«Հայերը Եվրոպայում ստացան իրավունք, որը ֆիքսված է ՄԻԵԴ վճռով»

«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը կարևոր նշանակություն ունի, և Հայաստանի Հանրապետությունը գործով ներգրավված է որպես երրորդ կողմ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ասաց արդարադատության փոխնախարար, ՄԻԵԴ-ում ՀՀ լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ-ն Եվրոպական դատարանի առաւջ հիմնավորել էր այն հարցերի շրջանակը, որոնց պատրաստվում էր անդրադառնալ. «Եվ այդ հիմնավորումներով էր, որ Եվրոպական դատարանը բավարարեց Հայաստանի Հանրապետության՝ որպես երրորդ կողմ ներգրավվելու խնդրանքը, և դրա հիման վրա արդեն Եվրոպական դատարանը նախանշեց հստակ սահմաններ»: Արման Թաթոյանն ասաց, որ Հայաստանը որպես երրորդ կողմ ներգրավվել էր, քանի որ 2013թ. ՄԻԵԴ ստորին պալատի վճռում առկա էին ձևակերպումներ, որոնք ընդունելի չէին մեզ համար, քանի որ ուղիղ ձևակերպումներով կասկածի տակ էին առնում Հայոց ցեղասպանության հետ կապված պատմական հետազոությունները, ընկալումները:

«Ընդ որում, ստորին պալատը, մեր համոզմամբ՝ չարդարացված համեմաություններ անելով՝ Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության միջև, մասնավորապես դատական, իրավական, քաղաքական ճանաչման սկզբունքների միջև, բացասական հետևությունների էր հանգել»,- ասաց Արման Թաթոյանը՝ նշելով, որ արդեն ներգրավվելով որպես երրորդ կողմ՝ իրենք անդրադարձել են դրանց:

«Մասնավորապես՝ մեզ համար շատ խնդրահարույց էր պալատի վճռի այն ձևակերպումը, որն ասում էր, թե օբյեկտիվ ճշմարության կամ բացարձակ ճշմարտության հավակնող որևէ հետազոտություն այստեղ չկա»,- ասաց նա՝ նշելով, որ սրանց շուրջ ներկայացրել են իրենց դիրքորոշումները: Արման Թաթոյանի խոսքով՝ իրենք հայտարարել են, որ որպես երրորդ կողմ ՀՀ-ի պահանջները բավարարվել են. «Արդեն մեծ պալատի վճռում առկա էին ձևակերպումներ, որոնք մեզ համար այս իմաստով ընդունելի էին»:

Ըստ Արման Թաթոյանի՝ կարևոր նշանակություն ունի այն, որ Եվրոպական դատարանը հստակ վերպահում է անում, որ իրավասու չէ և չի էլ միջամտելու քննարկամը, թե ինչ է իրենից ներկայացնում ցեղասպանությունը՝ միջազգային իրավունքում դրան տրված բնորոշման տեսանկյունից: «Երբևէ չի եղել նման ձևակերպում, որ հայերն ունեն իրենց և իրենց նախնիների նկատմամբ հարգանքի իրավունք, ցեղասպանությունից տուժած զոհերի, նրանց ընտանիքների, նախնիների նկատմամբ հարգանքի իրավունք, և որ այդ ամենը ենթակա է պաշտպանության կոնվենցիայով և մասնավորապես 8-րդ հոդվածով»,- ասաց Արման Թաթոյանը:

Իրավաբան Արա Ղազարյանն ասաց, որ իր վճռով Մեծ պալատը մի բան է ասել, որը չէր ասել Ստորին պալատը՝ սահմանեց նոր իրավունք: Նրա խոսքով՝ Մեծ պալատն իր վճռում  նշել է, որ հայերը ունեն իրենց նախնիների արժանապատվությունը պաշտպանելու իրավունք, ցեղասպանության զոհերի և նրանց ժառանգների արժանապատվությունը պաշտպանելու իրավունք, այդ թվում՝ իրենց ազգային, էթնիկ ինքնությունը, ինքնատիպությունը պաշտպանելու իրավունք, որը ձևավորվել է այն մտայնությամբ, որ հայերը վերապրել են ցեղասպանություն: Նա նշեց, որ վճռում գնահատում է հենց այդ իրավունքը սահմանող կետերը, քանի որ հայերը Եվրոպայում ստացան իրավունք, որը ֆիքսված է ՄԻԵԴ վճռով:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասաց, որ ՄԻԵԴ վճիռների խորը մասնագետ չէ, սակայն այլ կարծիքի է. ըստ էության՝ Մեծ պալատը վճիռը թողեց նույնը՝ հօգուտ Փերինչեքի: «Սա հիմնական խնդիրն է այս գործում: Ամեն դեպքում ձևակերպման փոփոխություններ եղան, բայց որոշումըմնաց նույնը, այսինքն՝ Փերինչեքը հաղթեց»,- ասաց Ավետիք Իշխանյանը՝ նշելով, որ պետք է հաշվի առնելով, որ որքան էլ ՄԻԵԴ-ի մասին խոսենք որպես անաչառ ատյան, չի բացառում, որ նման դեպքերում դատարանը քաղաքական որոշումներ է կայացնում:

Նա կարծիք հայտնեց, որ սա քաղաքական որոշում է եղել, այն համատեքսում, որ Թուրքիան կարևոր գործընկեր է Եվրոպայի համար: «Իմ կարծիքով՝ չարժեր դա ներկայացնել որպես հաղթանակ»,- ասաց Ավետիք Իշխանյանը՝ նշելով, որ Դողու Փերինչեքը պատահական անձ չէր, որ պատահական հերքեր ցեղասպանությունը, նա ազգայնական գործիչ է, և Շվեյցարիա գնացել էր հատուկ հերքելու, արհամարհելու Հայոց ողբերգությունը. «Դատարանը դա հաշվի չառավ»:

Ավետիք Իշխանյանն ասաց, որ դատարանը մեղմացրել է ստորադաս ատյանի դիրքորոշումը. «Մեղմացրեց, բայց ըստ էության, որոշեց, որ կարելի է Հայոց ցեղասպանությունը ժխտել»:

Արձագանքելով Արա Ղազարյանն ասաց, որ հարցը պետք է ավելի լայն դիտարկել: Ըստ նրա՝ դեռ 2011թ. Մարդու իրավունքների կոմիտեն, որը տեսություն է մշակում, իր մեկնաբանության մեջ նշեց, որ չի կարելի անձին ենթարկել պատասխանատվության պատմական փաստը հերքելու համար: Իրավաբանի խոսքով՝ պալատը հղում է կատարել հենց սրա վրա. «Այսինքն՝ այսպիսի պայմաններում, երբ հայերի ցեղասպանությունը դեռ գլոբալ կերպով հաստատված չէև դեռ գլոբալ կոնցենսուս չկա, թե 1915թ. դեպքերը ցեղասպանություն են, թե ոչ, գրեթե անհնարին էր, որ եվրոպական դատարանը կասեր հակառակը, բացառությամբ մեկ դեպքում՝ եթե նա ուսումնասիրեր Փերինչեքի անձը և նրա աձբական դրդապաճառները, մոտիվը»:

Նրա խոսքով՝ Եվրոպական դատարանն ուշադրություն չի դարձրել, որ Փերինչեքը «Թալիաթ փաշա» կազմակերպության ղեկավարն էր, հենց Թուրքիայի դատարանի կողմից, ըստ նրա, հաստատվել էր, որ այն ստեղծվել էր հայոց ցեղասպանությունը հերքելու համար, որ Փերինչեքը ռասիստ է:

Արման Թաթոյանն էլ նշեց, թե ճիշտ չէ հարցը դիտարկել հաղթանակի տեսանկյունից, դա աղավաղում է երրորդ կողմի էությունը:

Տեսանյութեր

Լրահոս