«Նույնիսկ խավիարային դիվանագիտության ներթափանցման պայմաններում ԵԽԽՎ-ն Արցախն Ադրբեջանի մաս չի տեսնում». Դավիթ Բաբայան

«Զեկույցը ԵԽԽՎ-ում ընդուման դեպքում նույնիսկ ունենալու է պարզապես խորհրդատվական նշանակություն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի կողմից ԵԽԽՎ օրակարգ ներառված բանաձևին, որը վերնագրված է «ԵԽԽՎ հանձնաժողովը կոչ է անում Հայաստանին հեռացնել Լեռնային Ղարաբաղի շուրջ Մինսկի խմբի բանակցային գործընթացից»:

Հիշեցնենք, որ երեկ Փարիզում տեղի ունեցած ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստի ժամանակ ընդունվել է բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» հակահայկական զեկույցը: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությանը որևէ կերպ չի հաջողվել տապալել խայտառակ անվանումով սույն փաստաթղթի ընդունումը: Ավելին, ըստ հայաստանյան մամուլում շրջանառվող տեղեկությունների, վերջին պահին ադրբեջանական պատվիրակությանը հաջողվել է ավելի խիստ ձևակերպումներ մտցնել փաստաթղթում:

Դավիթ Բաբայանը ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի կողմից խիստ հակահայկական այս զեկույցի ներառումը ԵԽԽՎ հունվարյան նիստի օրակարգ՝ չի համարում ԵԽԽՎ հայկական պատվիրակության տապալում: Ավելին՝ նա կարծում է, որ հայկական պատվիրակությունն արել է հնարավորը, որպեսզի այդ զեկույցը չընդունվի: Ըստ նրա, խնդիրը հայկական պատվիրակության արդյունավետ աշխատանքի կամ նրանց թերացումների մեջ չէ, խնդիրը նրանում է, որ ադրբեջանական կոռումպացված կառավարման համակարգը ներթափանցել է ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողով ևս և այստեղ հայկական պատվիրակությունը որքան էլ որ ջանքեր ներդնի, որքան էլ որ ճկունություն ցուցաբերի, չի կարող որևէ բան փոխել, քանի որ պատգամավորների մեծ մասն, ըստ երևույթին, կաշառվել է: Սա, նրա որակմամբ, արդեն ոչ թե Հայաստանի, Արցախի կամ նույնիսկ Ադրբեջանի, այլ եվրոպական կառույցների խնդիրն է:

«Մենք տեսնում ենք, որ հեղինակավոր եվրոպական կառույցները կամաց-կամաց լոբբիստական աշխատանքի հետևանքով, կաշառակերության միջոցով, խավիարային դիվանագիտությամբ, դառնում են խավիարաթաթախ կազմակերպություններ, ինչը լավ չէ ժողովրդավարական ինստիտուտների, հետևաբար նաև ժողովրդավարության համար»,- նկատեց Բաբայանը:

Հարցին, թե չի՞ կարծում, որ կաշառակերության դեմ հայկական պատվիրակությունը կարող է պայքարել ճկունությամբ, դիվանագիտական խողովակներով և գործիքներով, պատասխանեց, որ պետք է շարունակել պայքարել, քանի որ նույնիսկ սա վերջնական որոշում չէ, պարզապես զեկույցն ընդգրկվել է ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգ: ԼՂՀ նախագահի խոսնակը հույս ունի, որ, այնուամենայնիվ, ԵԽԽՎ-ն չի ընդունի այդ զեկույցը, քանի որ զեկույցը թերի է, զեկույցը պատրաստողը չի այցելել Արցախ, որովհետև չի փոխել և զեկույցի վերնագիրը, և բովանդակությունը, հետևաբար՝ նման պայմաններում կազմված զեկույցը չի կարող լինել համապարփակ: Բացի դրանից, ըստ Դ. Բաբայանի, հույս կա, որ ԵԽԽՎ-ն կունենա իմունային համակարգ, որպեսզի պայքարի կոռուպմացված միտումների դեմ:

«Ընդհանրապես լոբբիզմի ինստիտուտն ինքնին ժողովրդավարությանը բնորոշ գծերից է, բայց լոբբիզմն ու կոռուպցիան տարբեր երևույթներ են: Լոբբիզմը պետք է ստեղծի հավասար հնարավորություններ բոլոր շահագրգիռ մարմինների, կողմերի համար իրենց տեսակետն այս կամ այն ատյանում ներկայացնելու հարցում: Սակայն այն, ինչ տեղի է ունեցել ԵԽԽՎ-ում, կոռուպցիա է, որևէ այլ կերպ հնարավոր չէ տեղի ունեցածը մեկնաբանել:

Ուստի հույս ունենք, որ ԵԽԽՎ-ն իր մեջ ուժ կգտնի, որպեսզի պայքարի այսպիսի երևույթների դեմ, որովհետև եթե այդ ուժը չգտնի, արդեն իսկ մեծ հարված կլինի ժողովրդավարությանը: Ինչպե՞ս պետք է այս հեղինակավոր կազմակերպությունը այսուհետ ևս դիմի միջազգային տարբեր կառույցներին կամ պետություններին կոչով ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները: Դա հնարավոր չի լինի, ուստի մենք տեսնում ենք այստեղ ավելի մեծ վտանգ, քան լոկ Ադրբեջան-Արցախ հակամարտության մակարդակի վրա գտնվող հարցերն են»,- նման մտահոգություն հայտնեց Դավիթ Բաբայանը:

Խոսելով զեկույցի հնարավոր հետևանքների մասին՝ նա ասաց, որ Ուոլթերը և մնացած պատգամավորները, հնարավորություն չունենալով վերընտրվել, իրենց համար թոշակառուի կարգավիճակ են կարողացել ապահովել, քանի որ նման զեկույցի պատրաստման համար ստացել են համապատասխան «թոշակ», բայց անձնական կարիքները և հանրային շահը գերադասելու վտանգ կա այստեղ: Բաբայանի խոսքով` եթե նրանք պարզապես իրենց ապագան են փորձում բարելավել, որպեսզի իրենց տարեց կարգավիճակը մեղմվի, հասկանալի է, սակայն մյուս կողմից խնդիրը խորն է, քանի որ կոռուպցիան ներթափանցում է կարևորագույն ինստիտուտներ:

«Եթե նույնիսկ այս զեկույցն ընդունվի ԵԽԽՎ-ում, ունենալու է միայն խորհրդատվական նշանակություն: Բացի դրանից՝ ԵԽԽՎ-ն որևէ լիազորություն կամ մանդատ չունի, որպեսզի միջամտի կամ ինչ-որ ձևով մասնակից լինի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այսինքն` նույնիսկ իրավական առումով այն ունենալու է լոկ խորհրդատվական կամ աննշան ազդեցություն: Այն թաղվելու է արխիվային փոշու մեջ: Պարզապես խնդիրն այն է, որ մենք ցավոտ ենք այս զեկույցին արձագանքում, քանի որ տեսնում ենք, որ ժողովրդավարությանը հարված է հասցվել, իսկ ժողովրդավարությունը մեզ համար կարևորագույն արժեք է ի տարբերություն Ադրբեջանի»,- նշեց ԼՂՀ նախագահի խոսնակը:

Դավիթ Բաբայանը խոսեց մեկ այլ կարևոր հանգամանքի մասին ևս: Ըստ նրա` եթե նույնիսկ ընդհանուր առմամբ զեկույցը բացասական է կամ հակահայկական, դրանում ներառված են որոշ ձևակերպումներ, որոնք ցույց են տալիս, որ նույնիսկ այսպիսի կաշառակերության ներթափանցման ներքո այնուամենայնիվ Եվրոպան չի տեսնում Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, որովհետև այդ զեկույցում նշված է, որ Արցախը պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ:

«Ճիշտ է՝ սա մեզ համար ընդունելի չէ, սակայն, ընդհանուր առմամբ, սա ցույց է տալիս, որ Եվրոպան Արցախը Ադրբեջանի մաս չի տեսնում: Սա նույնպես մի երևույթ է, որը ցույց է տալիս թե ինչպիսին կարող է լինել Եվրոպայի մոտեցումը: Այլ հարց է, որ մեզ համար կարգավիճակը ինքնին վերջնանպատակ չէ, քանի որ կարգավիճակը հատկապես ներկայումս չի կարող լինել ազգի, ժողովրդի գոյատևման գրավական, քանի որ դրա հետ մեկտեղ պետք է լինեն անվտանգության համակարգեր և երաշխիքներ: Սակայն այն, որ արդեն իսկ այս իրավիճակում Եվրոպան չի տեսնում Արցախը, որպես Ադրբեջանի մաս, խորհրդանշական է և վառ տեսանելի նույնիսկ միակողմանի զեկույցում»,- ասաց Դավիթ Բաբայանը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս