Ռուսական մասոնական օթյակի ղեկավարն ամռանը Լեռնային Ղարաբաղ «բացառապես անձնական բնույթի» այց է կատարել՝ այցի գնալով կնոջ պապիկի գերեզմանին
Ինչպես տեղեկացնում է Vesti.Az պորտալը, Ռուսաստանի Սոցիալական արդարության կուսակցության ղեկավար, ռուսական մասոնական օթյակի ղեկավար, ռուսական օթյակի մեծ մագիստրոս Անդրեյ Բոգդանովն այս տարվա հուլիսին այցելել է Լեռնային Ղարաբաղ:
Ադրբեջանական կայքը հղում է կատարում նրա Facebook-յան էջին, որտեղ քաղաքական գործիչը տեղադրել էր Լեռնային Ղարաբաղում արված լուսանկարներ:
Կայքը նշում է, որ մինչ այդ Բոգդանովը բազմիս այցելել է Ադրբեջան: Ռուսական մասոնական օթյակի ղեկավարը վերջին անգամ Ադրբեջանում է եղել այս տարվա հունիսին, որտեղ մասնակցել է մասոնական օթյակի հավաքի:
Պորտալի լրագրողի հետ հարցազրույցում վերջինս հայտնել է, որ չի իմացել, որ Լեռնային Ղարաբաղ այցելության համար պետք է ստանար Ադրբեջանի իշխանությունների համաձայնությունը:
«Ամեն ինչ հանկարծակի է ստացվել: Ես գնացել էի կնոջս պապիկի գերեզմանին այցի: Կինս ու նրա հայրը այնտեղ չէին եղել 1976 թվականից: Ես երկու ազատ օր ունեի ու որոշեցի գնալ»,- հայտնել է Բոգդանովը՝ հավելելով, որ եթե Ադրբեջանն իր արարքի մեջ տեսնում է օրենքի խախտում, ինքը կենթարկվի օրենքին:
«Իմ այցը կրում էր բացառապես անձնական բնույթ, առանց պաշտոնական հանդիպումների, առանց հայտարարությունների՝ բացի բնության նկատմամբ հիացմունքից: Ես շատ ընկերներ ունեմ Ադրբեջանում ու իհարկե, չէի ցանկանա կորցնել նրանց Բաքվում տեսնելու հնարավորությունը»,- ասել է նա:
Հարցին՝ արդյոք Լեռնային Ղարաբաղում տեսել է ռուս գործարար Գերման Ստերլիգովին, Բոգդանովը տվել է բացասական պատասխան, թեև խոստովանել է, որ Ղարաբաղում հանգրվանել էր հենց այն հյուրանոցում, որտեղ բնակվում էր Ստերլիգովը:
«Ես այդ մասին հետո իմացա թերթերից: Ես նրան չեմ տեսել իրականում»,- ասել է նա: Անդրեյ Բոգդանովը տեղեկացրել է նաև, որ Ղարաբաղում մասոնների հավաք տեղի չի ունեցել:
Լրագրողի հարցին՝ արդյոք պատրաստվում է ներողություն խնդրել Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղ իր այցի համար, նա պատասխանել է, թե «օրենքը խախտելու համար՝ այո»:
Հարցին՝ արդյոք մտադիր է նա նորից այցելել Ղարաբաղ, վերջինս պատասխանել է, թե կգնա, եթե «հայրենիքը հրամայի»: «Հայրենիքը կարող է հրամայել ինչ ասես, ազգային հետաքրքրությունների շրջանակում»,- ասել է նա:
Նշվում է, որ Բոգդանովն այսօր դիմել է Ադրբեջանի ԱԳՆ-ին՝ խնդրելով իրեն թույլ տալ մուտք գործել երկիր:
«Ես դիմում եմ Ադրբեջանի ԱԳՆ-ին, թեև գիտեմ, որ օրենքի չիմացությունը չի ազատում պատժի կրումից: Ես հուսով եմ, որ Ադրբեջանի իշխանությունները կհասկանան ինձ, ես գնացել իմ երեխաների պապիկի գերեզմանին այցի»,- ասել է Բոգդանովը:
Նրա խոսքով՝ ինքն ամեն տարվա հունիսին գնում է Ադրբեջան:
«Հաջորդ տարի ես չեմ ցանկանում հետ մնալ ավանդույթից, ես 8 տարի շարունակ գալիս եմ Ադրբեջան: Կարծում եմ՝ ինձ կհասկանան ու կներեն»,- ասել է Բոգդանովը:
Պորտալը հիշեցնում է, որ առանց Ադրբեջանի թույլտվության ԼՂ այցելածները հայտնվում են Ադրբեջանի «սև ցուցակում», որը ներկայում բաղկացած է 49 երկրի 501 մարդուց:
Նշվում է, որ ցանկը գլխավորում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների քաղաքացիները: Նրանց մեծ մասը բաժին է ընկնում Ռուսաստանին (133 մարդ), երկրորդ տեղում ԱՄՆ-ն է (41 մարդ), այնուհետ գալիս է Գերմանիան (38 մարդ):