Կարևոր է, որպեսզի մարդիկ հասկանան՝ ինչի՞ են հանգեցնելու սահմանադրական փոփոխություններն իրենց կյանքում. ԱՄՆ դեսպան

«Շատ կարևոր է, որպեսզի մարդիկ իրազեկ լինեն և հասկանան, պատկերացնեն, թե ինչ փոփոխությունների են հանգեցնելու առաջարկվող փոփոխություններն իրենց կյանքում»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը՝ խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին:

Նա նշեց, որ շատ կարևոր է, որ բոլոր կողմերի ձայնը լսելի լինի, բոլորն ունենան լրատվամիջոցներին օգտվելու հավասար հնարավորություններ, մասնավորապես հեռարձակվող լրատվամիջոցներից. «Եվ մենք դեսպանությունում կհետևենք՝ տեսնելու, թե ինչպես են այդ աշխատանքներն իրականացվում»:

Լրագրողի դիտարկմանը, որ ՄԱԿ-ում իր ելույթի ընթացքում ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման հայտարարել է, որ կան նախագահներ, որոնք սահմանադրություն փոփոխում են իրենց կառավարման ժամկետը երկարաձգելու համար և հարցին՝ արդյոք նա նկատի ունեցել է նաև Սերժ Սարգսյանին՝ նկատի ունենալով, որ Հայաստանում սահմանադրական բարեփոխումներ են իրականացվում, և ընդդիմությունը նույն մեղադրանքն է ներկայացնում ՀՀ նախագահին, դեսպանը պատասխանեց.

«Նախագահ Օբամայի մեկնաբանությունների վերաբերյալ Նյու-Յորքում ես չեմ կարող անդրադարձ կատարել, սակայն այստեղ կարևոր է, որպեսզի լինի բանավեճ, լինեն քննարկումներ, մարդիկ կարողանան իրենց որոշումը կայացնել և եթե որոշում են փոփոխություններ կատարել, ապա դա նրանց որոշումն է: Եվ ինչպես ես ասացի, մենք՝ որպես Հայաստանի բարեկամ, հետևելու ենք՝ տեսնելու արդյոք ապահովվում է բաց բանավեճ, արդյոք բոլոր կողմերը՝ այոն և ոչը ներկայացնող, հավասար կարողանում են իրենց դիրքորոշումները հայտնել»:

Հարցին՝ արդյոք ուսումնասիրե՞լ է նախագիծը և կան դրույթներ, որոնք իրեն չեն գոհացնում, նա պատասխանեց.

«Մասամբ ընթերցել եմ, այո, առաջարվող նախագիծը, սիկ դեսպանության իմ գործընկերները մանրամասնորեն ծանոթացել են փաստաթղթերին: Ես նաև առիթ եմ ունեցել ծանոթանալու առաջարկվող նախագծի վերաբերյալ տրված գնահաականներին Վենետիկյան հանձնաժողովի, հայաստանյան քաղաքացիական հասարակության տարբեր խմբերի կողմից: Սակայն ինձ համար՝ որպես Միացյալ Նահանգների կառավարության ներկայացուցչի, տեղին չէ որևէ գնահատական տալ նախագծի վերաբերյալ: Հայաստանի ժողովուրդն ինքը պետք է ծանոթանա նախագծին, մասնակցի բանավեճերին, քննարկումներին, հասկանան, թե ինչպիսի հետևանքներ կունենան փոփոխություններն իրենց կյանքում և իրազեկ որոշում կայացնեն»:

Տեսանյութեր

Լրահոս