Երբեմն երազներս իրականանում են. Ինչպե՞ս պետք է վերաբերվել դրանց
– Երբեմն երազներս իրականանում են: Ինչպե՞ս պետք է վերաբերվել դրանց:
– Երազներին մեծ նշանակություն պետք չէ տալ: Սակայն չի կարելի մերժել իսպառ դրանց գոյությունը: Գիտականորեն՝ երազները ինչ-որ ժամանակահատվածում գլխուղեղում կուտակված ինֆորմացիայի կամ ավելի ճիշտ՝ ոչ պետքական ինֆորմացիայի լիցքաթափումն են: Այսինքն՝ այն, ինչ պետք չէ ուղեղին, մարդու օրգանիզմից երազի տեսքով դուրս է գալիս:
Երազը տևում է շատ կարճ` մի քանի վայրկյան: Սակայն երբեմն երազի իմաստը հասկանալի է դառնում, երբ կատարվում է մի իրողություն, որը դառնում է երազի տրամաբանական շարունակությունը: Բացատրություն տալը բավականին դժվար է: Հոգևոր տեսանկյունից երազները երկու բնույթի են. երազ, որը չարից է, և երազ, որն աստվածային է: Աստվածաշունչ մատյանը բազում դեպքեր է նկարագրում, ուր Աստված մարդկանց հետ խոսել է երազի միջոցով, երազներով է երբեմն մարդուն տրվել մարգարեական տեղեկությունները: Սակայն այսօր, երբ կատարվում է աստվածաշնչյան խոսքը, թե չարը կարող է նաև լուսե հրեշտակի կերպարանքով երևալ, մի տեսակ դժվար է զանազանել՝ երազը բարուց է, թե՝ չարից: Այդ պատճառով մեծ նշանակություն չպետք է տալ երազներին: Պետք է շատ աղոթել Աստծուն, որպեսզի բացվեն հոգու աչքերը՝ տեսնելու և զանազանելու ճշմարտությունն ու սուտը:
Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան
qahana.am