«Որևէ շարժառիթ չի եղել, որ իմ պաշտպանյալը սպաներ Հայկազ Բարսեղյանին»
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործն արդեն ուղարկվել է: Գործի վերաբերյալ զրուցել ենք մեղադրյալ Մովսես Ազարյանի պաշտպան Անահիտ Հովհաննիսյանի հետ
– Ինչպե՞ս եք գնահատում նախաքննության ընթացքը:
– Նախաքննության մարմնի կատարած աշխատանքը բացասական եմ գնահատում: Առաջին հերթին՝ ցավակցում եմ Հայկազ Բարսեղյանի ծնողներին, հարազատներին: Այն, ինչ կատարվել է, անհանդուրժելի է, և սպանություն կատարողները, իրական հանցագործները պետք է պատժվեն: Դա միանշանակ է: Այժմ գործը դատարանում է, և, Աստված մի արասցե, եթե դատարանը ստանձնի, այսպես ասած, նոտարի դեր, և առանց օբյեկտիվ, բազմակողմանի քննության` վավերացնի (հաստատի) նախաքննության մարմնի ենթադրյալ վարկածը, կդատապարտվի անմեղ մարդ:
Գիտեմ, իմ այս խոսքերը կառաջացնեն Հ. Բարսեղյանի ծնողների, հարազատների, ինչպես նաև հասարակության սրտացավ անդամների զայրույթը, բայց պետք չէ շտապել: Գործը դատարանում է, տա Աստված, դատարանում ամեն ինչ պարզվի: Մեղադրանքի կողմը, ունենալով ապացույցներ ձեռք բերելու անսահմանափակ հնարավորություններ և կրելով ապացուցման պարտականությունը, այդուամենայնիվ գործով բավարար ապացույցներ ձեռք չի բերել: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը նրա կողմից հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցությունն է:
Մինչդեռ գործի նյութերում իմ պաշտպանյալի վերաբերյալ ապացույցներ չկան, որ նա կարող էր կատարել այդ զազրելի արարքը: Ասեմ ավելին, պաշտպանյալս Հ. Բարսեղյանի հետ երբևէ կոնֆլիկտ չի ունեցել, երբևէ չի հայհոյել, չի ծեծել, չի նվաստացրել նրան: Ընդհակառակը, նրա մասին միշտ հարգանքով է խոսում: Այսինքն՝ որևէ շարժառիթ չի եղել, որ իմ պաշտպանյալը սպաներ Հ. Բարսեղյանին: Քննիչն իր վառ երևակայության արդյունքում գրված սցենարով խեղաթյուրել է փաստերը՝ վկաներին տալով ուղղորդող հարցեր: Մասնավորապես՝ քննիչը հարցնում է՝ այսինչ օրը, այսինչ անձինք, այս գործողությունները կատարելով` սպանել են Հ. Բարսեղյանին, ի՞նչ գիտեք այս մասին:
Իրավաբան պետք չէ լինել՝ հասկանալու համար, որ հարցն իր մեջ նաև պատասխան է ներառում: Պաշտպանյալիս հետ անհրաժեշտ առերեսումներ չեն կատարվել: Առերեսումները, որոնք կատարվել են քննիչի սենյակում, կատարվել են դատավարական նորմերի խախտմամբ: Քր. դատ. օր.-ի 206-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վկան հարցաքննվում է այլ վկաներից անջատ: Ընդ որում, քննիչը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի նույն գործով կանչված վկաները մինչև հարցաքննության ավարտը հաղորդակցություն չունենան միմյանց հետ, այսինքն՝ չխոսեն, չշփվեն:
Մեր կողմից միջնորդություն ներկայացվեց առերեսումը ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կատարելու վերաբերյալ, սակայն, ինչպես մի քանի այլ միջնորդություններ, այն ևս մերժվեց: Ի՞նչն է շատ վատ նախաքննության մարմնի աշխատաոճում, որը ես բացասական եմ գնահատում: Երբ ասում ես՝ ես այս միջնորդությունն եմ ներկայացնում կամ ներկայացնելու եմ, քննիչները սովորաբար ի սկզբանե արդեն իսկ կանխակալ կարծիք են հայտնում, որ, միևնույն է՝ կմերժեն: Այս գործում ինձ ամենից շատ զարմացրեց, նաև զայրացրեց, որ 408 ննջասենյակի կուրսանտները (ըստ գործի նյութերի՝ սպանությունը տեղի է ունեցել 408 ննջասենյակում), տեսնելով, որ սպանում են իրենց ընկերոջը, վերմակները քաշել են գլխներին, դեմքերը շուռ տվել և քնել, իբր թե, ըստ քննիչի՝ վախեցել, սարսափել են տղաներից: Ես զարմանում եմ՝ այդ կուրսանտները հայրենիքի պաշտպաններ են, չէ՞, որոնք թշնամու հարձակման ժամանակ պետք է գլուխները մտցնեն վերմակի տակ՝ ջհանդամ, թե թշնամին չի ոչնչացնի իրենց ընկերներին, հարազատներին: Այդպե՞ս է:
Իմ կարծիքով՝ դա դատապարտելի է: Ես չգիտեմ` ինչ քննություններ են անցկացնում, ինչպես են ընտրում Ռազմական ակադեմիա ընդունվողներին, բայց կարծում եմ, որ պետք է դիտարկել նաև հայրենասիրության ոգին: Այսինքն՝ այդպիսի հոգեբանություն ունեցող երիտասարդն այնտեղ չի կարող սովորել և դառնալ մեր վաղվա սպան, գեներալը, գնդապետը և այլն: Կուրսանտները վախեցել, սարսափել են ոչ թե՝ տղաներից, այլ՝ քննիչներից: Այդ է պատճառը, որ իրարամերժ ցուցմունքներ են տվել: Ժողովուրդը մի լավ խոսք ունի՝ սուտը 100 երես ունի, ճիշտը՝ 1: Վկաներից մեկը մինչև վերջ պնդում է, որ Մ. Ազարյանին չի տեսել 408 ննջասենյակում, չգիտես ինչու՝ քննիչի համար դա արժանահավատ չէ: 6-7 հոգի, բացի այդ վկայից, ևս չեն տալիս Մ. Ազարյանի՝ իմ պաշտպանյալի անունը, սակայն քննիչը չի կարևորում: Հակառակը՝ նոր մեղադրանք է առաջադրում, որպեսզի սևացնի, որպեսզի հավատընծա դարձնի ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքը:
Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է կատարվում. ամրացնելու համար մեղադրանք է առաջադրվել նաև 359-րդ հոդվածով, որ իբր իմ պաշտպանյալը ծեծել է, ուժ է գործադրել չորս կուրսանտների նկատմամբ: Երբ ուսումնասիրում ես գործի նյութերը, Ազարյանը զինծառայողների կողմից բնութագրվում է՝ որպես անտեղի կատակներ անող՝ երեխա են, պատանեկան, անցումային շրջան է, այսինքն՝ ծեծելու կամ այլ բռնի գործողություններ կատարելու համար Ազարյանն ընդհանրապես շարժառիթներ չի ունեցել, բայց չգիտես ինչու՝ նկարագրվել է ծեծի 4 դրվագ: Գործում ուշադրության է արժանի Ազարյանի կողմից կուրսանտներից մեկին (անունը չտամ, քանի դեռ դատարանում չենք) սթափեցնելու, ինքնասպանությունը կանխելու հրատապ գործողությունը, որը, ցավոք, քննիչի կողմից դիտարկվել է՝ որպես ինքնադատաստանի ակտ:
Այսինքն՝ ըստ քննիչի՝ Մ. Ազարյանը պետք է անտարբեր լիներ, մտածեր այն 6 կուրսանտների նման, նրան չմտահոգեր հանգամանքը՝ իր ընկերն ինքնասպան կլինի՞, թե՞ ոչ: Երբ Մ. Ազարյանը լսել է, որ այսինչ կուրսանտը ցանկանում է ինքնասպան լինել, նման մտքեր է արտահայտել, նա անհանգստացել է, այլևս միջոցների ընտրություն չի կարողացել անել: Այսինքն՝ գնալ, վերադաս սպայական կազմին ասել (մի պահ մոտեցել է սպայական անձնակազմի դռանը, ներսում մարդ չի եղել այդ պահին), մտածելով, որ ուշ կլինի, միանգամից մոտեցել է տվյալ կուրսանտին, զայրացել, թե՝ ինչո՞ւ ես նման մտքեր արտահայտում, չտեսնեմ մյուս անգամ, և ընկերաբար մի հատ ապտակել է: Եվ այդ ապտակը ծեծ է որակվում, ինքնադատաստանի ակտ է որակվում:
Ի դեպ, ես հակառակն եմ ասում. այս քայլը պետք է որ քննիչին մտածելու տեղիք տար՝ կարո՞ղ էր արդյոք Ազարյանը, որ այդքան բուռն է արձագանքել իր ծառայակից ընկերոջ կյանքի համար, մյուս ընկերոջ սպանության մասնակից լինել: Եթե այս ընկերոջ՝ միայն ինքնասպան լինելու միտքն արդեն այդքան մտահոգել է նրան, և միջոցների մեջ ընտրություն չկատարելով՝ միանգամից մոտեցել է ու կարգի է հրավիրել, սթափեցրել է (ի դեպ, կուրսանտը ցուցմունք է տալիս, որ՝ հասկացա, որ սխալ եմ արել), որպես քաղաքացի՝ իմ կարծիքով, դրվատելի քայլ է: Այսինքն՝ կանխել է մյուս ընկերոջ՝ ինքնասպան լինելու քայլը, և կարո՞ղ էր այդ նույն կուրսանտը սպանել մյուս ընկերոջը:
Անհիմն է այն վարկածը, որ նախապես պատրաստված օղակ են ունեցել: Այնուհետև, չգիտես ինչու, եթե նախապես պատրաստված օղակ են ունեցել, որ տանեն կախեն, շարունակ վիճարկում են՝ ի՞նչ անեն՝ Հ. Բարսեղյանին գցե՞ն, չէ՝ կիմանան, սա անե՞ն: Բազմաթիվ հակասություններ կան: Այդ 6 կուրսանտները, Հայկազն էլ՝ հետները՝ 7, կարող էին, չէ՞, միասին (հերթապահ օրապահներն էլ կողքին էին) ընդամենը թեթև աղմուկ, մի հատ գոռային և հարձակվեին այդ տղաների վրա, որոնք իբր թե ուզում էին սպանել (երբ ասում եմ՝ սպանել, մեղավորները, պայմանականորեն եմ ասում), կարող էին, չէ՞, պատժել նրանց, կանխել, առավել ևս, որ իրենց նկարագրածով՝ նրանք շատ վայրագ ձևով չեն մտել, ենթադրյալ գործողությունների կատարումը շատ կամաց է եղել: Այսինքն՝ նրանք պարտակել են հանցագործությունը:
Այո, առկա է պարտակման փաստը, և բավականին ցայտուն, բայց նախաքննության մարմինը, չգիտես՝ ինչու, աչք է փակում դրա վրա: Երբ պաշտոնյաների կողմից հեռուստացույցով հայտարարվել է, որ մեղադրյալները պետք է պատժվեն, որպեսզի աշխատանք կատարող երևան, նախաքննության մարմինը անմիջապես վարկած է հորինել, որ իմ պաշտպանյալն էլ է գործողության առանցքում եղել: Իսկ եթե նրանք իրոք մանրամասն աշխատանք կատարեին, ինչը մտնում է իրենց պարտականությունների մեջ, անպայման ջրի երես կելնեին իսկական հանցագործները:
Ճիշտն ասած՝ առաջին օրը, երբ մասնակցեցի գործին, այն ինձ հիշեցրեց Մատաղիսի գործը: Գիտեք՝ ինչ չարչրկված փուլեր ապրեց այն՝ մի դատարանն արդարացրեց, մյուս դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց: Այդպիսի ծայրահեղություններ կարո՞ղ են լինել. այո, մեր իրավական համակարգը կայացած չէ, բայց այդքան արտառոց, միմյանց այդքան հակասող դատական ակտեր դժվար թե կայացվեին, եթե իսկական մանրազնին աշխատանք կատարվեր: Շատ բան կա ասելու, դատարանում ամեն ինչ կերևա, ամեն ինչ հավուր պատշաճի կքննարկվի, և տա Աստված, որ դատարանն արդար, անաչառ լինի, որպեսզի անմեղ մարդիկ չդատապարտվեն:
– Ձեր պաշտպանյալի մեղադրանքի հիմքում ի՞նչ ապացույցներ են դրվել:
– Նախաքննության մարմինը, ունենալով բավարար ապացույցներ ձեռք բերելու անսահմանափակ հնարավորություն, դա չի արել, այսինքն՝ երբ նայում ենք փորձագետների եզրակացությունները, չկա ոչինչ: Ես լրացուցիչ դատահոգեբանական փորձաքննության միջնորդություն եմ ներկայացրել, որը մերժվել է: Նշվում էր, թե Մ. Ազարյանի ձեռագիրն է, բայց դա ևս բացասական պատասխան է ստացել: Նախաքննության մարմինն ավելի շատ հենվել է իրարամերժ ցուցմունքների վրա, մինչդեռ հզոր ապացույցներ են նաև փորձաքննությունների եզրակացությունները. ոչ մի փորձաքննության եզրակացությամբ չկա, որ Մ. Ազարյանն այս, այս գործողություններին մասնակցելիս՝ այս այս հետքերը եղել են:
Զայրույթս դրան է միտված. նախաքննության ընթացքում երբ ցուցմունքների միջև էական հակասություններ են առաջանում, կատարվում են առերեսումներ: Իմ պաշտպանյալն ընդամենը երկու վկայի հետ է առերեսվել, որովհետև տեսել է, որ քննիչի սենյակում կատարված առերեսումը սուբյեկտիվ է, հրաժարվել է քննիչի սենյակում կատարվելիք առերեսումներից: Ես միջնորդություն ներկայացրի, որ առերեսումները կատարվեն «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, բայց միջնորդությունը մերժվեց:
Ինչո՞ւ մերժվեց, իմ պաշտպանյալը պատրաստ էր, գրել է՝ պատրաստակամ եմ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում առերեսման մասնակցել: Այսինքն՝ չի հրաժարվել, բայց առերեսումը չի կատարվել: Կանխակալ վերաբերմունքի պատճառով ես նույնիսկ բացարկ եմ հայտնել քննիչին:
– Զորանոցի պահարանում հայտնաբերվել է պատռված թղթի պատառիկ՝ «ոչ մեկ մեղավոր չի ու կապ չունի ուղակի հոգնել եմ ու անհետաքրքիրա քաշքշուկի համար կներեք» գրառմամբ: Ձեր պաշտպանյա՞լը չի գրել դա:
– Փորձագետի եզրակացության մեջ նշված է, որ նշված ձեռագիր գրառումները հավանաբար չեն կատարվել Մ. Ազարյանի կողմից, այլ կատարվել են մեկ այլ անձի կողմից:
– Դա վերագրում են Մ. Ազարյանի՞ն:
– Իրենք այդպես էին կարծում: Ցուցմունքներից մի քանիսում կա, որ երբ 408 սենյակում քննարկում են՝ ինչ անեն, նշում են նաև՝ ձեռագիրը կեղծենք: Մի քանի ցուցմունքներում կա, մյուսներում չկա, որ իբր Մ. Ազարյանն է կեղծողը: Բայց փորձագետը եզրակացություն է տալիս, որ Մովսես Ազարյանի ձեռագիրը չէ: Երբ մեղադրանքը հոգեվարք է ապրում, նախաքննության մարմինը աչքերը փակում է, խուլ և համր է ձևանում : Մի դրվագ կա, վկան 3 թերթ ցուցմունք է տալիս, և այդ 3 թերթում Մ. Ազարյանի անունը չկա:
Մեկ ուրիշ քննիչ (հիմնականում քննչական խմբի ղեկավարն է ամրացրել մեղադրանքը) է այդ օրը հարցաքննել, հարց է տվել՝ սենյակում լուսավորություն կա՞ր, թե՞ ոչ, որ տեսել եք այդ անձանց: Վկան ասում է՝ այո, լուսավորություն կար, թույլ էր: Հարցնում է՝ այդ դեպքում դուք կարո՞ղ էիք տեսնել՝ ովքեր էին, վկան պատասխանում է՝ ձայներից ճանաչեցի:
Տրամաբանենք՝ որպես շարքային քաղաքացի, եթե Մ. Ազարյանը չկա այնտեղ, բնականաբար, չի խոսել, բնականաբար, չէր կարող նաև նրա ձայնը լսել, ամբողջ 3 թերթում Մ. Ազարյանի անունը չկա, որովհետև քննչական խմբի ղեկավարը չի հարցաքննել: Եթե հարցաքններ, անպայման վերջում կհարցներ՝ հնարավո՞ր է, որ սենյակում եղած լիներ մեկ ուրիշ մարդ, որին դուք չնկատեիք, բնականաբար նա էլ վախից կպատասխաներ՝ հնարավոր է:
Նույն ձևով հարցաքննել է վկայի, որը մինչև վերջ պնդում է, որ Մ. Ազարյանն այնտեղ չի եղել, բայց քննիչը չի հանգստանում, վերջին հարցաքննության ժամանակ տալիս է իմ ասած այդ հերթապահ հարցը՝ հնարավո՞ր է, որ մարդ լիներ, որ դուք տեսած չլինեիք: Այդ խեղճ տղան էլ արդեն ասում է՝ հնարավոր է: Ի՞նչ ասի: Հենքը, ատաղձը, որ գործը սարքել են, շատ երերուն է: Միշտ ասում եմ՝ նախաքննության մարմինն առաջին քարը դնողն է: Եթե այդ քարը, ժողովրդի լեզվով ասած, խախուտ եղավ, բնականաբար, այդ շենքն ամուր չի լինի: Նախաքննության մարմինն այսպես է աշխատել՝ քարն այնտեղ է դրել, որտեղ իրեն հարմար է, և կառուցել է այդ փլվող շենքը:
Թող գտնեն մեղավորներին: Իմ պաշտպանյալի հայրը, մայրը Արցախյան պատերազմի մասնակիցներ են: Ես այսպիսի տրամաբանություն ունեմ. երեխայի դաստիարակելն «այս չի կարելի», «այն չի կարելին» չէ, ընտանիքի մոդելն իր մեջ ինտեգրելն է երեխայի դաստիարակությունը: Երեխան ինչ տեսնում էգ (քիչ բացառություններ են լինում), այն սովորում է: Երբ ես գնացի «Փոքր Մհեր» կրթահամալիր, նրանք ապշեցին, բոլորը, ում մոտեցա, ասում էին՝ ումից, ումից, Մովսեսից այդ կարգի բան չէինք պատկերացնում, այնքան խելոք տղա է, Քարվաճառից է, նույնիսկ, երբ արձակուրդն էինք տալիս, այդ երեխան չէր գնում: Այդ 5-6 ամսվա ընթացքում այս տղան դարձավ մարդասպա՞ն, այդ ի՞նչն այդպես կտրուկ փոխվեց, որ Մ.Ազարյանն այդքան ագրեսիվ դարձավ:
Դատահոգեբանական փորձաքննություն են արել, որը ես վիճարկում եմ, լրացուցիչ փորձաքննություն նշանակելու միջնորդություն եմ անելու դատարանում, այնտեղ ևս սկսել են ձևել այն ձևով, որը նախաքննության մարմնին ձեռնտու է: Հասարակ բան՝ տետրի մեջ եղել է նաև եկեղեցի, եկեղեցին փաստաթղթերի հետ միասին չեն ուղարկել: Այն որակումը, որ տվել են Մ. Ազարյանին, չի համապատասխանում իրականությանը: Բացի այդ՝ դատահոգեբանական փորձաքննությունը հիմնականում միտված է նրան, որ ներկայացնեն փորձաքննվողի անհատական հոգեբանական առանձնահատկությունները, ինչն արդյունավետ է անմիջապես փորձաքննվողի հետ աշխատելիս: Ես կողմ եմ, որ գործի նյութերով են անում, երբ հետմահու է կատարվում, բայց եթե մարդը կա, նրան թողած՝ թղթերո՞վ եք փորձաքննություն անում: Ինչո՞ւ:
Նշեմ նաև, որ Մ. Ազարյանը քնած է եղել, օրապահը ժամը 1:10-ին մոտեցել է մեկ այլ կուրսանտի արթնացնելու, տեսել է իմ պաշտպանյալին հեռախոսով երաժշտություն լսելիս, ցանկացել է անջատել, բայց Մ.Ազարյանը ասել է՝ մի քիչ հետո մտիր, երբ քնած կլինեմ, կանջատես, հեռախոսս կդնես բարձիս տակ:
Օրապահը դուրս է գալիս, դառնում է 1:20-1:25: Գնում, հեռախոսն անջատում է, դնում է Մովսեսի բարձի տակ: Քննիչի տրամաբանությամբ՝ կես ժամ անց պաշտպանյալս պետք է գնար, կատարեր այդ գործողությունը (ըստ գործի նյութերի՝ սպանությունը տեղի է ունեցել հունվարի 29-ին, ժամը 02:00-03:00-ի սահմաններում.- Օ.Հ.): Այդպիսի ծրագիր ունեցող մարդը չէր ասի՝ երբ ներս մտնես, հեռախոսս կանջատես, կդնես բարձի տակ: Մտավախություն կունենար, որ կարող է՝ օրապահը ներս մտներ և տեսներ, որ ինքը սենյակում չէ: Ընդհակառակը՝ կխուսափեր ասել՝ կգաս, հեռախոսս կանջատես: Շատ կարևոր դետալ է, որ ես նշել էի գործի վարույթը կարճելու և Մովսես Ազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդության մեջ:
– Քրեական գործով եզրակացություն կա, որով նաև Մ. Ազարյանի մոտ ալկոհոլ էր հայտնաբերվել:
– Իմ պաշտպանյալն ընդհանրապես չի խմում: Ծնունդն են նշել, հնարավոր է՝ մի կում դրել է բերանը, չի բացառվում: