Հայաստանում ներդրումների համար բարենպաստ պայմաններ կա՞ն

Մեր զրուցակիցն է հայ-պարսկական խորհրդատվական ընկերության բիզնեսի գծով տնօրեն, գործարար Շարոխ Դամիշվարը, ով արդեն 15 տարի աշխատում է հայ գործընկերների հետ:

– Պարոն Դամիշվար, ի՞նչ ակնկալիքներ ունեք Իրանի դեմ արևմտյան պատժամիջոցների վերացումից և Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումից:

– Պետք է կապերը շատանան՝ գործը բացվի: Եթե կապեր չհաստատվեն, մենք չենք կարողանա աշխատել և բիզնես զարգացնել: Պետք է հատուկ մշակած քաղաքականություն վարվի, որ գործարարները կարողանան շփումներ հաստատել: Եթե պաշտոնական, կառավարական մակարդակով կապերը չլինեն, չխորանան, փոքր ու մեծ բիզնեսմենները չեն կարողանա համագործակցել: Դրա համար շատ լավ է, որ պետությունների երկխոսությունն ավելանա, շատ լավ կլինի:

– Հայաստանում ներդրումների համար բարենպաստ պայմաններ կա՞ն:

Կարդացեք նաև

– Այո, Հայաստանը՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջնորդ, ունի շատ հզոր բիզնեսմեններ, կապեր համաշխարհային շուկայում, կարող է օգտակար լինել իրանցի գործարարների ու Առևտրի պալատի համար, կապ ստեղծել համաշխարհային բիզնեսի ետ: Այդ դեպքում և´ հայերի համար լավ կլինի, և´ պարսիկերի համար:

– Շատերն այստեղ բողոքում են, որ Հայաստանում ներդրումային միջավայրը բարենպաստ չէ, բիզնես անելու համար շատ դժվարություններ կան: Ձեր կարծիքով՝ ի՞նչ դժվարություններ կան:

– Այո, դժվարություններ կան, Իրանի և արտերկրի բիզնեսմենները դաշտին անծանոթ են ու դրա համար չեն կարող ներդրումներ անել: Դրա համար իրենք պետք է շատ խելացի խորհրդատու ունենան, որպեսզի կարողանան Հայաստանում բիզնես անել: Օրինակ՝ այլ երկրներում, եթե խորհրդատու չունենաս, կարող ես բիզնես անել, իսկ Հայաստանում՝ ոչ, անպայման պետք է մի խելացի խորհրդատու լինի: Այդ դեպքում Հայաստանում կարելի է ամեն ինչով զբաղվել: Օրինակ՝ գյուղատնտեսության համար շատ լավ պայմաններ ու շուկա կա, Իրանին մոտ սպանդանոց է կառուցվել, մոտ 3 մլն դոլար ներդրում է արվել, և իրանցիներն այստեղից միս են տանում Իրան: Իմ կարծիքով, եթե հարկային դաշտը շատ չճնշի գործարարներին, այստեղ կարող է ներդրողներն ավելանան:

– Իսկ ճնշումներ շա՞տ կան:

– Մեզ համար այդ դաշտը մի քիչ անծանոթ է: Այդ պատճառով մեզ համար շատ դժվար է: Իմ կարծիքով՝ պետք է դրսից եկած գործարարներին մի քիչ աջակցեն, փափուկ նայեն, արտոնություններ տան: Մենք դրսի ժողովուրդ ենք, եկել ենք առևտուր անելու, հարկայինի պահով մեր տղաները մի քիչ նեղվում են:

– Հարկե՞րն են շատ, թե՞ ստուգումներն ու վարչարարությունն է շատ:

– Ստուգումները շատ են, կարող է գան, մի քիչ թուլություն ունենանք հաշվապահությունում, ամեն ինչ շատ ճիշտ չլինի, և որպես արտասահմանցի՝ խնդրում ենք ձեր ղեկավարներին, որ աջակցեն՝ այդ սխալներն ուղղենք, ոչ թե անմիջապես տուգանքներ նշանակեն: Այդ տուգանքները մեզ վրա շատ ծանր են նստում, և շատերն այդ վախից չեն գալիս այստեղ:

– Նախկինում քննարկվում էր հայ-իրանական սահմանին ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին: Տեղյա՞կ եք դրանից, ի՞նչ եք մտածում այդ մասին:

– Մենք լսել ենք, Սյունիքի մարզպետն ասել է, որ պատրաստ է հող հատկացնել, բայց մինչև այսօր լուր չկա: Մեր կողմում՝ Իրանում «Արազ» ազատ առևտրի գոտի է ստեղծվել, գործում է և շատ լավ է գործում: Հիմա ձեր մոտ եթե ստեղծվի, ինչ պայմաններ կլինեն՝ չգիտեմ, իսկ մեզ մոտ գործարարները 20 տարի ազատված են ԱԱՀ-ից ու հողի հարկից: Այս կողմում ոչ մի շարժ մենք չենք տեսել:

– Իսկ հայ գործարարներ կա՞ն, աշխատո՞ւմ են «Արազում»:

– Հայերը հիմա նոր միայն սկսել են աշխատել, Վարդան Մարտումյանն Ավստրալիայից է եկել, պարոն Արշակյանը Հունգարիայից է եկել, ֆիրմա են բացել, աշխատում են: Արդեն քիչ-քիչ գալիս են, պետք է ծանոթացնենք մեր դաշտի հետ, ու կարողանան ներդրում անել ու բիզնես սկսել:

– Հայաստանը միակ երկիրը չէ Իրանի համար՝ ԵՏՄ շուկա դուրս գալու առումով: Ինչո՞ւ է Իրանը կարևորում ՀՀ-ի դերը:

– Մեր պետական տեսադաշտում ՀՀ-ն մեզ համար ավելի մտերիմ երկիր է: Դրա համար մենք ուզում ենք ավելի շատացնենք ու զարգացնենք մեր կապերը: ԵՏՄ-ն շատ գրավիչ է Իրանի համար: Պետք է ԱԱՀ-ի և մաքսատուրքերի հետ կապված արտոնություններ տրվեն իրանցիներին, եթե այդ որոշումները կայացվեն, այս կապերն ու շարժն ավելի կշատանա: Նաև Հայաստանով տրանզիտի գումարն է շատ, 150 հազար են վերցնում: Բայց ճանապարհն էլ վատն է, ո´չ այստեղ մի բան կարող են անել, ո´չ այնտեղ: Շատ դժվար է, բայց գնում-գալիս ենք:

Տեսանյութեր

Լրահոս