«Առաջարկում են քվեարկել այն բանի օգտին, որ այսուհետ իրենց ոչ ոք չի հարցնելու՝ սահմանադրական փոփոխություններ անհրաժե՞շտ են, թե՞ ոչ»

«Այսուհետ սահմանադրության ոչ բոլոր նորմերն են գործելու անմիջականորեն: Աա նշանակում է պարզապես մի բան, որ Սահմանադրությունն այդ մասով կարող է վերածվել պարզապես հռչակագրի, եթե նորմերն անմիջականորեն չեն գործելու»,- այս մասին այսօր «Մարդու իրավունքները Սահմանադրության նոր նախագծում» թեմայով խորհրդաժողովի ընթացքում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը՝ ներկայացնելով իր մտահոգությունները. ի դեպ, փաստաբանն այն անվանեց ոչ թե՝ մտահոգություն, այլ՝ ֆոբիա: Նրա խոսքով՝ մարդկանց իրավունքները սահմանափակվում են նրանով, որ սահմանադրական փոփոխություններն ընդունելուց հետո մարդիկ այլևս մի շարք փոփոխությունների հետ կապված չեն լինելու. «Այսինքն՝ այսուհետ Սահմանադրությունը զգալի մասով կախված չի լինելու մարդկանց կամարտահայտությունից: Այսինքն՝ մարդկանց առաջարկում են քվեարկել այն բանի օգտին, որ այսուհետ իրենց ոչ ոք չի հարցնելու՝ սահմանադրական փոփոխություններ անհրաժե՞շտ են, թե՞ անհրաժեշտ չեն այս, այս, այս գլուխներում»:

Փաստաբանն ասաց, որ անմեղության կանխավարկածի երեք կոմպոնենտներից մեկն է թողնվել. հանված են այն կեմպոնենտները, որոնք սահմանում են, որ չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի, ոչ ոք պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը. «Ես ուղղակի տրամաբանությունը չեմ հասկանում»: Հայկ Ալումյանն ասաց, որ, եթե հիմա սահմանված է, որ օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործումն անթույլատրելի է, ապա ընդունվելուց հետո դա լինելու է խիստ վերապահումով:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ մի խումբ փաստաբաններ կազմել են կարծիք՝ ներկայացնելով նաև, թե մարդու իրավունքներին վերաբերող հատվածում ինչ վտանգներ կարող են սպառնալ, եթե «այո» ասենք առաջարկվող Սահմանադրությանը: Նա նշեց, որ Կարեն Անդրեասյանը որպես դրական զարգացում՝ ներկայացրեց այն, որ դատարանների նախագահների վերընտրվելու սահմանափակում է մտցվել. «Պարոն Անդրեասյան, ես կարող եմ Ձեզ ցույց տալ մի դատարան, որտեղ միշտ բնականոն ճանապարհով ռոտացիա է լինում, այսինքն՝ փոխվում են դատարանի նախագահները: Դրանից ոչ մի բան չի փոխվում այդ դատարաններում: Այսինքն՝ պատճառն այն չէ, որ ներսի դատավորները կատարում են դատարանի նախագահի հրամանը, որովհետև ինքն իրենց համար շեֆ է: Պատճառն այն է, որ այդ շեֆի միջոցով են հրահանգներն իջեցվում: Այսինքն՝ շեֆին փոփոխելով՝ բնության մեջ ոչինչ չի փոփոխվի»:

Տեսանյութեր

Լրահոս