Բաժիններ՝

Միասնական սոցիալական ծառայության պաշտոնատար անձը մեղադրվում է կաշառք ստանալու, խարդախության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Թալինի տարածքային կենտրոնի ավագ սոցիալական աշխատողը մի շարք անձանց օգտին ապօրինի գործողություններ կատարելու դիմաց նրանցից որպես կաշառք տարբեր չափերի գումարներ է ստացել: Այս մասին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված պաշտոնատար անձը ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված՝ ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունենալու և ընտանեկան նպաստ ստանալու վերաբերյալ արձանագրություններում մի շարք անձանց բնակության վայրի, կոմունալ-կենցաղային պայմանների մասին կեղծ տեղեկություններ ներառելով, դիտավորությամբ իրականությունը խեղաթյուրելու եղանակով վերջիններիս դարձրել է ընտանեկան նպաստի շահառուներ, որի դիմաց նրանցից որպես կաշառք տարբեր չափերի գումարներ է ստացել:

Կաշառք ստանալու, խարդախության և պաշտոնեական կեղծիք կատարելու համար Թալինի տարածքային կենտրոնի ավագ սոցիալական աշխատողին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 435-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Վերջինս տվել է խոստովանական ցուցմունք և լիովին ընդունել իրեն ներկայացված մեղադրանքը: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքն ու 1.000.000 ՀՀ դրամի չափով գրավը:

Կաշառք տալու հետևանքով շահառուներին որպես նպաստ փոխանցված գումարներն ամբողջությամբ հատուցվել են նրանց կողմից: Կաշառք տված անձանց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է գործուն զղջալու հիմքով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս