայ-ռուսական հարաբերություններում առկա մի շարք խնդիրների մասին: Նա մասնավորապես նշել էր ՌԴ-Ադրբեջան զենքի գործարքի, ԵՏՄ-ում գաղափարական և արժեքային համակարգի բացակայության մասին:

Արա Աբրահամյանն ասաց, թե հարցն այն չէ, որ չկա գաղափարախոսություն: Ավելին, ըստ նրա, գաղափարախոսությունն այն է, որ այնտեղ քաղաքականություն կա, դա էլ հենց գաղափարախոսությունն է: «Ես հասկանում եմ, որ կան հարցեր, քաղաքական հարցեր, որոնց վերաբերյալ յուրաքանչյուր երկիր իր քաղաքականությունն է վարում: Օրինակ, այն, որ Ռուսաստանը սպառազինություն է մատակարարել Ադրբեջանին, ռուսաստանցի հայերը առաջիններից էին, որ բաց նամակ գրեցին նախագահին, որ չենք հասկանում դա, մենք ինքներս ենք ցանկանում հասկանալ՝ ինչի մասին է խոսքը և ինչու է այդպես, քանի որ այնտեղ կան ռուսական ռազմաբազաներ, ռուս սահմանապահներ: Ոչ միայն հայեր, շատ ռուսաստանցիներ չեն հասկանում, դա բիզնես չէ, այստեղ կան հարցեր, որոնք վարում է ՀՀ նախագահը Ռուսաստանի նախագահի հետ բարձր մակարդակով և կան համապատասխան պատասխաններ: Իհարկե, սա անցանկալի է:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, հավաքական անվտանգությանը, Լավրովը`ԱԳ նախարարը, Հայաստանում էր և հարցերից մեկը տարածաշրջանային ՀՕՊ համակարգն էր, դա ՀՀ անվտանգության երաշխիքն է ինչ-որ առումով: Կարծում եմ, որ անվտանգությունը կարևոր հարց է»,- նման վերլուծություն ներկայացրեց Արա Աբրահամյանը:

Նա քաղաքական հարցերից անցում կատարեց տնտեսական թեմաներին: Նրա կարծիքով` ԵՏՄ-ն ամբողջությամբ դեռ չի իրացրել իր հնարավորությունները, քանի որ կան շատ անհասկանալի հարցեր: «ՀՀ քաղաքացիներն ասում են` ինչո՞ւ պետք է հերթեր կանգնեն, որպեսզի մաքսային սահմանն անցնեն Վրաստան-Ռուսաստան սահմանով, ինչո՞ւ պետք է ՀՀ բեռնատարները 4-5 ժամով, ժամանակ առ ժամանակ օրերով կանգնեն: Ի դեպ, Հայաստանն ամենամտերիմ քաղաքական և կառավարական, տնտեսական գործընկերն է Ռուսաստանի: Կան հարցեր, որոնք տալիս են ՀՀ քաղաքացիները:

Պետք է այդ անցակետի հարցը լուծվի հատկապես, որ մենք մաքսային միության կազմում ենք, այդ մաքսակետերը պետք է Ռուսաստանի ներսում լինեն: Հայաստանի համար հատուկ պայմաններ պետք է լինեն, հատկապես որ առանց այն էլ լավ չէ տնտեսական վիճակը, քաղաքացիները պետք է կարողանան իրենց արտադրանքը հասցնել այստեղ: Այսօր մեզ շատ հարցեր են կապում: Ամեն տարի մարդիկ Ռուսաստանից Հայաստան մի քանի միլիարդ դոլար են ուղարկում, այդ թիվը փոխվել է, փոքրացել է, հաճախ մարդիկ խառնում են և ասում, թե ԵՏՄ-ով է պայմանավորված, գինը արտադրանքի իջել է:

Եթե կոնյակը պայմանականորեն ասած վաճառվում էր 1000 ռուբլով, ապա այսօր ինքնարժեքը դուրս չի գալիս նույնիսկ և այդ ամենը աշխարհաքաղաքական զարգացումներով է պայմանավորված»,- ասաց Աբրահամյանը` շարունակելով, որ պետք է պարզ հարցերին պատասխան տալ, քան որ մարդիկ ցանկանում են օրինակներ տեսնել` ինչպես անել, ինչպես լուծել հարցերը: Նրա համոզմամբ`անհրաժեշտ է լիարժեք երկխոսություն:

«Մենք չենք ասում, որ Հայաստանն այլ գործընկերներ չպետք է ունենա, ընհակառակը՝ Հայաստանը պետք է ընկերություն անի շատերի հետ, կան առավելություններ, որոնք Հայաստանը պետք է օգտագործի, օրինակ, Պուտինն ասում է այդ մասին: Տարբեր տնտեսական հարցերը լուծելու տարբեր եղանակներ կան: Եթե Հայաստանի միջոցով կարող ենք դեպի Եվրոպա վաճառել արտադրանք առանց ակցիզների, ապա՝ ինչո՞ւ ոչ Հայաստանի միջոցով կամ ինչո՞ւ չաշխատել ԲՐԻՔՍ երկրների հետ»,- նման առաջարկներով հանդես եկավ Արա Աբրահամյանը:

Տեսանյութեր

Լրահոս