Վարչապետը մասնակցել է Երևանի «Կապույտ» մզկիթի հիմնադրման 250-ամյակին նվիրված միջոցառմանը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի հետ այսօր մասնակցել է Երևանի «Կապույտ» մզկիթի հիմնադրման 250-ամյակին նվիրված միջոցառմանը:

Իր ելույթում կառավարության ղեկավարը նշել է, որ երկու ժողովուրդներին միավորում են հազարամյակների պատմությունը և սերտ մշակութային կապերը, որոնք գալիս են դարերի խորքից և դեռևս շարունակվելու են դարեր: «Մարդկության հնագույն բնօրրաններից մեկում ձևավորված և իրենց հարուստ պատմությունը կերտած հայ և իրանցի բարեկամ ժողովուրդներն աշխարհին են ավանդել բարձրարժեք մշակութային ժառանգություն՝ հավերժական արժեքներով հարստացնելով համաշխարհային գանձարանը՝ լինի դա գրականության, երաժշտարվեստի, թատերարվեստի, ճարտարապետության, թե այլ բնագավառներում:

Մշակութային ժառանգության, հիրավի, լավագույն օրինակ է երկուսուկես դար առաջ Երևանում կառուցված «Կապույտ» մզկիթը: Այս հիասքանչ կոթողը, իրապես, տարածաշրջանի մշակութային եզակի գոհարներից է, որով հիացել և իրենց ստեղծագործություններում անդրադարձել են մեր մեծերից Ռոմանոս Մելիքյանը, Ակսել Բակունցը, Գուրգեն Մահարին, Մկրտիչ Արմենը, ինչպես նաև մեծն Ֆիրդուսիի ծննդյան 1000-ամյակի առթիվ իրանական գրականության «մարգարիտ» «Շահնամե», «Ռոստամ և Զոհրապ» ստեղծագործությունների հայերեն թարգմանության հրատարակումը նախաձեռնող Եղիշե Չարենցը և շատ ու շատ այլ հայ երախտավորներ», – ասել է վարչապետը:

Mzkit6 Mzkit5 Mzkit2

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հայ և իրանցի ժողովուրդներին բնորոշ հանդուրժողականությամբ պայմանավորված՝ մշտապես առանձնակի ուշադրության կենտրոնում են գտնվել պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրները: «1990-ականներին սկսվեցին «Կապույտ» մզկիթի վերականգնման և վերանորոգման համատեղ աշխատանքները: Այժմ երկուստեք միջոցառումներ են ձեռնարկվում «Կապույտ» մզկիթը Հայաստանի Հանրապետության կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու համար: Միաժամանակ կցանկանայի իրանական կողմին շնորհակալություն հայտնել հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքների և այդ հարստության նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար, ինչի արդյունքում «Իրանի հայկական վանական համալիրները» անվանակարգով Սբ. Թադեոսի, Սբ. Ստեփանոս վանական համալիրներն այլևս ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Հարկ եմ համարում շեշտել, որ մենք բոլոր պատեհ առիթներով հիշատակում ենք իրանական փորձը՝ որպես իր տարածքում գտնվող պատմամշակութային ժառանգության պահպանման լավագույն օրինակ», – ասել է կառավարության ղեկավարը:

Ընդգծելով, որ ողջ պատմության ընթացքում հայ և իրանցի ժողովուրդները փոխադարձաբար հարստացրել են երկու երկրների մշակույթները՝ վարչապետը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է աջակցել երկու երկրների և ժողովուրդների պատմության, մշակույթի և ավանդույթների ճանաչողության բարձրացմանն ուղղված ցանկացած նախաձեռնության, և Երևանի «Կապույտ» մզկիթի հիմնադրման 250-ամյակին նվիրված միջոցառումը դրա ևս մեկ վառ վկայությունն է: Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ հոգևոր և մշակութային հրաշակերտ այս կոթողը կշարունակի մնալ որպես երկու ժողովուրդների մշակութային կապերի առհավատչյան և բարեկամության գրավական:

Mzkit3 Mzkit1 Mzkit4

Երևանի «Կապույտ» մզկիթը հիմնադրվել է 1764-1765 թվականներին: Իրանի Թավրիզ քաղաքի «Կապույտ» մզկիթին նմանվելու և նաև կապույտ սալիկներով պատած գմբեթի պատճառով մզկիթը կոչվել է Կապույտ: Այն արտացոլում է պատմության ընթացքում հայերի և իրանցիների խաղաղ համակեցությունը և հանդիսանում Հայաստանի ու Իրանի ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ:

«Կապույտ» մզկիթից ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է «Զվարթնոց» օդանավակայան: Իրանի իր գործընկերոջը ճանապարհել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Odanavakayan7 Odanavakayan8

Տեսանյութեր

Լրահոս