«Վճիռը սառեցնող ազդեցություն կարող է ունենալ հենց նաև Փերինչեքի վրա». Արա Ղազարյան
«Որքան էլ կարող է զարմանալի թվալ, այս վճիռը սառեցնող ազդեցություն կարող է ունենալ հենց նաև Փերինչեքի վրա, որովհետև դատարանն այս որոշման մեջ այնպիսի դիրքորոշումներ է հայտնել, որ Փերինչեքը հաջորդ անգամ ելույթ ունենալիս՝ պետք է ավելի շատ մտածի, քան բառեր արտասանի»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց իրավաբան Արա Ղազարյանը՝ անդրադառնալով «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռին:
«Ուստի, Փերինչեքը պետք է պահի այն նույն գիծը, նույն կերպ ելույթ ունենա, ինչպես Շվեյցարիայում, որտեղ շատ զգուշորեն նա ասում էր, որ դա միջազգային սուտ է, և շեշտը դնում էր ոչ թե նրա վրա, որ ցեղասպանություն չի եղել, այլ նրա վրա՝ հայերն օգտագործվում են միջազգային իմպերիալիստների կողմից: Այսինքն՝ ինքը միշտ պետք է այն գիծը տանի, որ ինքը քաղաքական գործիչ է և քաղաքական դեբատի մեջ է մտնում: Եթե նա այսուհետ բացահայտ կերպով փորձի հերքել ցեղասպանությունը, ապա, ըստ այս որոշման մեջ արտահայտված դիրքորոշումների՝ հայերը կարող են նրան պահանջ ներկայացնել»:
Հարցին, թե ինչ ազդեցությունհ կունենա այս վճիռը ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վրա այն երկրներում, որոնք արդեն ճանաչել են Ցեղասպանությունը, Արա Ղազարյանը պատասխանեց, որ դատարանը խնդրո առարկա չի համարել, որ կան օրենքներ, որոնք քրեականացնում են ցեղասպանության ժխտումը. «Խնդրո առարկա համարեց դրա կիրառման եղանակը, խստությունը, համաչափությունը չընդունելը, շատ կարևոր է, որ համարեց՝ անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակության մեջ կոնտեքստում: Մենք քրեականացրել ենք ցեղասպանությունը հերքելը՝ 3971 հոդված: Եվրոդատարանը չի կարող կասկածի տակ դնել, որ այդ օրենքն ինքնին անիրավաչափ է, որովհետև աներկբայորեն հաստատված է, որ դա հասարակական մեծ նշանակություն ունի հայերի համար: Շվեյցարիայում Եվրադատարանը կասկածի տակ դրեց, թե հասարակական մեծ նշանակություն ունե՞ր, թե՞ ոչ: Ինչևէ, այստեղ խնդրո առարկա հարցը համաչափության մեջ է՝ եթե քրեականացնում եք, ապա միգուցե անպայման չէ բանտարկություն, այլ տուգանք, և այլն, և այլն: Ես չեմ ուզում դրա մեջ խորանալ, բայց կրկնում եմ՝ Եվրադատարանը շեշտը դրեց, որ Շվեյցարիայի օրենքի կիրառության եղանակը համաչափ չէր, որովհետև դա անհամաչափորեն սահմանափակում էր անձի արտահայտվելու իրավունքը՝ պատմական փաստը հերքելու առումով: Եվ չկա մի անձ, ով ազատ խոսքի ջատագով է, այդ թվում՝ լրագրողները, որ այս իմաստով այս որոշումը չողջունի: Եթե մի բանում կարելի է չողջունել այս որոշումը, դա այն է, որ դատարանը չբացահայտեց Փերինչեքի իրական մոտիվներն այդ արտահայտությունն ասելիս, որի համար ես ցավում եմ»:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանն ասաց, որ Եվրոպական դատարանն այս վճռում քննարկել է Քրեական օրենսգրքի հարց. «Անդրադարձել է որոշակիության տեսանկյունից, և Քրեական օրենսգրքի որակի կամ որոշակիության խնդիր չի տեսել Եվրոպական դատարանը: Հատուկ քննարկում է և այդ հարցին տալիս պատասխան: Փոխարենը՝ հատուկ քննարկում է Թուրքիայի Քրեական օրենսգիրքը և տալիս է բացասական պատասխան, այսինքն՝ չի համապատասխանում որոշակիության սկզբունքին»:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասաց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական խնդիր է: Նրա խոսքով՝ ՄԻԵԴ այս վճիռը կարող է որպես հաղթաթուղթ օգտագործվել այլ երկրների կողմից՝ Հայոց ցեղասպանության ժխտումը չքրեականացնելու համար: