«Կան նախարարություններ, որոնք ունեն լիազորություններ, ու մյուս նախարարություններն այս խնդիրը թողնում են տվյալ նախարարության վրա»
Կանաչ էկոնոմիկա և կայուն զարգացման նպատակներ. ոլորտի հիմնախնդիրներն ու իրականացումը ՀՀ-ում այսօրվա ասուլիսին ներկայացրին Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն ու «Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ նախագահ, ՀՊՄՀ էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչ Կարինե Դանիելյանը:
Կարինե Դանիելյանը նշեց, որ այսօրվա աշխարհի նշանաբանն է՝ կանաչ էկոնոմիկա՝ հանուն կայուն զարգացման. «ՄԱԿ-ի մակարդակով մեծ անհանգստություն կա. աղետների ռիսկերը խիստ աճում են, ինչը մոլորակի պատասխանն է մարդկության գործունեությանը։ Ցավոք, մեզանում հանրությունը լավ տեղյակ չէ այդ գործընթացներին. 2000թ. մենք վերցրել էինք հազարամյակի նպատակների կատարման պարտավորություններ. աշխարհը հավաքվել էր Նյու Յորքում ու ամփոփում էր հազարամյակը, իսկ նոր հազարամյակի համար ընդունվեցին 8 նպատակներ, որոնցից միայն մեկն էր էկոլոգիական: Այս տարի ընդունվեց 17 նպատակ, որից 9-ը վերաբերում է էկոլոգիային, ինչը պատահական չէ. այսօրվա իրավիճակի անհրաժեշտության արդյունքն է»:
Կ. Դանիելյանն ընդգծեց, որ մշակել են Հայաստանի ռազմավարության հայեցակարգ այդ ուղղությամբ, իսկ հետո կառավարությունում ասել են՝ ուղարկեք նախ՝ նախարարություններին, հետո՝ մյուս գործընկերներին. «Հիմա աշխատում ենք նախարարությունների հետ, գալիս ենք կոնսենսուսի, բայց շատ մեծ դժվարությամբ: Միջսեկտորալ համագործակցությունը շատ թույլ է մեզ մոտ։ Բոլոր որոշումները համատեղ պետք է կայացվեն։ Ի սկզբանե պետք է էկոլոգը տնտեսագետի կողքին նստած լինի, ու բոլոր հարցերը համատեղ լուծվեն: Երբ առաջարկեցինք կանաչ էկոնոմիկա զարգացող ինստիտուտներին վարկային արտոնություններ տալ, մեզ ասացին, թե իշխանություններին մղում ենք կոռուպցիայի»:
Գագիկ Մակարյանը՝ շարունակելով Կարինե Դանիելյանի այս միտքը, ասաց, որ կան նախարարություններ, որոնք ունեն լիազորություններ, ու մյուս նախարարություններն այս խնդիրը թողնում են տվյալ նախարարության վրա. «Իրականում սա ներդաշնակ խնդիր է ու պետք է լինի պլատֆորմի սկզբունքով աշխատող, որտեղ ամեն մեկն իր դերակատարությունն ունի: Եթե այս հարցին ընդհանուր վերաբերվենք, ապա 4 նախարարություններ պետք է համագործակցեն, բայց այդ խնդիրը թողնում են մեկի վրա: Բիզնեսը պետք է կրթի իր աշխատողներին, բայց մեր խեղճ բիզնեսն ի վիճակի չէ այդքան հարցեր իր վրա վերցնելու։ ՄԱԿ-ը և միջազգային այլ կառույցներ խոսում են ձեռնարկությունների կանաչեցման մասին։ Մրցունակություն ապահովելու կարևոր ճանապարհը ռեսուրսախնայողությունն է։ Հայաստանում շատ քիչ ընկերություններ կան, որ հիմնված են կանաչ տնտեսության վրա։ Ձեռնտու է, որ գործատուի մոտ գան մարդիկ, որոնք պատկերացում ունեն կանաչ տնտեսության մասին»: