«Ես երևի էս քաղաքի ամենաաղքատ լուսանկարիչն եմ, բայց ես չեմ կարող չնկարել». Գերման Ավագյան
Նոյեմբերի 10-ին, ժամը 18:00-ին «Նավավար» ձկնալի ըմպելարանում տեղի կունենա վավերագրող լուսանկարիչ Գերման Ավագյանի «Տեսողական պոեզիայի» book signing-ը: «Այստեղ ասում են՝ գրքի շնորհանդես, բայց ես այդ բառը չեմ սիրում»,- 168.am-ի հետ զրույցում նոր գիրք-ալբոմի մասին պատմում է հեղինակը: Սա մի աշխատանք է, որտեղ լուսանկարիչը մեկտեղել է իր պոետ ընկերների լուսանկարները՝ համադրել այդ լուսանկարները հեղինակների ձեռագրով մակագրած պոեզիայի հատվածներով: Թեև սա արվեստում լուսանկար-տեքստ համադրության առաջին կիրառությունը չէ, բայցևայնպես, հեղինակին հաջողվել է բոլորովին նորարար մոտեցմամբ լուծել մի խնդիր, որն իրականում ավելին է, քան պատկերի և տեքստի համադրումը:
– Գերման, ինչո՞ւ հենց պոետներին ընտրեցիր գաղափարի իրականացման համար:
– Ոուսերեն ասեմ, եթե կարելի է՝ «Потому что поэзия, это концентрированный сгусток языка»:
– Իսկ լուսանկարչի համար լեզուն այդքան կարևո՞ր է:
– Իհարկե, լուսանկարիչներն էլ իրենց լեզուն ունեն՝ վիզուալ լեզու: «Գարուն» ամսագրում աշխատելու տարիներին ես հայերեն խոսել չգիտեի: Գիտե՞ս ոնց էի կոմպլեքսավորվում… Ես մարդկանց նկարում էի՝ առանց նրանց հետ խոսելու:
– Իսկ պարտադի՞ր է, որ լուսանկարիչը մարդկանց հետ խոսի նկարելիս:
– Պարտադիր է, որ նախ և առաջ՝ լսի, այսինքն՝ հարցեր տա ու լսի նկարվողին: Ինքը՝ լուսանկարը, առանց բառերի ու առանց պատմության՝ քեզ հետաքրքի՞ր է:
– Սա առաջի՞ն փորձն է, երբ լուսանկարը համադրվումն է բառերի հետ:
– Նկարը բառերի հետ շատ են համադրել, բայց կոնկրետ այս դեպքում խոսք է գնում ոչ թե՝ պարզապես բառերի, այլ՝ պոեզիայի մասին, երբ ինքը՝ պոետը, իր ձեռքով նկարի վրա իր բանաստեղծությունն է գրում: Ես պոեզիայի սահմաններից դուրս չեմ եկել, սա տեսողական պոեզիա է, ինչպես և գրքի վերնագիրն է, որն իմ հնարած տերմինն է: Դու մինչև այսօր լսե՞լ ես տեսողական պոեզիա բառակապակցությունը:
– Ոչ… չեմ լսել…
– Բա, իհա՛րկե: Գիրքն էլ այդ տերմինի, այսպես ասած՝ բացահայտումն է:
– Գերման, կարծեմ դու շատ երկար ժամանակ ես, չէ՞, մտածել այս գաղափարի զարգացման վրա:
– Հա, շա՜տ վաղուց: Դեռ «Գարունում» աշխատելու տարիներից է սկսվել, ուղղակի էդ ժամանակ ես դեռ չէի պատկերացնում, թե ոնց եմ իրականացնելու մտահղացումս: Երկար տարիներ փնտրում էի պոեզիան և լուսանկարը միասին ու, ամենակարևորը՝ հավասար ներկայացնելու ձևը, բայց ոնց անում էի, արդյունքում ստացվում էր այնպես, որ լուսանկարը ծառայում էր պոեզիային, այսինքն՝ իլյուստրացիա էր դառնում պոեզիայի համար, որը ես ընդհանրապես չէի ուզում, դա չէր իմ նպատակը: Ես ձգտում էի հասնել նրան, որ արվեստի այս երկու տեսակներն իրենց ֆունկցիայով հավասար լինեին:
– Դու կարծում ես, որ պոետի դեմքը, նրա վիզուալ պատկերն այդքան կարևո՞ր է ընթերցողի համար:
– Պոետը, իր դեմքն ու իր ստեղծած պոեզիան իրարից անբաժան բաներ են, հասկանո՞ւմ ես: Ես չեմ խոսում բնավորության մասին, դա ուրիշ բան է, այլ շեշտում եմ՝ հատկապես նրա դեմքը: Այս շարքի բոլոր լուսանկարները մի ընդհանրություն ունեն՝ դրանք անխտիր բոլորն արտահայտում են պատկերվողի իրական կերպարը՝ անկեղծության պահը, ինչպես ասում են: Ես այդպես եմ նրանց պատկերացնում, տեսնում: Որքան էլ, օրինակ, Մարինե Պետրոսյանն ասում է, որ ինքը սիրում է, երբ իրեն աննկատ են լուսանկարում, երբ ինքը չի նկատում ֆոտոխցիկը, միևնույն է՝ ես ասում եմ նրան՝ դու պետք է կանգնես ու նայես ուղիղ օբյեկտիվին, Մարինե՛: Դա նման է գեղանկարչությանը: Գիտե՞ս, լուսանկարվելու ընթացքում իրենք ուզում են իրենց ցույց տան՝ լավ իմաստով, իհարկե, մանավանդ աղջիկները, բայց ես, ի վերջո, անում եմ այնպես, ինչպես ինքս եմ իրենց տեսնում ու պատկերացնում, և ոչ երբեք՝ այնպես, ինչպես իրենք են ուզում իրենց տեսնել:
– Հետաքրքիր տեսություն է՝ պոետի վիզուալ տեսքի ներկայացումն ընթերցողին…
– Բրոդսկին այդ մասին շատ հետաքրքիր աշխատություն ունի, թե ի՞նչ նշանակություն ունի պոետի դեմքն ընթերցողի համար: Հատկապես, երբ ընթերցողին դուր է գալիս կարդացած պոեզիան, նրա մոտ ցանկություն է առաջանում վիզուալ տեսնել այն մարդու դեմքը, ով այդ պոեզիայի հեղինակն է: Նրա փնտրտուքները կանգ են առնում հեղինակին գտնելու ցանկության վրա: Պոետի դեմքն ինքնին արտահայտումն է այն գաղափարների, որոնք նա տարածում է իր ստեղծած պոեզիայի միջոցով, և որն այդքան դուր է գալիս ընթերցողին: Ի վերջո, ընթերցողն ուզում է տեսնել հեղինակին, ու ես նրանց ցույց եմ տալիս:
– Ինչպե՞ս ես ընտրել գրքի մասնակիցներին:
– Ում գիտեի՝ նրանց եմ ընտրել: Իմ սերնդի պոետներն են: Միայն երկուսն են ջահել՝ Կարեն Անտաշյանն ու Հասմիկ Սիմոնյանը: Նրանց հետ վերջերս եմ ծանոթացել՝ նախագծի ընթացքում:
– Կարծեմ մնացած բոլորը քո երկար տարիների ընկերներն են, չէ՞:
– Թշնամիներ չկան, ամեն դեպքում: Մի պոետի էլ պետք է նկարեի, բայց չստացվեց, որովհետև ինքը հիմա ապրում և աշխատում է Ֆրանսիայում՝ Վահագն Աթաբեկյանը: Ափսոս, չհաջողացրի…
– Պոեզիայի հատվածները, որ ընտրված են պոետների լուսանկարների համար հատուկ այդ նպատակո՞վ են գրվել:
– Ոչ: Այդտեղ կան տարբեր տարիներին գրված բանաստեղծություններ՝ ընդհուպ մինչև 80-ականներին գրվածները: Ես իրենց ցույց եմ տվել լուսանկարներն ու խնդրել եմ, որ վրան ձեռագրով գրեն այն, ինչ ուզում են: Միայն Տիգրան Պասկևիչյանին եմ խնդրել հատուկ ինչ-որ բան գրի: Մնացածին իրենց լուսանկարի հետ թողել եմ հենց այս սենյակում ու դուրս եմ եկել:
– Իսկ ինչո՞ւ Տիգրանին այդպես առանձնահատուկ…
– Կարդա ու կհասկանաս…
– Կարդամ…
Էսօր Գերմանն ինձ նկարեց
ու ես դարձա ՆԿԱՐ:
Երեկ անհոգի էի, ազատ,
էսօր դարձա Նկար:
Լույսը լույսով ճառագեց,
ըստվերն ամոթից մեռավ.
Գերմանին ի՞նչ, չըխկ-չըրխկացրեց,
որ ես դառնամ ՆԿԱՐ:
Հիմի ո՞ւր եմ, Աստված գիտի,
Ի՞նչ եմ ինձնից բացի,
Եթե ՆԿԱՐՆ ինձ հանդիպի,
Վայ թե չըճանաչի:
– Հա… հասկացա, որովհետև Տիգրանի տեքստում քո մասին է գրված… (ժպտում ենք):
– Այո՜… Նրանք իմ մասին են գրել, և ես իմ պարտքն եմ վերադարձրել պոետներին …
– Դրա համա՞ր ես Տիգրանի լուսանկարը դարձրել գրքի շապիկ:
– Այո´: Դու գրեիր այս բանաստեղծությունը՝ քոնը կդարձնեի շապիկ… Իսկ հիմա Շեկոյանինը կարդա:
– Կարդամ …
Կմնամ այստեղ, զի չունեմ վիզա:
Ինձ ճանաչում են Գերմանն ու Լիզան….
– Այստեղ էլ դու կաս …(ժպտում ենք):
– Չգիտեի՞ր, որ ես արդեն հայ գրականության մեջ մտած դեմք եմ:
– Գիտեի, գիտեի…. Լավ, իսկ ինչպե՞ս ես ընտրել՝ ո՞ւմ՝ որտեղ ես նկարելու, թե՞ տարբերություն չկար, որտեղ գտել՝ նկարել ես:
– Չէ՜, ի՞նչ ես խոսում…Օրինակ, Հրաչ Սարուխանին նկարելու համար հասել ենք Կիրովական: Երևանում Հրաչը օրգանիկ չէր նայվում…
– Իսկ այս շարքում միայն Հրաչ Սարուխա՞նն էր, որ Երևանում օրգանիկ չէր նայվում, թե՞ էլի այդպիսի պոետներ կային:
– Արփի Ոսկանյանին նկարելու համար գնացի Ստեփանավան, հետո մի անգամ էլ նկարով գնացի, որ վրան գրի…
– Հենց լուսանկարի վրա ձեռագրով գրում էին, հա՞:
– Հա:
– Մնացած բոլորին Երևանում ես նկարել:
– Հա, օրինակ Տիգրանին հենց այստեղ, դրսում՝ կողքի պատի տակ եմ նկարել: Լավ հիշում եմ՝ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրը: Գնացինք Պանթեոն, եկանք, ու նկարեցի:
– Ե՞րբ ես նախատեսել գրքի շնորհանդեսը:
– Նոյեմբերի 10-ին, ժամը 18:00-ին «Նավավարում» book signing-ը կլինի: Այստեղ ասում են` շնորհանդես, բայց ես այդ բառը չեմ սիրում:
– Ի՞նչ արժի «Տեսողական պոեզիան»:
– 5000 դրամ: Լա՜վ … book signing-ի օրը 4500-ով կդնենք:
– Գերման, ո՞վ է Աշոտ Գասպարյանը:
– Իմ ընկերն է:
– Իսկ ինչո՞վ է ինքը իրականություն դարձրել քո երազանքը, հենց նոր նկատեցի՝ այդպես է գրված գրքի վերջում:
– Ուղղակի ինքը եկավ ցուցահանդեսին, տեսավ նկարներն ու ասեց, որ գիրքս պետք է տպի, ու այդպես էլ արեց:
– Թվային տեխնիկայո՞վ ես նկարել:
– Ո´չ իհարկե, բոլոր նկարները ժապավենով են արված: Ես վատ կզգայի՝ պոետին թվային տեխնիկայով արված լուսանկար դեմ տայի ու ասեի՝ վրան գրի: Հենց դրանով էլ այս նախագիծն օրիգինալ է՝ բոլոր լուսանկարները մի օրինակից են: Նույնը վերաբերում է նաև օգտագործված գրական հատվածներին:
– Բայց որքանո՞վ է հիմա ակտուալ կամ հարմար՝ լուսանկարել ժապավենով:
– Դե, հենց այդ է ամբողջ հարցը … Երևանում հիմա մի քանի հոգի ենք մնացել, որ ժապավենով կնկարի: Ուղղակի գաղափարն ինձ համար շատ լուրջ էր: Սա ես միայն ժապավենով էի անելու, ու այլ տարբերակ չէր էլ քննարկվում ինձ համար: Ես երևի էս քաղաքի ամենաաղքատ լուսանկարիչն եմ, բայց ես չեմ կարող չնկարել, նույնն էլ պոետներին է վերաբերում՝ նրանք չեն կարող չգրել:
– Տիգրան…
– Տիգրանն ո՞վ ա: Ես Գերմանն եմ..
– Վայ, կներես, Գերման, նայում եմ Տիգրանի լուսանկարին ու իրեն եմ դիմում…
– Չէ հա՜, ի՞նչ կներես, տեսնո՞ւմ ես ի՜նչ լավ նկար է, որ դու նայում ես նկարին ու իր հետ ես խոսում: Հենց այդպես էլ կգրես, որ Գերմանի դիմացը նստած՝ խոսում էիր Տիգրանի նկարի հետ… (ժպտում ենք):
– Կգրեմ, հենց այդպես էլ կգրեմ, Գերման ջան…